Եկեղեցական Օրացույց

6-րդ օր Ս. Ծննդյան պահքի, Հիշատակ Ս. Բարսեղ Կեսարացի Հայրապետի, նրա եղբայր Գրիգոր Նյուսացու, Հռոմի Սեղբեստրոս Հայրապետի և Եփրեմ Խուրի Ասորու

2020 -01-04

Այս հայրերը կամ վարդապետները եղել են առաքինի կյանքով ու նկարագրով հռչակված անձնավորություններ, որոնք եկեղեցու կողմից դասվել են սրբերի կարգը և ճանաչվել որպես Ընդհանրական Եկեղեցու մեծ հայրեր, Սուրբ Գրքի հեղինակավոր մեկնիչներ, քրիստոնեական հավատի ուղղափառ ավանդապահներ:

Ս. Բարսեղ Մեծ Կեսարացին ծնվել է 330 թվականին Կեսարիայում, հայտնի քրիստոնյա հարուստ ընտանիքում: Սկզբնական կրթությունը ստացել է հորից, այնուհետև ուսանել է Կեսարիայի լավագույն ուսուցիչների մոտ, հետո՝ Անտիոքում:  301-ին Կոստանդնուպոլսում ուսումը շարունակել է նշանավոր հռետոր Լիբիանոսի դպրոցում, այնուհետև՝ Աթենքի համալսարանում ուսումնասիրել է քրիստոնեական վարդապետություն, ճարտասանություն, փիլիսոփայություն, աստղագիտություն, երկրաչափություն, բժշկություն: Վերադառնալով Կեսարիա Գրիգոր Աստվածաբանի հետ ուսումնասիրել է Աստվածաշունչը, հաղորդակցվել եկեղեցու հայրերի և ուսուցիչների ժառանգության հետ: Գրիգոր Աստվածաբանի հետ կազմել է «Սուրբ Գիրքը և նրա մեկնաբանը՝ Որոգինեսը» աշխատությունը: Կեսարիայում կառուցել է 2 մենաստան: Մահացել է երիտասարդ, 49 տարեկանում, 379 թվականի հունվարի 1-ին:

Գրիգոր Նյուսացին Ս.Բարսեղ Կեսարացու կրտսեր եղբայրն էր: 372 թվականին Կապադովկիայի Նյուսա քաղաքի եպիսպոկոսն էր: Նա իր եղբոր հետ անդուլ պայքարել է արիոսականության դեմ, ինչի համար հալածվել է և արիոսամետ Վաղես կայսրը նրան աթոռազրկել է ու աքսորել: 379 թվականին նա մասնակցել է Անտիոքում գումարված ուղղափառ եպիսկոպոսների ժողովին: Որպես թեմական քննիչ և տեսուչ ուղարկվել է Պոնտոսի, Պաղեստինի և Արաբիայի թեմերը՝ ամրապնդելու ողղափառության դիրքերը՝ զսպելու արիոսականների և մյուս հերձվածողների անկարգությունները: Գրիգոր Նյուսացին 381 թվականին մասնակցել է Կոստանդնուպոլսի Բ տիեզերական ժողովին և Գրիգոր Նազիանզացու հետ վճռական դեր խաղացել Նիկիական հանգանակը պաշտպանելու և Մակեդոնի հերձվածը դատապարտելու գործում: Ապրել է մինչ խոր ծերություն: Խաղաղ մահացել է Կոստանդնուպոլսի տաճարում: Սուրբը Ընդհանրական եկեղեցու նշանավոր հայրապետներից է, Հայ Առաքելական եկեղեցու համաքրիստոնեական տոնելի սուրբ հայրերից, որոնք հայտնի են «երկոտասան վարդապետք» անունով:

Ս. Սեղբեստրոսը († 335) ծնվել է Հռոմում, քրիստոնյա ընտանիքում, ստացել է լավ կրթություն: 30 տարեկանում ձեռնադրվել է քահանա, ապա եպիսկոպոս: Հայտնի էր որպես Ս. Գրքի մեծ գիտակ` հրեաների և քրիստոնյաների միջև տեղի ունեցող բանավեճի ընթացքում ներկայացնելով քրիստոնեությունը: Հաղթել է հրեաներին բանավեճում և շատերին դարձի բերել: Հռոմի գահին է մնացել շուրջ 20 տարի` ի Տեր փոխադրվելով բավականին առաջացած տարիքում:

Ս. Եփրեմ Խուրին († 373/9) ծնվել է 4-րդ դ. սկզբին քրիստոնյա ընտանիքում: 14 տարեկանում Հակոբ Մծբնեցու հետ մասնակցել է Առաջին Տիեզերական ժողովին (Նիկիա, 325 թ.): Գրավոր և բանավոր քարոզել և շատերի է դարձի բերել ի Քրիստոս: Հեղինակ է բազում աղոթքների և տաղերի: