Նվիրապետական Աթոռներ

Ի Տեր հանգեց Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը

Խորը ցավով հայտնում ենք, որ մարտի 8-ին Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության պատրիարքական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, կապ հաստատելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, տեղեկացրել է նույն օրը կեսօրին Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տեր Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի վախճանման մասին: Մեսրոպ Պատրիարքը վերջին տարիներին տառապում էր ծանր հիվանդությամբ և գտնվում էր Պոլսի Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոցում:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Գերագույն հոգևոր խորհրդի անդամները և ողջ հոգևոր դասը սգում են Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքի մահը և վշտակցում Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության հոգևոր դասին ու պոլսահայությանը` աղոթելով Երջանկահիշատակ Մեսրոպ Պատրիարքի հոգու հանգստության և խաղաղության համար:

Պատրիարք Հոր հուղարկավորության արարողությունների մանրամասների վերաբերյալ կտեղեկացվի հաջորդիվ:

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:

 

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Ամենապատիվ Տեր Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը ծնվել է Ստամբուլում 1956թ. հունիսի 16-ին:

1963-1968 թթ. ուսանել է       Թաքսիմի Էսայան նախակրթարանում։

1968-1973 թթ.  սովորել է Նշանթաշի Անգլիական վարժարանում։

1973-1975 թթ.  կրթությունը շարունակել է Ամերիկյան Բարձրագույն վարժարանում (Շտուտգարդ, Գերմանիա)։

1975-1979 թթ.  Մեմֆիսի Համալսարանում (ԱՄՆ) ուսանել է «Ընկերաբանություն և իմաստասիրություն», 1977-1979 թթ. Մեմֆիսի մասնաճյուղ Սեուընի Անգլիկան ուսումնարանում հետևել է «Աստվածաբանություն» դասընթացի։

1977թ. հուլիսի 19-ին  արժանացել է սարկավագական ձեռնադրության՝ ձեռամբ Գերաշնորհ Տ. Շահան Եպս. Սվաճյանի։

1979 թ. մայիսի 13-ին ձեռամբ Ն.Ա.Տ. Շնորհք Պատրիարքի ձեռնադրվել է կուսակրոն քահանա Բեյողլուի Ս. Երրորդություն եկեղեցում:

1979-1982 թթ. ուսանել է       Երուսաղեմի Եբրայական համալսարանում (Իսրայել)` ստանալով Հին Կտակարանի պատմության և գրականության մագիստրոսի աստիճան, ապա Երուսաղեմի համալսարան քոլեջում` ստանալով Սուրբգրային հնագիտության մագիստրոսի աստիճան։

1979-1980 թթ.  Երուսաղեմի ընծայարանում դասավանդել է անգլերեն լեզու և Հին Կտակարան:

1982-1983 թթ. ծառայել է որպես     Ն.Ա.Տ. Շնորհք Պատրիարքի քարտուղար։

1983 թ. մայիս  7-ին պաշտպանել է «Սուրբ Գիրք և Ավանդություն» թեմայով ավարտաճառը և արժանացել մասնավոր վարդապետության աստիճանի։

1983 թ. հունիս 6-ից   եղել է Պատրիարքարանի դիվանապետ, Կրոնական ժողովի և Խորհրդակցական մարմնի անդամ։

1983-1984 թթ.  զինվորական ծառայություն է իրականացրել Պուրտուր Ե. Գնդապետական հրամանատարությունում։

1986 թ.  մայիսի 3-ին պաշտպանել է «Նահապետաց կրոնը նախքան եգիպտական գերությունը» թեմայով ավարտաճառը` ստանալով ծայրագույն վարդապետության աստիճան։

1986 թ. սեպտեմբերի 21-ին  Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ստացել է եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում:

1988-1989 թթ.  ուսանել է Հռոմի Ս. Թովմաս Ակվինացու համալսարանում` ստանալով Միջեկեղեցական ու միջկրոնական հարաբերությունների աստվածաբանության մագիստրոսի աստիճան:

1988 թ. հուլիսի 1-ին Շնորհք Պատրիարքի կողմից նշանակվել է Կղզյաց տեսուչ։

1990 թ. մարտ – 1990 թ.սեպտ. եղել է Կրոնական ժողովի ատենապետ։

1990թ. նոյեմբերի 6-ին          Ն.Ա.Տ. Գարեգին Բ. Պատրիարքի կողմից նշանակվել է միջեկեղեցական գործերով պատրիարքական փոխանորդ։

1991-1997թթ.   նշանակվել է Քահանայական լսարանի տեսուչ։

1991-1997թթ.   նշանակվել է Ն.Ա.Տ. Գարեգին Բ. Պատրիարքի խորհրդակցական մարմնի փոխատենապետ։

1992 թ. դեկտեմբերի 5-ին     Ն.Ս.Օ.Տ.Տ Վազգեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից շնորհվել է արքության տիտղոս։

1996 հունիսին նշանակվել է Պատրիարքական Աթոռի «Շողակաթ» բանասիրական հանդեսի խմբագրապետ։

1997թ. հոկտեմբերի 27-ին    Ն.Ա.Տ. Գարեգին Բ. Պատրիարքի կողմից նշանակվել է Պատրիարքական ընդհանուր փոխանորդ, Ն.Ա.Տ. Գարեգին Բ. Պատրիարքի վախճանումից հետո` Պատրիարքական ընդհանուր փոխանորդ, ապա Պատրիարքական տեղապահ:

1998 թ. հոկտեմբերի 14-ին   Պատգամավորական Ժողովի կողմից ընտրվել է Կոստանդնուպոլսի Հայոց 84-րդ Պատրիարք:

Արժանացել է մի շարք պատվո տիտղոսների ու մրցանակների, անդամակցել տարբեր միությունների:

Դիտել սկզբնաղբյուրը
Place for supporters
& advertisement