Նվիրապետական Աթոռներ

Նշվեց Ս. Գայանյանց կույսերի տոնը

Հունիսի 13-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնեց Ս. Գայանյանց կույսերի հիշատակը:

Առավոտյան Միածնաէջ Մայր Տաճարից եկեղեցականների հանդիսավոր թափորն ուղղվեց դեպի Սուրբ Գայանե վանք` ուխտավորների ուղեկցությամբ վանք տանելով Մայր Աթոռում պահվող սրբուհու մասունքակիր Աջը: Այս առիթով օրհնելով ներկա բարեպաշտ ժողովրդին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը այնուհետև Ս. Աջը փոխանցեց Կանադայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանին:

Ս. Գայանե վանքի առջև թափորին դիմավորեցին վանքի հոգևոր սպասավորները և բազում ուխտավորներ` Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի գլխավորությամբ:

Տոնի առիթով Սուրբ Գայանե վանքում մատուցվեց սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Ս. Գայանե վանքի վանահայր Հոգեշնորհ Տ. Կորյուն աբեղա Առաքելյանը:

Ներկայացնելով սուրբ Գայանեի և մնացյալ կույսերի նահատակության պատմությունը` Հայր Սուրբն ասաց. «Նրանք այն անձինք էին` նվիրյալ անձինք, ինչպես շարականագիրն է ասում, ովքեր շատ սիրեցին Տիրոջը, անձինք, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հանուն Աստծո, հանուն մեր հայրերի այս հողի ու մեր Եկեղեցու կայացման»: Հայր Կորյունը մասնավորաբար անդրադարձավ կույսերի դրսևորած քաջ ոգուն և անսասան հավատին: Հորդորելով հավաքվածներին հետևել սուրբ կույսերի օրինակին և կյանքում առաջնորդվել նույն ոգով` նա նշեց. «Այսօր մենք ևս, որ հավաքված ենք այստեղ, պետք ունենք այդ նույն ոգով զորանալու, պետք ունենք մեր անկեղծ սրտի խոսքը վեր առաքելու առ Աստված՝ խնդրելով Տիրոջից, որ մեր սուրբ կույսերի նահատակության այս վայրերում կրկին ու կրկին ծաղկեն ու շենանան վանական միաբանությունները…»:

Պատարագիչ Հայր Սուրբը հայցեց նաև սուրբ Գայանյանց կույսերի բարեխոսությունը հայ ժողովրդի, Հայոց Եկեղեցու և հայրենիքի պայծառության ու բարօրության համար:

Ս. Պատարագի ավարտին, հանդիսապետությամբ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի, կատարվեց Անդաստանի կարգ: Ապա տոնական օրվա առիթով «Հրաչ և Սյուզան Թուֆայան» հայորդյաց տան սաները հանդես եկան ազգային երգերի կատարումներով:

Place for supporters
& advertisement