Նվիրապետական Աթոռներ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միացյալ Աստվածաշնչային ընկերությունների ներկայացուցիչներին

 

Մարտի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Միացյալ Աստվածաշնչային ընկերությունների թարգմանական ծրագրերի տնօրեն Մարինա Լոմովային և Հայաստանի Աստվածաշնչային ընկերության թարգմանական ծրագրերի կորդինատոր Մարիկա դե Լանգին՝ ուղեկցությամբ Հայաստանի Աստվածաշնչյան ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի:

Հանդիպմանը Նորին Սրբությունը կարևորեց միջազգային կազմակերպության` Աստվածաշունչ մատյանը աշխարհի տարբեր լեզուներով թարգմանելու և մարդկանց հասանելի դարձնելու առաքելությունը` ողջունելով Միացյալ Աստվածաշնչային ընկերությունների և Հայաստանի Աստվածաշնչային ընկերության միջև ձևավորված երկարամյա համագործակցությունը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև գոհունակությամբ հաստատեց, որ Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գովարժան ծառայության, բազմաբնույթ ծրագրերի և հրատարակությունների շնորհիվ հայորդիներին հնարավորություն է ընձեռվում ծանոթանալու Աստվածաշնչին, սուրբգրային գիտելիքներով հարստանալու և զորացնելու նաև իրենց կրոնական ապրումները:

Հյուրերն իրենց հերթին խորին շնորհակալություն հայտնեցին Նորին Սրբությանը Հայոց Եկեղեցու զորակցության և Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ակտիվ գործունեության համար:

Վերջում Գարեգին Բ Կաթողիկոսը մաղթեց, որպեսզի Աստված հոգեշահ նոր ձեռքբերումներով արդյունավորի Միացյալ Աստվածաշնչյան ընկերությունների գործունեությունը:

Դիտել սկզբնաղբյուրը
Place for supporters
& advertisement