Նվիրապետական Աթոռներ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ահլ ալ-Բեյթի Համաշխարհային Համագումարի գլխավոր քարտուղարին

Նոյեմբերի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց իր հրավերով Հայաստան ժամանած Ահլ ալ-Բեյթի Համաշխարհային Համագումարի գլխավոր քարտուղար Այաթոլլա Մոհամմադ Հասան Ախթարիին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց Այաթոլլա Ախթարիի այցը Հայաստան և Ս. Էջմիածին և նշեց, որ նմանատիպ այցելությունները ոչ միայն նպաստում են երկկողմանի փոխճանաչողությանն ու միջկրոնական երկխոսությունների առավել զորացմանը, այլև դրական ներգործություն են ունենում մեր երկու հավատավոր ժողովուրդների զավակների վրա` ապրելու խաղաղ և ստեղծագործ կյանքով:

Ընդգծելով միջկրոնական երկխոսությունների անհրաժեշտությունը` Վեհափառ Հայրապետը շեշտեց, որ, ինչպես քաղաքական գործիչները, հոգևոր առաջնորդները ևս կարևոր դերակատարություն կարող են ունենալ աշխարհի տարբեր կողմերում իրականացվող ոճրագործությունների և ահաբեկչական գործողությունների կանխարգելման, դրանց հետևանքների հաղթահարման գործում, հատկապես, որ այսօր հաճախ ահաբեկչությունը քողարկվում է կրոնական գործոնով: Այս առնչությամբ Նորին Սրբությունը դատապարտեց Ֆրանսիայում կատարված ահաբեկչությունը, նաև մտահոգություն հայտնեց Միջին Արևելքում տիրող ծանր կացության վերաբերյալ:26-2-1

Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ երկու ժողովուրդների պատմական կապերին և ներկայիս հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը: Վերջինիս տեսանելի վկայություն նկատելով իրանահայ համայնքի ազգային-եկեղեցական կյանքը` Նորին Սրբությունն ընդգծեց, որ դա քրիստոնյա և իսլամ ժողովուրդների խաղաղ ու համերաշխ համակեցության գեղեցիկ օրինակ է: Այս առիթով Հայոց Հայրապետն իր գնահատանքը հայտնեց հայ համայնքի և նրա հոգևոր-կրթական հաստատությունների նկատմամբ Իրանի իշխանությունների կողմից ցուցաբերվող ուշադրության համար:

Իր հերթին հրավերի և ջերմ ընդունելության համար շնորհակալություն հայտնեց Այաթոլլա Մոհամմադ Հասան Ախթարին` փառք տալով Երկնավորին, որ բարեկամ երկու ժողովուրդների միջև ջերմ հարաբերություններն ընդլայնվում են` ընդգրկելով տարբեր ոլորտներ:

Ահլ ալ-Բեյթի Համաշխարհային Համագումարի գլխավոր քարտուղարը ևս կարևորեց միջկրոնական երկխոսությունները` նշելով, որ կրոնական առաջնորդների միջև ձևավորված փոխհամագործակցությունը գեղեցիկ օրինակ կլինի աշխարհի ժողովուրդների համար և կառաջնորդի նրանց դեպի բոլոր կրոնների կողմից քարոզվող վեհ ու նվիրական արժեքները:

26-2-2Այաթոլլա Մոհամմադ Հասան Ախթարին անդրադարձ կատարեց նաև ծայրահեղականության դրսևորումներին: Նա ընդգծեց, որ որևէ կրոն կոչ չի անում սպանել Աստծո արարածներին, և կրոնական գործիչների պարտականությունն է խստորեն դատապարտել մարդկանց կրոնական հավատալիքները չարաշահող բոլոր այդ երևույթները:

Զրույցի ընթացքում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ահլ ալ-Բեյթի Համաշխարհային Համագումարի գլխավոր քարտուղարը խոսեցին նաև երիտասարդ սերնդի հոգևոր դաստիարակության և հոգևորականների պատրաստության մասին: Մարդկային կյանքը հուզող տարբեր խնդիրների ու մարտահրավերների հաղթահարման գործում կարևորվեց միջկրոնական համագործակցության ընդլայնումը և համատեղ քայլերի ձեռնարկումը:

Վերջում Նորին Սրբությունը վերստին իր բարեմաղթանքները փոխանցեց Համաշխարհային Համագումարի գլխավոր քարտուղարին` հայցելով Բարձրյալի օրհնությունը բարեկամ ժողովրդի կյանքին:

Place for supporters
& advertisement