Նվիրապետական Աթոռներ

Մարսելի համազգային դպրոցի և Փարիզի դպրոցասեր միության վարժարանի աշակերտների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

 

Ապրիլի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում ընդունեց Մարսելի համազգային դպրոցի և Փարիզի դպրոցասեր միության վարժարանի շուրջ 40 աշակերտների՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի բարերար տիար Սարգիս Պետոյանի:

Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց ձևավորված գեղեցիկ ավանդույթի առիթով, որի շնորհիվ Հայոց ցեղասպանության հիշատակի օրերին Ֆրանսիայի մեջ գործող այս երկու հայկական վարժարանների սաները ամեն տարի այցելում են հայրենիք և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն աշակերտների հետ զրուցեց միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման կարևորության մասին՝ հավելելով, որ դա ոչ միայն ազգային, այլ նաև համամարդկային ընդգրկում ունի, քանի որ պայքարի նպատակն է կանխարգելել նման ոճրագործությունների կրկնությունը մարդկային կյանքում:

Հետաքրքրվելով վարժարանների սաների ուսումնառությամբ` Գարեգին Բ Հայրապետը հորդորեց հայորդիներին ջանասիրությամբ շարունակել ուսումը և դառնալ իրենց ժողովրդի արժանավոր զավակներ՝ բարձր պահելով նրա անունն ու պատիվը Ֆրանսիայի մեջ:

Հայոց Հովվապետը սաներին պատգամեց նաև զորացնել իրենց կապերը Եկեղեցու հետ և մշտապես հաղորդ լինել ազգային արժեքներին ու սրբազան ժառանգությանը, որպեսզի կարողանան անխաթար պահպանել իրենց ինքնությունը:

Հանդիպմանը Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց վարժարանների տնօրեններին, ուսուցչական անձնակազմին և հոգաբարձուներին Հայաստան և Մայր Աթոռ այցելությունները կազմակերպելու համար:

Իրենց հերթին աշակերտներից մի քանիսը ասմունքեցին` հաճելի անակնկալ մատուցելով Վեհափառ Հայրապետին:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ֆրանսահայ աշակերտներին և ի հիշատակ այցի նրանց խաչեր ընծայեց:

 

Դիտել սկզբնաղբյուրը
Place for supporters
& advertisement