Նվիրապետական Աթոռներ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցեց Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառումների շարքի բացմանը

Սեպտեմբերի 26-ին՝ Կոմիտաս վարդապետի ծննդյան օրը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, մեկնարկեց Վարդապետի 150-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը այցելեց Կոմիտասի թանգարան, որտեղ հնչեցրեց թանգարանի զանգը` ազդարարելով հոբելյանական միջոցառումների մեկնարկը:

Արարողությանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ազգային բարերար Գաբրիել Չեմբերջյան, մշակույթի գործիչներ և այլ մտավորականներ:

Թանգարանի ցուցասրահներով շրջելուց հետո դահլիճում ներկաներին ողջունեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը, ապա պաշտոնապես ներկայացվեց Կենտրոնական բանկի կողմից Վարդապետի 150-ամյակի առիթով թողարկված արծաթե հուշադրամը:

Հյուրերը հնարավորություն ունեցան նաև ունկնդրելու ՀՀ ժողովրդական արտիստ դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանի կոմիտասյան կատարումները:

Արարողության ընթացքում կոմիտասյան երգերով հանդես եկավ «Գեղարդ» երգչախումբը, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի երգչախումբը:

Այնուհետև Ամենայն Հայոց Հայրապետը եկեղեցականների և հրավիրյալների ուղեկցությամբ այցելեց Կոմիտաս վարդապետի շիրիմին, որտեղ կատարվեց հոգեհանգստի կարգ: Կոմիտաս վարդապետի հոգու խաղաղության համար կատարված աղոթքից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն ուղղեց ներկաներին Վարդապետի ծննդյան 150-ամյակի առիթով:

 

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ

ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ ՇԻՐՄԻՆ

 

«Պատրաստ է սիրտ իմ Աստուած,

օրհնել եւ սաղմոս ասել քեզ փառօք իմովք»

(Սաղմ. ԾԶ 8)

Սիրելինե՛ր,

Գոհություն և փառք ենք մատուցում Ամենակարող Աստծուն, որ Նրա բարերար կամքով այսօր, Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանի շրջանակներում,  առիթն ունենք ոգեկոչելու հայ երգարվեստի մեծագույն նվիրյալի հիշատակը։ Նրա ամբողջ ներաշխարհը, հոգևոր ու մտավոր նրա ողջ էությունը, նրա կյանքն ու գործը կատարելապես արտահայտվում է սաղմոսերգուի փառաբանական խոսքերի մեջ՝ «Իմ սիրտը պատրաստ է, Աստվա՛ծ իմ, օրհներգելու և սաղմոս ասելու քեզ իմ ողջ էությամբ»։

Կոմիտաս վարդապետն արդեն շուրջ մեկ դար իր հայրենաբույր և սրբազան երգով հատել է ժամանակի և տարածության սահմանները՝ հայկական ինքնության արմատներից սնվող ու արդյունավորվող ստեղծագործությամբ դառնալով զրուցակիցը հայ և այլազգի երաժշտասեր յուրաքանչյուր  անձի հոգու ապրումներին։ Քրիստոսասեր մեր ժողովրդի սրտից ու հոգուց բխած երգի մեջ էր նա տեսնում մեր դարավոր ինքնությունը, այդտեղ, նրա իսկ խոսքերով՝ «որպէս զշող ցոլայ բնատուր հանճար Հայաստան ազգին»։

Կոմիտասը, Աստծո, Եկեղեցու և Հայրենիքի հանդեպ իր անսասան հավատով մաքրեց ու հայացրեց մեր երգը, ստեղծեց այն հոգևոր պարարտ անդաստանը, որտեղ հայն այլևս հավիտենապես ճանաչում է իր հոգևոր «ես»-ը, առերեսվում դարերի խորքից հնչող հայրապետների ու վարդապետների նվիրական աղոթքին, հայրենաշունչ և խրոխտ նախնյաց զգացումներին, շինականի անկեղծ ու ստեղծագործ հորովելին: Կոմիտաս վարդապետը հավիտենության մեջ դրեց մեր երգը՝ ցեղասպանության սարսափի մեջ անգամ դառնալով հայ ժողովրդի անկորնչելի դարավոր հույսը և հոգու զրույցն Աստծո հետ։

Մեծ վարդապետի ծննդյան հոբելյանական այս տարում նա հառնում է ամենքիս առաջ՝ իբրև Աստծուն ուղղված ողջ հայության հառաչանքի ու հույսի, անկեղծ աղոթքի ու նորոգության խորհրդանիշ։ Այս է գաղտնիքը նրա ստեղծագործությունների համամարդկային ու համահայկական հաղորդականության, որոնք իրենց բովանդակությամբ պարզ են, բայց և հանճարեղ և որոնք մեր ժողովրդին բերում են պատգամը ապրելու հոգևոր-մշակութային արժեքներին հավատարիմ կյանքով։  Կոմիտասը մեզ տալիս է լուսո մեր իսկ ջահը՝ մարդկային ոգու մարտահրավերների այս դարաշրջանում լուսավորելու մեր ուղին, հնագույն մեր արժեքների շուրջ համախմբելու ամենքիս՝ իբրև ազգ, իբրև նկարագիր ու տեսլական ունեցող ժողովուրդ։

Կոմիտասի սիրտն ամեն վայրկյան բաբախում էր՝ Աստծուն և իր հայրենիքին ծառայելու և փառաբանելու մղումով։ Նրա շիրմի առաջ խոնարհված՝ ուսանենք աստվածսիրության ու հայրենասիրության այս մեծ օրինակը, որն անվախճան է ու անանց՝ հոգևոր-ազգային իր լայն ընդգրկումով և նվիրականությամբ։

Այս մաղթանքով Մեր հայցն ենք բարձրացնում առ Աստված, որ երկնային օթևաններում հավետ երանություն և խաղաղություն պարգևի երանաշնորհ Կոմիտաս վարդապետի լույս հոգուն:

Մշտահունչ աղոթք և օրհնություն Կոմիտաս վարդապետի անմահ ու մշտավառ հիշատակին:

Դիտել սկզբնաղբյուրը
Place for supporters
& advertisement