Հարցազրույցներ

«Եկեղեցին մեր հոգու հայրենիքն է». Տ. Իսահակ վրդ. Պողոսյան

Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդ Հայր Սուրբի հետ զրուցել ենք իր անցած ճանապարհի, հոգևորականի դերի և առաքելության, ինչպես նաև բուլղարահայոց թեմական կյանքի մասին:

– Հայր Սուրբ, ինչպե՞ս սկսվեց հոգևորականի Ձեր ուղին, ի՞նչը Ձեզ տարավ ճեմարան:

-Ճեմարան գնալու իմ ուղին հարթվել է դեռևս մանկուց`մեծ մասամբ ծնողներիս, մասնավորաբար, հայրիկիս թելադրանքով և հետևողական ուշադրությամբ պայմանավորված:

Ծնվել եմ հասարակ ու ամենասովորական`վարորդի ու բանվորուհու ընտանիքում: Այն ժամանակ (80-90-ական թթ) դեռ պահպանվում էր սովետմիության շունչը, տակավին երևան էին գալիս հակաազգային ու ապահայկական տրամադրությունները, խաչ կրելը կամ Աստված քարոզելը համարվում էր հետադիմություն, թեև հայտնի է, որ խելացի ու փորձառու մարդիկ միշտ էլ հարգանքով են վերաբերվել սրբություններին: Այն տարիներին ճեմարանում սովորելն այնքան էլ չէր խրախուսվում, չնայած որ ճեմարանավարտները կրթված մարդիկ էին համարվում: Հաճախել եմ Երևանի առաջին կիրակնօրյան, որը կյանքի կոչվեց ներկայիս Ամենայն Հայոց Հայրապետի (այն ժամանակ` Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդի) ջանքերով: Նախքան ճեմարան ընդունվելս  հաճախ լուսահոգի Խորեն Պալյանի ու հայոց սոխակ Լուսինեի ուղեկցությամբ, կիրակի և տոն օրերին այցելել եմ Մայրավանք, մասնակցել եմ Պատարագների Ս. Շողակաթ վանքում և մի առանձին հարգանքով եմ հիշում հատկապես երկու Տ. Գրիգոր քահանաներին:

«Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգւոյս…», – ի՞նչ կասեք Թեքեյանական այս ձևակերպման հետ կապված. ի՞ նչ է Ձեզ համար հայոց եկեղեցին:

-Հայոց եկեղեցին իր Սուրբ Մայրավանքով մեր հոգու հայրենիքն է ու երկրային դրախտը, հայ ոգու դարբնոցն ու սրբություն սրբոցը, որը կարող է բոցավառվել ամեն մի հայի հոգու լույսով: Մենք ասում ենք` Մայր եկեղեցի, և սրանով ամեն բան այլևս ասված է: Գիտենք, թե որքան ավելի պատրաստ մոտենանք սրբությանը, այնքան ավելի կսրբանանք: Նույնն է սկզբունքը նաև եկեղեցու պարագային:

-Հայր Սուրբ, ո՞վ է հոգևորականը: Այսօր նյութականի և օտար, կեղծ արժեքներով լի մեր ժամանակներում հոգեւոր խոսքը լսելու անհրաժեշտությունը կա: Դուք ի՞նչ միջոցներ եք օգտագործում՝Աստծո խոսքին հաղորդ դարձնելու համար, և ի՞նչ կարող է այն պարգևել մարդուն:

-Հոգևորականը և մասնավորապես հայ հոգևորականը հայ հոգու թարգմանն է, երաշխավորն ու ուսուցիչը, միջնորդը մարդ-Աստված հարաբերության մեջ: Պատահական չէ, և նաև բնական, որ մեր ժողովուրդն իր հաջողությունների ու դժբախտությունների մեջ, թող որ, գուցեև անարդարացի, հաճախ մատնանշում է հոգևորականի դերակատարությունը:

Այսօր արդեն անմերժելի է, որ աշխարհի մարդկությունը հիվանդ կենցաղավարություն ունի, և սա որոշ իմաստով քրիստոնեության, իսկ ավելի ստույգ` քրիստոնյա հանրության նահանջն է (եթե չասենք պարտությունը), որովհետև հաճախ բավական ուշացած է լինում մարդու անդրադարձը իր ապրած կյանքին ու դավանած արժեքներին: Սա մեղադրելով չէ, որ ասում եմ: Պարզապես աշխարհով մեկ տարածում գտած մտացածին, մեքենայական ու անբնական երևույթները, նյութականի փնտրտուքը մի կողմից մատնանշում են մարդկության խոտոր ընթացքը, մի կողմից` եկեղեցու և եկեղեցականի կարևորությունը, իսկ մյուս կողմից`կոչված են մարդկությանը մղելու անհրաժեշտ անդրադարձի, այլապես մարդկությունը հաստատ քայլերով բոլորովին այլ նպատակակետի է հանգելու:

Ինչպես պատգամում է մեր եկեղեցին՝ անհրաժեշտ է մանկուց սերտել Աստծո խոսքը և ազնիվ աղբյուրից, հասակ առնել արդեն որպես մկրտված` որդեգրված ու քրիստոնյա անձ: Իր ազգայինը կամ մշակույթը, հատկապես լեզուն, գրականությունն ու պատմությունը բավարար չափով իմացող անձն անկարելի է, որ հաճախադեպ գայթակղվի, հայտնվի այնպիսի բավիղներում, որպիսիք այսօր, դժբախտաբար, տարածված երևույթներ են: Իսկ Աստծո խոսքը, ինչպես իրավմամբ նկատում է սաղմոսերգուն, ոտքերին ճրագ ու ճանապարհին լույս է: (հմմտ. Սաղմ. 118:105) Չենք կարող մի ամբողջ կյանք ապրել ինչպես պատահի և ապա սրտնեղել անարդարություններից: Որքանո՞վ ընդունելի է այն անձի պահվածքը, որ թեև քրիստոնյա է համարում իրեն և առաքելական եկեղեցու հետևորդ, բայց ազգային կյանքում իր բացակա կեցվածքով, իր նմանի հանդեպ  անտարբերությամբ, իր թերամտությամբ ոչ միայն չի նպաստում իր տեսակի, իր հավատքի ամբողջությանը, այլև բառացիորեն վնասում է, եթե չասենք՝թունավորում է իրեն ու շրջապատը: Ուրեմն, եկեղեցին այն ինստիտուտն ու միջավայրն է, որը կոչված է երաշխավորելու և սրբագրելու մարդկության ընթացքը, ապահովելու հիրավի լուսավոր գալիք՝լինի դա անհատի, թե ընդհանուրի համար:

-Հայր Սուրբ, գիտենք, որ նաև ստեղծագործում եք:

-Ստեղծագործելու, արարելու շնորհն ավել-պակաս ունի ամեն ոք: Սա, ինչպես իրավամբ նկատել են որոշ մտածողներ, Աստծուն մոտ կանգնելու, Նրա հետ լինելու, աստվածայինին ավելի մոտից առնչվելու և այն տեսանելի կերպով երևան հանելու, մեր` աստվածային էակներ լինելու փաստարկումներից մեկն է: Բովանդակ մարդկությունն ու գեղատեսիլ աշխարհն արդեն Աստծո սիրո և ստեղծագործության արդյունք և հետևանք է: Ունեմ մի շարք գրքեր, նաև չափածո. լիահույս եմ, որ գալիքին նորերն էլ լույս աշխարհ կգան, քանի որ մտքիս մեջ վաղուց արդեն ունեմ մի շարք մտածումներ: Ներկայումս պատրաստության մեջ է պահքի և մասնավորապես Մեծ Պահքի մասին եռալեզու` արևելահայերեն, արևմտահայերեն և բուլղարերեն գրքույկը: Գալ տարի նույն սկզբունքով կպատրաստենք նաև մի քարոզների ժողովածու և «համառոտ քրիստոնեականը»:

-Հայր Սուրբ, արդեն 2 տարի է՝Բուլղարահայոց թեմի առաջնորդ եք: Պատմեք, խնդրեմ, Ձեր գործունեության առաջնահերթությունների մասին. ի՞նչ ծրագրեր է իրականացնում թեմը. ի՞նչ խնդիրներ ու դժվարություններ կան:

-Հայկական սփյուռքը և մասնավորաբար Բուլղարիայի հայոց թեմը մեր ցավոտ երեսն է: Ձեր երևակայության ներածի չափ երևակայեցեք մի բազմանդամ ընտանիք՝ իր ամենօրյա հոգսերով ու դժվարություններով: Ես տարբեր առիթներով ասել եմ, որ առաջնահերթությունը մեկն է` հային հայ պահելը, մարդուն մարդ պահելը: Թեմն ապրում է իր անշրջանցելի դժվարություններով: Դրանցից շատերը հին ու խորը արմատներ ունեն: Սակայն գրեթե ամեն գնով հարկ է սրբագրել ու ճանապարհ հարթել վաղվա օրվա համար: Անհրաժեշտ է որոշ վայրերում տիրապետող համարվողից ավելի թարմ ու նոր մտածողություն ձևավորել,  ժամանակի մեջ ապահովել վստահություն և օրինակ, մարդկանց առնչակցել հայրենի ավանդներին ու արմատներին: Հակառակ դեպքում, լավագույն պարագային կունենանք եռացող աշխատանք, բայց մեռած կյանք (ինչպես մի առիթով նշում է մեր դասականը՝Նար-Դոսը): Ծրագրեր միշտ կան` բազմածալ ու ընդգրկուն. նախատեսել ենք մեծ ծավալների գրատպություն, հայապահպանությանն ու հոգևոր առաջընթացին առնչվող ձեռնարկներ, եկեղեցաշինություն: Գրեթե ամենուր ունենք բավական նվիրյալ ու ծառայասեր անհատականություններ և ակտիվ կազմակերպություններ: Սեպտեմբերին նախատեսում ենք շուրջ 90 երիտասարդ հայորդիների ուխտագնացություն Մայր Հայաստան: Գալ տարի ուխտավորաբար կայցելենք նաև Երուսաղեմի Սուրբ աթոռ և շատ հնարավոր է՝ կրկին հայրենիք: Դժվարությունները հաճախ օբյեկտիվ ու սկզբունքային են. վերաբերում են ամենատարբեր հարցերին: Հուսադրող է, որ, այդուհանդերձ, մարդիկ համամարդկայինի ու ազգայինի նկատմամբ հետաքրքրություն ու տեսակետ ունեն: Եվ շատ հնարավոր է, որ մեկ օր տեսակետների բախումների բնական շրջափուլում ամեն բան կզուլալվի, ու մեր կյանքն էլ կդառնա ավելի նպատակասլաց:

Հարցազրույցը`Մարիամ Ավետիսյանի

Place for supporters
& advertisement