Նվիրապետական Աթոռներ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց «Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինքի գլխավոր քարտուղարին

Մայիսի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց «Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինքի (ACT Alliance) գլխավոր քարտուղար Ռուդելմար Բուենո դե Ֆարիային՝ ուղեկցությամբ ԵՀԽ Հայաստանյան Կլոր Սեղան բարեգործական միջեկեղեցական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գերաշնորհ Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի և գործադիր տնօրեն դոկտ. Կարեն Նազարյանի:
 
Դաշինքի գլխավոր քարտուղարը Նորին Սրբությանը ներկայացրեց կազմակերպության գործունեությունը՝ տեղեկացնելով, որ այն հումանիտար առաքելություն է իրականացնում ավելի քան 125 երկրներում և միավորում է ավելի քան 150 հավատքահեն ու եկեղեցապատկան կառույցներ և եկեղեցիներ: Վերջինս նշեց նաև, որ դաշինքը բացի աղետներին արագ արձագանքումից, շահերի պաշտպանության և զարգացման ծրագրերից, տարբեր ոլորտներում օգնություններ է ցուցաբերում հակամարտության մեջ ներքաշված և բնական աղետներից տուժած երկրներին՝ ի մասնավորի նաև բռնության ենթարկված քրիստոնյաներին: Այս առումով, պրն. դե Ֆարիան ընդգծեց, որ դաշինքը սերտ փոխգործակցում է Միացյալ Ազգերի կազմակերպության և տարբեր երկրներում ու տարածաշրջաններում դաշինքի անդամ կազմակերպությունների հետ:
 
«Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինքի և Կլոր Սեղանի միջև առկա գործակցության առիթով իր գոհունակությունը հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` կարևորելով դաշինքի առաքելությունն արտակարգ իրավիճակների հաղթահարման գործում: Նորին Սրբությունը ողջունեց դաշինքի համագործակցությունը տարբեր եկեղեցական կառույցների հետ՝ նշելով, որ դա նպաստում է նաև Եկեղեցու առաքելության արդյունավետ իրագործմանը, քանզի Եկեղեցին հոգևոր խնամատարությունից բացի, սոցիալական ծառայության շրջագծից ներս նաև աղետներից և հակամարտությունից տուժածներին է բերում իր աջակցությունը: Այս կապակցությամբ Վեհափառ Հայրապետը մասնավոր իր գնահատանքը բերեց «Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինքի գլխավոր քարտուղարին ապրիլյան քառօրյայի և ապա 2019 թ. երաշտի ժամանակ Հայաստանին ցուցաբերված մարդասիրական օգնության համար:
Զրույցի ժամանակ անդրադարձ կատարվեց դաշինքի անդամ հանդիսացող Կլոր Սեղան հիմնադրամի գործունեությանը, որի համահիմնադիրն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Ընդգծվեց, որ այն տարիներ շարունակ, գործակցելով թեմերի և եկեղեցական կառույցների հետ, Հայաստանի տարբեր շրջաններում իրականացրել է զանազան օգտաշատ սոցիալական ծրագրեր` նպաստելով ժողովրդի բարօր ու բարգավաճ կյանքի կերտմանը:
 
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և դաշինքի գլխավոր քարտուղարը խոսեցին նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի և այդ գործընթացում Հայ Եկեղեցու ներգրավվածության մասին: Նորին Սրբությունը ողջունեց դաշինքի առաջարկը ԵՀԽ Հայաստանյան Կլոր Սեղան հիմնադրամի հետ միասին համաժողով անցկացնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցի շուրջ:
 
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն արդյունավոր առաքելություն մաղթեց գլխավոր քարտուղարին դաշինքի մարդասիրական աստվածահաճո ծառայության մեջ:
Դիտել սկզբնաղբյուրը
Place for supporters
& advertisement