Նվիրապետական Աթոռներ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն

Հունիսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչյովին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց Հայաստանի ու հայ գիտնականների հետ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գործակցությունը` ողջունելով Հայաստանի ատոմակայանի սպասարկման ու արդիականացման գործում վերջինիս կողմից մատուցվող օգտակար ծառայությունը:

Անդրադառնալով երկու ժողովուրդների եղբայրական կապերին` Գարեգին Բ Կաթողիկոսը գոհունակությամբ նշեց, որ դարերի ընթացքում ձևավորված բարի ավանդույթներն այսօր էլ շարունակվում են միջպետական հարաբերությունների բարձր մակարդակով, ինչպես նաև հատկանշվում միջեկեղեցական և այլ ոլորտներում արձանագրվող սերտ համագործակցությամբ:

Խոսելով աշխարհում ատոմային էներգիայի գործածության մասին` Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ այն կարող է ծառայեցվել ինչպես մարդկային կյանքի բարօրությանն ու առաջընթացին, այնպես և կործանարար նպատակների: Այս առումով Նորին Սրբությունը բարձր գնահատեց «Ռոսատոմի» գործունեությունը` ուղղված ատոմային էներգիայի անվտանգ ու ապահով օգտագործմանը:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Place for supporters
& advertisement