Նվիրապետական Աթոռներ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ախալցխայի և Սամցխե-Ջավախքի ուխտավորներին

Հուլիսի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ախալցխայի և Սամցխե-Ջավախքի ուխտավորներին՝ ուղեկցությամբ Ախալցխայի հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Հակոբ աբեղա Սահակյանի:

Հանդիպմանն Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունը փոխանցեց ուխտավորներին՝ ընդգծելով, որ Վրաստան կատարած հովվապետական այցելության ժամանակ տեսել է ջավախահայության զորավոր հավատքը, ազգային նկարագիրը կերտելու ջանքն ու եռանդը, ինչպես նաև սերն ու նվիրումը համայն հայության հոգևոր կենտրոնի նկատմամբ:

Վեհափառ Հայրապետը հետաքրքրվեց դեպի հայրենիք ուխտագնացությունից ստացված տպավորություններով, ինչպես նաև Ախալցխայի և տարածաշրջանի հայության հոգևոր կյանքով, առկա խնդիրներով:

Նորին Սրբությունը հորդորեց ուխտավորներին հավատարիմ մնալ իրենց նախնյաց ազգային ու հոգևոր արժեքներին: Վեհափառը հատուկ ուշադրության արժանացրեց ուխտագնացությանը երիտասարդների մասնակցության փաստը` կարևոր նկատելով, որ ճանաչեն ու հաղորդ լինեն այն սրբություններին ու արժեքներին, որոնք օգնել են հայ ժողովրդին հաղթահարել իրեն բաժին ընկած յուրաքանչյուր փարձություն:

Հանդիպմանը Նորին Սրբությունը նաև իր գնահատանքը հայտնեց Վիրահայոց թեմի հոգևոր դասին՝ իրենց առաքելությունը նախանձախնդրությամբ և նվիրումով իրականացնելու և ազգային արժեքները պահպանելու համար:

Վերջում Հայոց Հայրապետը ուխտավորներին մաղթեց, որ Աստված նորոգի նրանց ուխտը՝ մշտապես պահելով Իր սիրո և խնամքի ներքո:

Դիտել սկզբնաղբյուրը
Place for supporters
& advertisement