Նվիրապետական Աթոռներ

Տոնախմբվեց Ս. Հռիփսիմյանց կույսերի հիշատակը

Հունիսի 12-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնեց Ս. Հռիփսիմյանց կույսերի հիշատակը: Տոնական այս օրը նաև Ս. Հռիփսիմե վանքի ուխտի օրն է, երբ Մայր Աթոռից սուրբ Հռիփսիմե վանք է տարվում սրբուհու մասունքն ամփոփող Աջը:

Առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների թափորը, Էջմիածնի Հայորդյաց տան սաների թմբուկների զարկերի ներքո, շարժվեց դեպի Սուրբ Հռիփսիմե վանք: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասունքակիր Ս. Աջով օրհնեց բարեպաշտ ժողովրդին, ապա Ս. Գրիգոր Լուսավորչի կամարի առջև այն փոխանցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանին:

Ս. Հռիփսիմե վանքի առջև թափորին դիմավորեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը վանքի հոգևոր սպասավորներն ու բազմաթիվ ուխտավորների հետ:

Տոնի առիթով վանքում մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան Հոգեշնորհ Տ. Համբարձում աբեղա Արաբյանը:

Ս. Պատարագի ընթացքում Հայր Սուրբն անդրադառնալով Ս. Հռիփսիմյանց կույսերի կյանքին ու նահատակության պատմությանը, Քրիստոսի և քրիստոնեական հավատի հանդեպ դրսևորած հավատարմությանն ու նվիրումին:

Հայր Համբարձումը հորդորեց հավատացյալներին աղոթքով հայցելու սուրբ Հռիփսիմե կույսի բարեխոսությունը մեր հայրենի երկրի ու հայ ընտանիքների համար, որպեսզի կարողանան հաղթահարել կյանքի բոլոր դժվարությունները և շարունակել խաղաղության մեջ ապրել և արարել:

Ս. Պատարագի ավարտին, հանդիսապետությամբ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի, Ս. Աջով կատարվեց հավատացյալների օրհնություն և Անդաստանի կարգ:

Արարողությանը մասնակցում էին Մայր Աթոռի միաբաններն ու տարբեր թեմերից հոգևոր հովիվների առաջնորդությամբ ժամանած ուխտավորներ:

 

Place for supporters
& advertisement