Նվիրապետական Աթոռներ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ օգնության ֆոնդի տնօրենների և հոգաբարձուների խորհուրդների անդամներին

Սեպտեմբերի 26-ին Վեհարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Հայ օգնության ֆոնդի տնօրենների և հոգաբարձուների խորհուրդների անդամներին, ՀՕՖ-ի բարերարներին ու բարեկամներին, որոնք Հայաստան են այցելել ՀՕՖ-ի գործունեության 30-ամյակին նվիրված միջոցառումների առիթով:
Հանդիպման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկան ՀՕՖ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և ՀՕՖ-ի տնօրենների խորհրդի ատենապետ Ռանդի Սապաահ-Գուլյանը՝ անդրադառնալով հիմնադրամի անցած ուղուն և ծավալած գործունեությանը:
 
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական օրհնությունը բերեց ներկաներին՝ բարձրորեն գնահատելով այն օգտաշատ աշխատանքը, որ ՀՕՖ-ի ջանքերով իրականացվել է հայրենիքում: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ խոսեց կազմակերպության կարևոր և արժեքավոր զորակցության մասին, որ ցուցաբերվել է ժողովրդին ամենատարբեր ոլորտներում: Մասնավոր իր գնահատանքը փոխանցելով ՀՕՖ-ի առաքելությանը սատարող բարեկամներին ու բարերար հայորդիներին՝ Նորին Սրբությունը հորդորեց ՀՕՖ-ի պատասխանատու մարմիններին շարունակել իրենց հայրենանվեր ծառայությամբ օժանդակություն բերել հայ ժողովրդին և նպաստել հայրենիքի զորացմանն ու առաջընթացին:
 
Հայոց Հովվապետը խոսեց նաև Հայոց Եկեղեցու առաքելության մասին հայրենիքի անկախության տարիներին, անդրադարձ կատարեց նաև Մայր Աթոռի կողմից իրագործվող և շարունակական բնույթ կրող սոցիալական ծրագրերին։ Ներկայացնելով Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը՝ Նորին Սրբությունը շեշտեց, որ Եկեղեցին մշտապես ապրում է աստվածաշնորհ հույսով և լավատեսությամբ՝ իր առաքելությունն իրագործելով Աստծու զորակցությամբ, հոգևոր դասի ու եկեղեցանվեր հայորդիների նախանձախնդրության ու նվիրումի շնորհիվ։ Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Հայրապետն իր գնահատանքը հայտնեց բոլոր այն հայորդիներին, ովքեր զորավիգ են Հայոց Եկեղեցուն, օժանդակում են Մայր Աթոռի ծրագրերին, որոնց ջանքերի շնորհիվ եկեղեցական կյանքը պայծառանում և առաջընթաց է ապրում։
 
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը հանգամանորեն պատասխանեց նաև ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին Մայր Աթոռի գործունեության տարբեր ոլորտներին: Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Տերը օրհնի և զորավիգ լինի ՀՕՖ-ի անդամներին, բարեկամներին ու բարերարներին իրենց բոլոր ազգօգուտ նախաձեռնություններում:
Place for supporters
& advertisement