Նվիրապետական Աթոռներ

Նշվեց Կաթողիկե Ս. Էջմիածնի տոնը

Հունիսի 18-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Ս. Էջմիածնի տոնը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Ս. Պատարագի արարողությանը ներկա էին հայաստանյան թեմերի առաջնորդները, Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսներ և միաբաններ, ինչպես նաև Հայ Եկեղեցու բարերարներ տեր և տիկին Պետրոս և Աննա Օրունճագճիելները (ԱՄՆ), Սփյուռքից ու Հայաստանի տարբեր համայնքներից ժամանած բազմաթիվ ուխտավորներ: 

Ս․ Պատարագի ընթացքում Մուշեղ Սրբազանը մասնավոր անդրադարձ կատարեց տոնի խորհրդին։ «Աստված հայոց հողին էլ իջավ, սրբացրեց այն և բնակվեց այնտեղ: Ոսկե ուռամբ հաստատեց «սուրբ զխորանն լուսոյ», և այդ հայտնության ու եկեղեցու հիմնարկեքի պանծալի հիշատակության համար, այսօր համայն աշխարհից հավաքվել ենք նրա սրբարար կամարների ներքո՝ փոքր և մեծ, արք և կանայք, պաշտոնյա և սպասավոր: 1714-րդ տոնն է այսօր Քրիստոսահիմն Կաթողիկե Ս․ Էջմիածնի: Բացառիկ է այն և խորախորհուրդ, պարգև և ընծա աղոթքի, քարացած տեսիլք, Աստուծո այցելության անջնջելի հետք և խարանված կնիք ի վերա դաշտին Այրարատյան: Լուսակառույց այս սրբավայրի հիմերը՝ ջրհեղեղը հաղթահարած ապառաժներն են, որի վրա սուրբ Լուսավորչի ձեռամբ, նրա սուրբ Աջով օրհնվեց և հաստատվեց տերունապատվեր «Աթոռը քահանայապետական»՝ իբրև մայր հայոց բոլոր եկեղեցիների: Արդ, ավետարանական պատումի նման, հողմ և մրրիկ, փոթորկոտ մարտահրավերներ սարսափելի չէին, քանզի հավատքի վեմի վրա էր կառուցվել Սրբազնասուրբ մեր եկեղեցին», – ասաց պատարագիչ Սրբազանը:

Մուշեղ Սրբազանն իր քարոզում շեշտեց, որ հակառակ պատմության ընթացքում Մայր Աթոռին բաժին ընկած տառապանքներին ու փորձություններին, այն միշտ վեր է հառնել իր հավատավոր զավակների շնորհիվ, որոնց անսակարկ սերն առ Էջմիածինը մղել է իրենց զոհողությունների: «Սերը, գորովանքն ու նվիրումն առ Սուրբ Էջմիածինն անչափելի է, անկշռելի և անգնահատելի: Մեզանից ոմանք սիրում են իրենց մշտական աղոթքով նրա անսասանության համար, ոմանք իրենց սերն արտահայտում են սրտաբուխ և կամ առատաձեռն նվիրատվությամբ՝  նրա շենության ու պայծառության համար: Ոմանք էլ իրենց սերը փոխանցում են նրանց, ում պատմում են հրաշագործ նրա զորության ու փառքի մասին՝ տարածելով ամենուր սուրբ տաճարի Աստվածահաստատ հռչակը։

Այսօր էլ ապրում է Սուրբ Էջմիածինը, սիրելի հավատացյալներ, ձեզ և ձեր նախնիների հետ։ Ձեր հավատքի շնորհիվ, ձեր աղոթքների ուժով է, որ քարեղեն շինվածքից այն դարձել ու մնում է աղոթքի տուն և սնող մայր»,– նշեց Սրբազան Հայրը: Այս կապակցությամբ Մուշեղ Սրբազանը հորդորեց ներկաներին՝  Իջման Սուրբ Սեղանի առջև ուխտել հաճախ այցելել Սուրբ Էջմիածին, զորանալ նրանով և զորացնել նրան, ապրել ու շնչել Էջմիածնով, շենացնել այն և պայծառանալ հայոց եկեղեցիների Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնով:

«Ազգեր ելան և գնացին անհետ: Արհավիրքներ բարձրացան, բայց Քրիստոսի հավատքին փարված մեր հայոց ազգը Խաչով և Էջմիածնում բարձրացված Հայրապետական ու Հանրապետական մաղթանքների զորությամբ դիմակայեց: Էջմիածինն է, որ դարեր ի վեր մեր անօրինակ պատմության ընթացքին իբրև սիրասուն մայր սնեց և որպես ամուր վահան պահպանեց մեզ՝ հասցնելով  21-րդ դար», – եզրափակեց Սրբազան Հայրը:

Տոնի առիթով Մուշեղ Սրբազանը ներկաների անունից շնորհավորեց Ամենայն Հայոց Հայարապետին՝ ցանկանալով նրան արգասաբեր հովվապետության երկար տարիներ:

Պատարագի սրբազան արարողության ավարտին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվեց Ս. Էջմիածնի մաղթանք: Ներկա հավատացյալ ժողովուրդն աղոթք բարձրացրեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի պայծառության ու անսասանության համար:

Մայր Տաճարում տեղի ունեցավ նաև հոգեհանգստյան արարողություն Օրունճագճիել գերդաստանի ննջեցյալների լույս հիշատակի համար:

Place for supporters
& advertisement