Նվիրապետական Աթոռներ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցավ ՀՀ-ում Ղազախստանի դեսպանի հետ

Հունվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թեմուր Ուրազաևին։
 
Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց դեսպանին պաշտոնավարման ընթացքում երկու երկրների միջև հարաբերությունների և համագործակցության զարգացման գործում ներդրած ջանքերի համար: Վեհափառ Հայրապետը նաև գոհունակությամբ անդրադարձավ Մայր Աթոռի և Ղազախստանի Հանրապետության միջև ձևավորված սերտ գործակցությանը, մասնավորապես միջկրոնական երկխոսության կազմակերպման ոլորտում, Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների համագումարի շրջանակներում։
 
Դեսպան Թեմուր Ուրազաևն իր հերթին գնահատանքով խոսեց հայ-ղազախական փոխհարաբերությունների, ինչպես և Հայաստանում ծառայության տարիների իր տպավորությունների և Ղազախստանում ապրող հայ համայնքի մասին։
 
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց արցախյան պատերազմին, հետպատերազմյան դժվարություններին և առկա խնդիրների հաղթահարման ուղիներին։
 
Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը դիվանագիտական առաքելությունն ավարտող դեսպանին մաղթեց արգասաբեր գործունեություն և հաջողություններ հետագա ծառայության մեջ:
Դիտել սկզբնաղբյուրը
Place for supporters
& advertisement