Նվիրապետական Աթոռներ

Մոսկվայում կայացավ Քրիստոնեական միջդավանական խորհրդակցական հանձնախմբի 4-րդ գումարումը

Հոկտեմբերի 30-ին Մոսկվայում կայացավ Քրիստոնեական միջդավանական խորհրդակցական հանձնախմբի հերթական, 4-րդ գումարումը` Ռուսաստանի Դաշնության տարածքում գործող երեք քրիստոնեական հարանվանությունների` Ռուս Ուղղափառ Եկեղեցի, Կաթոլիկ և Ավետարանական-Լյութերական եկեղեցիներ, նախաձեռնությամբ և նախագահությամբ։ «Ավետարանի անանց ուժը և դրա նշանակությունը ժամանակակից հասարակության համար» ընդհանուր խորագրի ներքո գումարման քննարկման հիմնական թեման ավետարանական քարոզչության և ժամանակակից հասարակության փոխհարաբերությունների հիմնախնդիրներն ու դրանց հաղթահարման ուղիների մատնանշումն էր:։
 
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ գումարմանը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից մասնակցում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմից Հոգեշնորհ Տ. Պողոս աբեղա Վարդանյանը և Տ. Գևորգ քահանա Վարդանյանը։
 
Տեղի ունեցան չորս կլոր սեղան-քննարկումներ` ա. Հետևել Քրիստոսին։ Քրիստոնեական ինքնությունն այսօր, բ. Խաղաղասիրությունն իբրև ավետարանական ճանապարհ, գ. Ավետարանն իբրև ժամանակակից հասարակության բարոյական ուղեցույց և դ. Ավետարանը և հասարակական ծառայությունը, որոնք եզրահանգումների հիման վրա ամփոփվեցին համաժողովի արդյունքները:
Place for supporters
& advertisement