Նվիրապետական Աթոռներ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորագիր է հղել Արցախի նախագահին

Մայիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորահավորագիր է հղել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին երդմնակալության արարողության առիթով։

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջունում և Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում Ձեզ երդմնակալության և Արցախի Հանրապետության Նախագահի պարտականությունները ստանձնելու առիթով:

Մեր ժողովրդին քաջ ծանոթ է Ձեր անձը՝ որպես Արցախի անկախության զորացման և արցախահայության կյանքի զարգացման գործում գովելի ներդրում ունեցող քաղաքական գործիչ։ Դուք ջանք ու նվիրում եք բերել Արցախի ազատագրության պայքարին, արցախահայության նոր կյանքի կառուցմանը` տարիներ շարունակ զբաղեցնելով պատասխանատու բարձր պաշտոններ: Արցախի անկախության տարիներին մեր ժողովուրդը արձանագրել է նշանակալի ձեռքբերումներ և հաղթանակներ, որոնք պիտի բազմապատկվեն` ի նպաստ պետականության զորացման, Արցախի Հանրապետության ճանաչման, որը մեր աշխարհասփյուռ ժողովրդի արդար սպասումն է և շուտով իրագործված տեսնելու ձգտումն ու ակնկալությունը», – ասված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական նամակում:

Ամենայն Հայոց Հայրապետը մաղթել է Արցախի նորընտիր նախագահին, որ նրա փորձառությունը և Արցախի զարգացման ծրագրերը նոր բարի արդյունքներ բերեն մեր ժողովրդի կյանքին` ի խնդիր առկա մարտահրավերների հաղթահարման և երկրի խաղաղության, բարօրության ու առաջընթացի ամրապնդման:

Place for supporters
& advertisement