Նվիրապետական Աթոռներ

Սուրբ Ստեփանոսի տոնին կատարվեց սարկավագական ձեռնադրություն

Դեկտեմբերի 24-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով նշեց Սուրբ Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օրը, որը նաև Եկեղեցու անդաստանում ծառայող սարկավագների տոնն է:

Նախօրեին՝ դեկտեմբերի 23-ի երեկոյան, Մայր Աթոռի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Գևորգյան հոգևոր ճեմարանի Բ լսարանի 3  սաներ ստացան դպրության աստիճաններ, ճեմարանի Դ լսարանի 12 և Քահանայից պատրաստության լսարանի 4 սաներ ուրարակրության աստիճան, իսկ Գևորգյան հոգևոր ճեմարանի Ե լսարանի 26 սաներ կիսասարկավագության աստիճան:

Տոնին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ սարկավագական ձեռնադրության արժանացան Գևորգյան հոգևոր ճեմարանի 26 սաներ:

Սուրբ Պատարագի ընթացքում, Ձեռնադրության սուրբ խորհրդի ավարտին, Սրբազան Հայրը, անդրադառնալով Սուրբ Ստեփանոսի կերպարին ու նահատակության պատմությանը, ի մասնավորի նշեց. «Ս. Ստեփանոսի նահատակության հրաշալի դրվագը և նրա զղջացող, բարի, ողորմած կերպարը միշտ մեր սրտերի մեջ է եղել: Այսօր էլ, երբ փորձում ենք անդրադառնալ, ապա տեսնում ենք, որ Ստեփանոսն առաջին նահատակը եղավ, նրանից հետո` հարյուրներ ու հազարներ: Եվ միշտ մտածում ենք՝ որքան նրանք սիրեցին Քրիստոսին, որքան կարողացան հետևել Նրա ճշմարիտ խոսքին, որ ապրել Քրիստոսով ավելին էր, քան ապրել առանց Քրիստոսի: Միշտ մտածում ենք, որ ինչպիսի՞նն է մարդը, որ որոշում է կայացնում կամավոր նահատակվելու հանուն հավատքի: Այո՛, մենք նաև այդպես կամավոր պատրաստ ենք լինում նահատակության հանուն մեր երկրի, հանուն մեր հավատքի, հանուն մեր Ս. Էջմիածնի ու քրիստոնեական կրոնի: Եվ սրա համար մարդկային շատ բարձր գիտակցություն և կերպար է հարկավոր, ինչն իր մեջ ուներ հենց ինքը` Սուրբ Ստեփանոս Նախավկան»:

Շնորհավորելով նոր ձեռնադրված սարկավագներին՝ Վազգեն եպիսկոպոսն ասաց. «Ձեր կյանքի ողջ ընթացքում հանկարծ երբեք չսասանվե՛ք: Այս կոչումը, որ ստացաք, անարատ պահ՛ք, ապրե՛ք Ս. Ստեփանոս Նախավկայի կերպարով և ամբողջ զորությամբ աղոթեցե՛ք Աստծուն և խնդրե՛ք սրբի բարեխոսությունը, և Ձեզ կտրվի ամեն բան: Սարկավագերը մեր եկեղեցու կարևորագույն սպասավորներից են: Նրանք բարեջան ծառայություն են մատուցում Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, մեր թեմերում, Հայոց բանակում, շատ-շատ տեղերում` հոգևոր խնամք տանելով մեր հավատացյալ ժողովրդին»:

Սրբազանը, իր շնորհավորանքներն ուղղելով սարկավագների ծնողներին տոնի խորհրդի կապակցությամբ, հաստատեց, որ նրանք սրտի թրթիռով են սպասել այս օրվանը և գեթ մեկ անգամ չեն ափսոսել իրենց զավակներին Աստծո սուրբ սեղանի սպասավորությանը նվիրելու համար:

Վազգեն Սրբազանը ձեռնադրության առիթով շնորհավորեց նաև Սուրբ Պատարագի արարողությանը ներկա Ամենայն Հայոց Հայրապետին՝ մաղթելով նրան կյանքի արևշատ տարիներ և անսասան հովվապետություն:

Ս. Պատարագի ավարտին եկեղեցականաց դասը և ներկա բարեպաշտ ժողովուրդը հնարավորություն ունեցան նաև համբուրելու տոնի առիթով Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանից Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի բերված Ս. Ստեփանոսի մասունքակիր Աջը և ստանալու նրանից բխող օրհնությունը:

Place for supporters
& advertisement