Նվիրապետական Աթոռներ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայի Կաթոլիկ Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովի պատվիրակությանը

 

Մայիսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գերմանիայի Կաթոլիկ Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովի պատվիրակության անդամներին՝ առաջնորդությամբ Եպիսկոպոսական ժողովի Միջեկեղեցական հանձնաժողովի նախագահ և Մագդեբուրգի առաջնորդ Ֆայգե եպիսկոպոսի: Եպիսկոպոսաց ժողովի պատվիրակությունը Մայր Աթոռ էր ժամանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով:

Պատվիրակությանն ուղեկցում էին Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:

Սերովբե եպիսկոպոսը Նորին Սրբությանը ներկայացրեց հյուրերին՝ անդրադառնալով Գերմանիայում Կաթոլիկ Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովի և հայոց թեմի միջև ձևավորված գործակցությանը և տեղեկացնելով Հայոց Եկեղեցու հետ հարաբերություններն առավել խորացնելու պատրաստակամության մասին:

Այնուհետև այցի առիթով իր գոհունակությունը հայտնեց Հայոց Հովվապետը`  ուրախությամբ արձանագրելով Հայաստանյայց Առաքելական և Կաթոլիկ Եկեղեցիների միջև առկա սերտ կապերը և համագործակցության լայն և բովանդակալից ընդգրկումը: Վեհափառ Հայրապետը հաստատեց, որ Մայր Աթոռը համագործակցում է Կաթոլիկ Եկեղեցու տարբեր կառույցների և Գերմանիայի մի շարք բարեգործական կազմակերպությունների հետ: Այս կապակցությամբ Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց Գերմանիայի Կաթոլիկ Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովին ցուցաբերվող այն աջակցության համար, որի շնորհիվ Մայր Աթոռի մի շարք միաբաններ հնարավարություն են ունեցել և այսօր էլ շարունակում են իրենց աստվածաբանական բարձրագույն կրթությունը ստանալ Գերմանիայի կաթոլիկ համալսարաններում:

Իր հերթին Եպիսկոպոսական ժողովի Միջեկեղեցական հանձնաժողովի նախագահ և Մագդեբուրգի առաջնորդ Ֆայգե եպիսկոպոսն Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցեց Գերմանիայի Կաթոլիկ Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովի ատենապետ և Մյունխենի արքեպիսկոպոս Ռայնհարդ Մարքսի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: Ֆայգե եպիսկոպոսը կարևորեց երկու Եկեղեցիների փոխհարաբերությունների խորացումն ու զարգացումը տարբեր ոլորտներում: Վերջինս փաստեց, որ Գերմանիայի Կաթոլիկ Եկեղեցու և Հայոց թեմի միջև բարեկամական կապերը շարունակ սերտանում և ամրապնդվում են:

Սրբազան Հայրը, անդրադառնալով նաև Հայոց Ցեղասպանության սոսկալի ոճրագործությանը, Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ պատվիրակությունն այցելելու է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Հանդիպման ընթացքում Հայոց Հայրապետը ներկայացրեց Հայոց Եկեղեցու վերջին տասնամյակների ձեռքբերումները հոգևորականների պատրաստության, քրիստոնեական դաստիարակության, Եկեղեցու սոցիալական ծառայության և եկեղեցաշինության ոլորտներում, պատասխանեց պատվիրակության անդամների հարցերին, որոնք վերաբերում էին վանական կյանքի վերականգնմանը և հասարակության մեջ Ավետարանի քարոզչությանը:

Առաջիկա օրերին պատվիրակությունը կայցելի Հայոց Եկեղեցու զանազան կառույցներ` ծանոթանալով Հայոց Եկեղեցու լայնածավալ գործունեությանը, կլինի Հայաստանի մի շարք սրբավայրերում:

Դիտել սկզբնաղբյուրը
Place for supporters
& advertisement