Նվիրապետական Աթոռներ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Արգենտինայի նորընտիր նախագահին

Նոյեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական գիր է հղել տիար Մաուրիսիո Մակրիին` Արգենտինայի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

«Ջերմությամբ ենք հիշում Ձեզ հետ ունեցած մեր հանդիպումները ինչպես Բուենոս Այրեսում, այնպես էլ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում, երբ առիթ ունեցանք անդրադառնալու մեր երկու ժողովուրդների բարեկամությանը և Արգենտինայում հայ համայնքի գործունեությանը, որին մշտապես բարյացակամ ու հոգատար վերաբերմունքով զորակից եք եղել Դուք և Արգենտինայի իշխանությունները:

Մեր մաղթանքն է, որ Տիրոջ առաջնորդությամբ շարունակական հաջողություններով արգասավորվեն Ձեր ջանքերը հանուն Ձեր երկրի առաջընթացի», – ասվում է Նորին Սրբության շնորհավորագրում:

Ամենայն Հայոց Հայրապետը նաև հայցել է Բարձրյալն Աստծուն օրհնել և զորացնել Արգենտինայի Հանրապետությունը և նրա բարեպաշտ ժողովրդին:

Place for supporters
& advertisement