Եկեղեցական Օրացույց

6-րդ կիրակի Մեծ պահքի: Գալստյան կիրակի: Ս. Աստվածածնի ավետման տոն

2019 -04-07

Մեծ Պահոց վեցերորդ կիրակին կոչվում է Գալստյան կիրակի: Այս կիրակին առաջին հերթին հիշեցումն է Հիսուս Քրիստոսի Առաջին Գալստյան` մարդեղության, որով հաստատվեց այն ճշմարտությունը, որ Փրկչի Գալստյամբ հնարավորություն ընձեռնվեց մարդկությանը փրկության ուղով առաջնորդվելու:

Այս կիրակին միևնույն ժամանակ կրում է Երկրորդ Գալստյան խորհուրդը: Ավետարաններում և առաքյալների թղթերում բազում հատվածներ և անդրադարձներ կան Երկրորդ Գալստյանը նվիրված, որտեղ Տերը զգուշացնում է Երկրորդ Գալստյան և նրա նախանշանների մասին. «Զգու՛յշ եղեք, գուցե մեկը ձեզ խաբի. Որովհետև շատերը կգան իմ անունով ու կասեն, թե` ես եմ Քրիստոսը. և շատերին կմոլորեցնեն: Լսելու եք պատերազմների ձայներ և պատերազմների լուրեր…: Ազգ ազգի դեմ պիտի ելնի, և թագավորությունը` թագավորության դեմ, և պիտի լինեն սով, համաճարակ ու տեղ-տեղ երկրաշարժներ: Սակայն այս ամենը սկիզբն է երկանց: … Եվ բազում սուտ մարգարեներ պիտի ելնեն ու շատերին պիտի մոլորեցնեն: Եվ անօրինության շատանալուց` շատերի սերը պիտի ցամաքի: Բայց ով մինչև վերջ համբերեց, նա պիտի փրկվի» (Մատթ. 24.4-13):

* * *

Ապրիլի 7-ին Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին նշում է իր մեծագույն տոներից մեկը` Ս. Աստվածածնի ավետումը: Գաբրիել հրեշտակի կողմից Ս. Մարիամին Փրկչի Ծննդյան ավետման մասին պատմվում է միայն Ղուկասի Ավետարանում (Ղուկ. 1:26-38): Ըստ ավանդության, Գաբրիել հրեշտակը Սուրբ Մարիամին հայտնվում է այն ժամանակ, երբ նա կարդում էր Եսայու մարգարեության այն հատվածը, որտեղ խոսվում է Կույսից Էմմանուելի ծննդյան մասին, և մտածում էր, թե ո՛վ է արդյոք լինելու այդ երանելի Կույսը: Հրեշտակը ողջունում է Ս. Մարիամին և հայտնում. «Սուրբ Հոգին կգա քո վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ, որովհետև նա, որ քեզանից է ծնվելու, սուրբ է և Աստծու որդի կկոչվի»: Սուրբ Մարիամը չէր կարող չկանխատեսել այն չարչարանքներն ու տառապանքները, որ հասնելու էին իրեն, սակայն նա, իր արարքով մարդկությանը աստվածային կամքին հնազանդության հրաշալի օրինակ  ցույց տալով, ասաց. «Ահավասի՛կ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ»: Եվ Ս. Կույսի հղիությունն էլ սկսվեց հենց այն պահից, երբ նա արտաբերեց այս խոսքերը:

Ավետարանյան այս պատմությունը մեծապես արժևորում է մայրությունը և ընդհանրապես բարձր գնահատում կնոջ դերը մարդկության կյանքում:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ս. Ավետման տոնը հռչակվել է մայրության օրհնության օր, և հայոց բոլոր եկեղեցիներում այդ օրը օրհնության կարգ է կատարվում: