Նվիրապետական Աթոռներ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր բարեմաղթանքներն է փոխանցել Արցախի վաստակյալ նախագահին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական իր օրհնությունն ու ջերմ բարեմաղթանքներն է հղել Արցախի Հանրապետության վաստակյալ նախագահ Բակո Սահակյանին։

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի պաշտոնում Ձեր գործունեության ավարտին առիթ ունենք դրվատանքով անդրադառնալու Ձեր անձնվեր հանձնառություններին, հանուն Արցախի զորացման Ձեր գովարժան իրագործումներին:

Արցախյան ազատամարտի տարիներին Դուք հոգու կանչով համալրեցիք կամավորների բանակը՝ պաշտպանելու հայրենյաց հողը: Ստանձնելով կարևոր պաշտոններ Պաշտպանության Բանակում և ուժային կառույցներում՝ նշանակալի ավանդ բերեցիք Արցախի փառավոր հաղթանակի կայացմանը: Տարիների Ձեր վաստակի գնահատանքով արցախահայությունը Ձեզ վստահեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի պատասխանատու պաշտոնը, որը Դուք ընդունեցիք որպես մեր ժողովրդին ավելիով ծառայելու աստվածաշնորհ հնարավորություն՝ ձեռնամուխ լինելով Արցախի առջև ծառացած մարտահրավերների լուծմանը, հայրենի երկրի հզորացմանն ու շինությանը։

Մեզ համար մեծագույն ուրախություն են եղել Հայրապետական Մեր այցելությունները Արցախ, որոնց ընթացքում գոհունակությամբ հաղորդ ենք դարձել Ձեր հայրենասեր ու ազգասեր ոգուն, զգացել աննվազ նախանձախնդրությունը՝ բազմապատկելու ազատագրական պայքարի հաջողությունները՝ հանուն առավել լուսավոր ապագայի: Գոհունակություն է նաև հաստատել, որ Դուք՝ որպես Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու նվիրյալ զավակ, մշտապես զորակցություն եք բերել Արցախի թեմի առաքելությանը, սատարել հնամենի մեր վանքերի նորոգությանն ու եկեղեցիների կառուցմանը՝ ի խնդիր արցախահայության հոգևոր կյանքի վերազարթոնքի», – ասված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի գրության մեջ:

Հայցելով Տիրոջ մշտական խնամքն ու զորակցությունը տիար Բակո Սահակյանին՝ Վեհափառ Հայրապետը վստահություն է հայտնել, որ նա իր կարողություններն ու տարիների փորձառությունը կշարունակի ներդնել հանուն աստվածապարգև մեր հայրենիքի առավել շենացման ու պայծառության:

Place for supporters
& advertisement