Նվիրապետական Աթոռներ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց «Նագգաշյան մանուկների տան» բարերարներին, մանկավարժներին, սաներին և շրջանավարտներին

Սեպտեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում «Նագգաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի 10-ամյակի առիթով հյուրընկալեց կենտրոնի բարերարներին, մանկավարժներին, սաներին և շրջանավարտներին: «Նագգաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնը գործում է Երևանում Մայր Աթոռի հովանու ներքո:

Հայցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը՝ տնօրեն Նունե Գեղամյանն անդրադարձ կատարեց կենտրոնի  10-ամյա գործունեությանն ու ձեռքբերումներին: Տիկին Գեղամյանն ընդգծեց նաև, որ կենտրոնն այսօր արդյունավետորեն համագործակցում է տարբեր պետական պատկան կառույցների ու հասարակական կազմակերպությունների հետ:

Ամենայն Հայոց Հայրապետը, իր հայրական օրհնությունը փոխանցելով ներկաներին, կարևորեց կենտրոնի առաքելությունը և ընդգծեց, որ այն նաև լավագույն հնարավորությունն է ընձեռում հայորդիներին առավել հաղորդ դառնալու Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր արժեքներին։ Այս առիթով Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ կենտրոնի սաները, հաղորդակցվելով սուրբ հայրերի ժառանգությանը,  իրենց բարի պտուղները կբերեն ի նպաստ հայոց աշխարհի շենացման ու զորացման:

Հանդիպմանը Հայոց Հովվապետն իր գնահատանքը հայտնեց կենտրոնի տնօրինությանը և մանկավարժներին իրենց նախանձախնդիր ու նվիրյալ աշխատանքի, ինչպես նաև վարքային խնդիրներ ու խնամքի կարիք ունեցող երեխաներին ըստ ամենայնի աջակցելու համար:

Խոսելով կենտրոնի ստեղծման պատմության մասին՝ Վեհափառ Հայրապետն իր մասնավոր գնահատանքը բերեց բարերարներին, որոնց հոգածությամբ կյանքի է կոչվել և իր առաքլությունն է շարունակում իրականացնել «Նագգաշյան մանուկների տուն»-ը։

Անդրադարձ կատարվեց նաև կենտրոնն ավարտած սաների հետագա կյանքի ընթացքի կազմակերպման ուղիներին:

Place for supporters
& advertisement