Եկեղեցական Օրացույց

5-րդ կիրակի Մեծ պահքի: Դատավորի կիրակի

2019 -03-31

Մեծ Պահոց հինգերորդ կիրակին կոչվում է Դատավորի կիրակի: Այդ օրվա խորհուրդը բացատրում է այրի կնոջ և դատավորի մասին առակը (Ղուկ. 19 1-5): Առակում պատմվում է, որ մի այրի կին այնքան է անընդհատ խնդրում` Աստծուց չերկնչող և մարդկանցից չվախեցող դատավորին իր դատը տեսնելու, որ նա  կնոջից ազատվելու համար ստիպված բավարարում է նրա պահանջը:  Այս առակը պատմելուց հետո Քրիստոս հավաստիացնում է բոլորին, որ եթե անարդար դատավորը այրի կնոջ դատը տեսավ, ապա Աստված առավել ևս կկատարի բոլոր նրանց խնդրանքները, ովքեր միշտ աղոթքով խնդրում են: Առակը հորդորում է ամեն ժամ աղոթելու, որը խորհրդանշում է հոգու մշտական մղումը առ Աստված, բայց միևնույն ժամանակ իրական աղոթքի կոչ է: Առակը պատմելուց հետո  Քրիստոս ասում է. «Իսկ երբ մարդու Որդին գա, արդյոք երկրի վրա հավատ կգտնի՞՚»: Առակում Հիսուսը տալիս է երկրորդ գալստյան գաղափարը: Տիրոջ բառերի մեջ տխրություն ու թախիծ է զգացվում: Փրկչի համար ցավալի է, որ շատ մարդիկ կարող են ենթարկվել ահեղ դատաստանի` արքայության ժառանգորդներ լինելու փոխարեն: