Եկեղեցական Օրացույց

40-րդ օր Հինանց շրջանի: Հիսուս Քրիստոսի Համբարձման տոն

2020 -05-21

Հիսուս Քրիստոսի երկինք համբարձման հիշատակության օրն է, որ Հայոց Եկեղեցին, իբրև Տերունի տոն, նշում է Քրիստոսի հարության 40-րդ օրը, 35 օրվա շարժունակությամբ՝ ապրիլի 30-ից մինչև հունիսի 3-ը հանդիպող հինգշաբթի։

Հարությունից հետո Քրիստոս 40 օր շարունակում է մնալ երկրի վրա և երևալ իր աշակերտներին։ Քառասուներորդ օրը Հիսուս վերջին անգամ երևում է իր առաքյալներին, օրհնում ու պատգամներ տալիս նրանց, որից հետո համբարձվում է երկինք։ Քրիստոսի համբարձման մասին վկայում են Մարկոս և Ղուկաս ավետարանիչները, վկայություններ կան նաև «Գործք առաքելոց»-ում։

«և ինքը Տէր Յիսուս, նրանց հետ խոսելուց յետոյ, դէպի երկինք վերացաւ և նստեց Հօր աջ կողմը» (Մարկ. 16։19)։

Քրիստոսի համբարձման տոնը հայ ժողովրդի ամենասիրած տոներից է, որն ուղեկցվում է նաև ժողովրդական հանդիսություններով։

Այս տոնին հիշատակվում է 1441 թվականին Ամենայն Հայոց Հայրապետական Աթոռի փոխադրությունը Սսից Էջմիածին: Պատմության թելադրանքով 484թ. ի վեր Հայաստանի տարբեր վայրերում հանգրվան գտած Հայրապետական Աթոռը 1441 թվականին Վաղարշապատի ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ վերահաստատվեց Լուսավորչահիմն Ս. Էջմիածնում։ Ի հիշատակություն պատմական այդ օրվա Ս. Էջմիածնում Համբարձման տոնի առիթով մատուցվող ս. պատարագի ընթացքում Իջման Ս. Սեղանի առջև կատարվում է նաև Հայրապետական մաղթանք։