Նվիրապետական Աթոռներ

Ս. Վարդանանց տոնին նվիրված հանդիսություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

 

Փետրվարի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում տեղի ունեցավ Ս. Վարդանանց զորավարների տոնին նվիրված հանդիսություն: Միջոցառմանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներ, հայաստանյան տարբեր կրթական հաստատությունների ուսանողներ և զինվորականներ:

Ցերեկույթը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո հնչեցին ՀՀ և ճեմարանի օրհներգերը: Բացման խոսքով հանդես եկավ Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը:

Անդրադառնալով օրվա խորհրդին` Հայր Սուրբն ի մասնավորի նշեց. «Երևանի պետական համալսարանի հետ համատեղ կազմակերպվող այս ավանդական դարձած միջոցառումը գալիս է վկայելու, որ Վարդանանց սխրանքն այսօր էլ պատգամ դարձած կենսանորոգումի առիթ է մեզ ամենքիս համար: Ազգային ինքնությունը մեր օրերում երբեմն կարող է դիտարկվել որպես սոսկ ավանդությունից կառչած լինելու իրականություն: Սակայն, վարդանանց բովով անցած մեր ազգի պատմությունը մեզ ուսուցանում է, որ մենք ունենք պատասխանատվություն մեր նախնյաց կատարած հերոսության առջև. այդ պատասխանատվությունը հային հայ դարձնող իր քրիստոնեական արժեհամակարգով ապրելն է, որի մեջ պարզ ուղենշված են ժամանակակից մարդու, երիտասարդի համար այդքան թանկ ազատության և իրավուքների իրացման ամենից տեսանելի ուղիները: 

Հետաքրքրական է, որ հայերիս ամենից նվիրական իղձերը կապված են ոչ թե անհատական բարօրութեան գաղափարի հետ, այլ համընդհանուր կյանքի ծաղկման ու զորացման հետ: Մի ազատություն, որի գերնպատակն է լոկ անհատի բարեկեցությունը և շահը, մի ազատություն, որ զերծ է այլոց հանդեպ հանձնառությունից, և մի ազատություն, որ չունի սեր ու հայրենասիրություն, չի կարող համահունչ լինել տասնհինգ և ավել դարեր առաջ մեր ազգի մեջ արմատավորված արժեքներին և հանուն այդ արժեքների նրանց թափած արյանը: Դավիթ մարգարեն, եղբայրների մեջ միասնությունը դրվատելով, այն համարում է մեծապես բարի և վայելուչ: Մեր պատմության հերոսական բոլոր անցքերը տեղի են ունեցել հենց այդօրինակ միասնականության շնորհիվ, որ այսօրվա Վարդանանց խորհրդով վերահնչում է որպես հաղթանակի հասնելու միակ բանալի: Ազգայինն ու հոգևորը Վարդանանց օրինակով միաձուլվում են և կերտում մեր ինքնությունը, որ ամենից զորեղ զենքն է մեր: Հիշենք, որ պատերազմները տեղի են ունենում զենքերի օգնությամբ, սակայն դրանցում հաղթում են մարդիկ: Առաջնորդող մարդկանց և նրանց հետևող մարդկանց ոգին է, որ հասնում է հաղթանակի»:

Հայր Գարեգինը փաստեց նաև, որ իր հիմնադրումից ի վեր Առաքելական Սուրբ Եկեղեցին եղել է կրողն ու փոխանցողը, ինչպես և երաշխավորողը հայոց ազգի կյանքում աստվածային շնորհների ու առաքինությունների կենսագործման և հայոց հայրապետներն ու վարդապետներն իրենց օրինակով ցույց են տվել, որ քաջ ու անվեհեր հավատքով մարդն այն մարդն է, ով համբերում է մինչև վերջ` անկախ բոլոր փորձություններից ու պատուհասներից:

Վերջում Հայր Սուրբը ներկաների անունից իր շնորհավորանքները փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին անվանակոչության ուրախալի օրվա առիթով՝ մաղթելով, որ Նորին Սրբության` Հայ Եկեղեցու զորացման հետ կապված բյուրավոր տեսիլքներից շատերը կյանքի կոչվեն, որպեսզի համայն հայոց ազգն ի Հայաստան և ի Սփյուռս նրա միջոցով Սուրբ Էջմիածնից բերվող լույսով ու զորությամբ ամուր մնա իր հավատքի մեջ, անսասան ազգային իր նկարագրի մեջ և մշտապես հառած լինի իր հայացքը դեպի Արարիչ Տերը, դեպի իր Սուրբ Եկեղեցին և դեպի սրբազան երկիրն Արարատյան:

Հանդիսության մասնակիցներին իր ողջույնի խոսքը հղեց նաև ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր, տ. գ. թ., դոցենտ Ռուբեն Մարկոսյանը:

Ս. Վարդանանց սխրանքի մասին բանախոսությամբ հանդես եկավ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի դասախոս պ.գ.թ., դոցենտ Միքայել Մալխասյանը:

Միջոցառման ընթացքում Վարդանանց խորհրդին նվիրված հոգևոր ու հայրենասիրական երգերով ելույթ ունեցան Գևորգյան հոգևոր ճեմարանի, Երևանի պետական համալսարանի երգչախմբերն ու «Նարեկացի» նվագախումբը:

Ցերեկույթն ամփոփվեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի պատգամով ու օրհնությամբ: Խոսելով Ավարայրի ճակատամարտի խորհրդի մասին` Նաթան Սրբազանն ընդգծեց, որ, ցավոք, մեր Ավարայրը չի ավարտվել, այն շարունակվում է ամեն վայրկյան, ամեն ժամ, ամեն օր, շարունակվում է այսօր՝ հենց մեր կյանքի մեջ:

«Ավարայրի խորհուրդը հավիտենական է մնում մեզ համար, քանի դեռ վերջնական հաղթանակը չկա իրական քրիստոնեության: Ոչ թե ձևական քրիստոնեության, ոչ թե, որ կանգնեն ինչ-որ տեղ և դեմքները խաչակնքեն կամ ասեն՝ մենք հայ քրիստոնյա ենք, ո՛չ: Հայ քրիստոնյան այն զինվորն է, որ իր կյանքն ամեն վայրկյան վտանգում է իր ժողովրդի, իր հայրենիքի և, առաջին հերթին, իր Աստծու համար», – նշեց Նաթան արքեպիսկոպոսը` մաղթելով, որ հայ ժողովուրդը տեսնի մերօրյա Ավարայրի իրական հաղթանակը:

Հանդիսությունն ավարտվեց «Պահպանիչ» աղոթքով:

Դիտել սկզբնաղբյուրը
Place for supporters
& advertisement