Եկեղեցական Օրացույց

7-րդ օր Ս. Հարության: Հիշատակ Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման

2019 -04-27

Ս. Հարության տոնին հաջորդող շաբաթ օրը Հայ Առաքելական Եկեղեցում Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրն է:

Հիսուս Քրիստոսին մկրտողի և Նրա գալուստն ավետողի` Հովհաննես Մկրտչի գլխատման պատմությանն առավել մանրամասն անդրադարձել են Մատթեոս և Մարկոս ավետարանիչները (Մատթ.14:1-12, Մարկ.6:14-29):

Ըստ ավետարանիչների, Հերովդես թագավորը ձերբակալում և բանտ է նետում Հովհաննես Մկրտչին, որովհետև նա մեղադրում էր իրեն` եղբոր կնոջը` Հերովդիային, հափշտակելու և կնության առնելու համար: Սպանել Հովհաննես Մկրտչին Հերովդեսը չի համարձակվում: Սակայն, իր ծննդյան օրը հրապուրվելով Հերովդիայի դստեր պարով, Հերովդեսը երդվում է տալ նրան այն, ինչ կամենա: Ոխակալ Հերովդիայի ցուցումով աղջիկը ցանկանում է Հովհաննես Մկրտչի գլուխը:

Ս. Աստվածածնից հետո Ս. Հովհաննես Մկրտիչը Հայոց Եկեղեցու մեծագույն սուրբն է: Սրբի անունը, իբրև բարեխոսի, ժամերգության ընթացքում ընթերցվող մաղթանքի մեջ հիշատակվում է  երկրորդը` Ս. Աստվածամոր անունից հետո:

Ըստ ավանդության, Ս. Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայից իր հետ  Հայաստան է բերում սրբի մասունքներից և ամփոփում Մուշ քաղաքին մոտ գտնվող վայրում, ուր և հետագայում կառուցվում է նշանավոր Ս. Կարապետի վանքը:

Ս. Հովհաննես Մկրտիչը հավատացյալների բարեխոս սուրբն է, և յուրաքանչյուր հավատացյալ, իր աղոթքներով դիմելով այս սրբին, նրա բարեխոսությամբ արժանանում է Տիրոջ ողորմությանը: