Հարցազրույցներ

Հայրենիք ուխտագնացությունը լավագույն կամուրջներից է՝ սփյուռքահայերի վերադարձն ապահովելու համար. Տ. Թովմա վարդապետ Խաչատրյան

Այս տարի հուլիսի 4-7-ը կանցկացվի Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի սրբազան Արցախ» ուխտագնացությունը: Կազմակերպվելիք միջոցառումների մասինՀԱՅ ՁԱՅՆ լրատվականը զրուցել է ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ և Կենտրոնական գրասենյակի տնօրեն Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանի հետ:

-Առաջին անգամ Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման ուխագնացությունը լինելու է դեպի Արցախ: Ի՞նչ նպատակներ եք սահմանել և ի՞նչ է նախատեսվում ուխտագնացության 4 օրերի ընթացքում:

– Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման գործունեության մեջ կարևորագույն տեղ է զբաղեցնում ուխտագնացությունը: Նշեմ, որ ուխտագնացություններ կազմակերպվում են ոչ միայն դեպի հայրենիք և Սուրբ Էջմիածին, այլև տարածաշրջանային մակարդակով: Օրինակ` նախորդ տարի նոյեմբերի 22-25-ը նման ուխտագնացություն անցկացվեց Մոսկվայում: Այդպիսի հավաքներ են անցկացվել նաև Եվրոպայի հայ համայնքներում:

«Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի սրբազան Արցախ». սա հրավեր է՝ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնաբեր հրավերը հայ եկեղեցասեր երիտասարդներին` այցելելու սրբազան Արցախ և արցախահայությանհերոսական ոգով գոտեպնդվելու: Ուխտագնացությունն առաջին հերթին հոգևոր երևույթ է. երիտասարդն իր ուխտն է կապում Աստծո հետ՝ իր կյանքում շատ կարևորագույն մի փոփոխության համար:

Սա նաև առիթ է, որ երիտասրադները, հատկապես՝ սփյուռքի, ճանաչեն Արցախը: Ի վերջո, Արցախը մեր նորագույն պատմության փառահեղ հաղթանակն է, ամենակարևոր ձեռքբերումը: Հայ երիտասարդը պետք է հաղորդակից դառնա այդ հաղթանակի արդյունքին, լինի այդ հաղթանակն ապահովող օղակներից մեկը և նաև պատասխանատվություն զգա այդ սրբազան հողի հանդեպ:

Ես, օրինակ, տեղս չեմ գտնում, երբ ասում են, որ մեր ժողովրդին պետք է պատրաստենք խաղաղության: Ես մեր ժողովրդից ավելի խաղաղասեր ազգ չեմ ճանաչում: Մեր ժողովուրդը խաղաղ է. այն պաշտպանական դիրք է ունեցել նաև արցախյան հարցում և իր ամենակենսական՝ ապրելու իրավունքն է պահպանել գրեթե առանց միջոցների, Աստծո օգնությամբ: Հայ երիտասարդը պետք է հասկանա և պատրաստ լինի ցանկացած պահի լինել Սրբազան Արցախի կողքին, նեցուկ լինի Արցախի ժողովրդին: Իսկ դա առաջին հերթին սկսվում է  ճանաչողությունից:

-Այսինքն, խնդի՞ր է դրված կապ ստեղծել Հայաստանի, Արցախի և սփյուռքի երիտասարդների միջև:

Այո՛, մենք խնդիր ունենք նաև սոցցանցերի կամ տարբեր տեղեկատվական հարթակների միջոցով ակտիվացնելու Հայաստանի, Արցախի և սփյուռքի երիտասարդների միջև կապը, ավելի առարկայական համագործակցություն սկսել: Օրինակ` հարթակներ ստեղծել, որտեղ երիտասարդները կարող են նաև գործնական շփումներ ունենալ: Ինչո՞ւ ոչ, սփյուռքի երիտասարդներին ներկայացնել Հայաստանում կամ Արցախում ստեղծված ինչ-որ ստարտափեր, և եթե կհետաքրքրի նրանց, կարող են դառնալ այդ ծրագրերի ներկայացուցիչներն իրենց երկրներում:

Այստեղ մեր հետաքրքրությունն այդ հարթակը ստեղծելն է և գործընկերությունն ապահովելը, մնացածն արդեն իրենց աշխատանքային հարաբերություններն են:

Ակնկալում ենք նաև մեր պետական, հասարակական կառույցների ներկայացուցիչների մասնակցությունն այդ ամենին: Հրավերներ ուղարկվել են նրանց, և արդեն կան պատասխաններ: Ակնկալում ենք, որ այս ուխտագնացության շրջանակներում Արցախ այցելած երիտասարդները վերադառնան և իրենց թեմական, երիտասարդական ծրագրերը իրականացնեն: Մենք՝ որպես Կենտրոնական գրասենյակ, պատրաստ ենք աջակցելու մեր հնարավորությունների չափով:

-Նախորդ տարի կազմակերպված ուխտագնացության ընթացքում նախատեսված էին նաև բարեգործական ծրագրեր: Հետաքրքիր է՝ այս տարի նախատեսվա՞ծ են նման ծրագրեր:

-Երբ լինում են հովանավորներ, բարերարներ կամ էլ ՀԵՀԵՄ-ի խնայված միջոցներ, դրանք ուղղվում են բարեգործությանը:  Սակայն ձևաչափը չէի անվանի բարեգործական, որովհետև բարեգործությունը քրիստոնեության մեջ սրբազան պարտականություններից մեկն է: Քրիստոնյայի առաքելությունն է ձեռք մեկնել իր կարիքավոր եղբորը: Ավետարանն ասում է՝ երանելի է տալը, քան առնելը,  հետևրաբար այս սկզբունքը կա նաև ուխտագանցության շրջանակներում:

Նշեմ նաև, որ պարտադիր չէ ամեն տարի ուխտագնացություն անցկացնել: Յուրաքանչյուր թեմ տարվա ընթացքում իր ծրագրերն է իրականացնում: Օրինակ` այս տարի, հենց այն օրերին, երբ նախատեսված է ուխտագնացությունը, Հայաստան են գալու ԱՄՆ Արևելյան թեմի եկեղեցու երիտասարադները՝ իրենց առանձին ծրագրերով: Այստեղ են լինելու նաև Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի մոտ 4 տասնյակ երիտասրադներ: Նշեմ, որ նրանք կմիանան մեզ գալա ընթրիքի ժամանակ:

-Սփյուռքում ծնված ամեն նոր սերնդի հետ ավելի է խորանում լեզվի պահպանության, պատմության իմացության և հայրենիքի հետ կապի խնդիրը: Ուխտագնացության և կազմակերպվող միջոցառումների միջոցով հնարավո՞ր է լինում թեկուզ մասնակիորեն լուծել այս հարցերը:

-Եկեղեցին այսօր ամենամեծ համահայկական կառույցն է, և, իմ կարծիքով, ամենակարևորն այն է, որ այն չունի քաղաքական ընդգծվածություն, ինչն ապահովում է մեր ժողովրդի տարբեր շերտերի միասնականությունը: Հավատքի շուրջ, Պատարագի շուրջ այս համախմբումը, կարծում եմ, անփոխարինելի է: Այստեղ կարևոր է ընտանիքը, որը երիտասարդին կամ երեխային մշտապես ուղղորդում է դեպի համայնք և եկեղեցի:

Հիմնական հարցն այն է, որ մենք աշխատում ենք զորացնել մերառաքելությունը երիտասարդներին ծառայելու ճանապարհով: Այստեղկենսական բաղկացուցիչ է հայրենիքի ճանաչողությունը: Հայորդիներըսփյուռքի եկեղեցու մեջ իրենց զգում են ինչպես հայրենիքում, և երբ իրենցՀայաստանի տեղն ես ցույց տալիս կամ որևէ ծրագիր, որն իրենց սրտին շատմոտ է, նրանք ցանկանում են մասնակից լինել այդ ամենին:

-Իրենք՝ երիտասարդները, ի՞նչ խնդիրներ են առաջ քաշում, ի՞նչ հարցերի պատասխաններ են փնտրում մայր հայրենիքում:

-Բազմապիսի են խնդիրները, որոնք կարող են առաջադրվել նրանց կողմից: Յուրաքանչյուր անձ իր համար ձևակերպում է խնդիրների օրակարգը, որը կարող է տարեցտարի փոխվել: Հայրենիքիը շատ բան ունի տալու սփյուռքի հայորդիներին, ինչպես նաև սփյուռքը` հայրենիքին: Եթե այս փոխհասկացողությունը առավել ամրապնդվի, հաջողությունը շատ ավելին կլինի: Ես շատերին գիտեմ, ովքեր այստեղ տուն են գնել, իրենց երեխաներին այստեղ են ամուսնացնում կամ մկրտում: Հայրենիքի գաղափարը մեծ տեղ ունի սփյուռքում:  Բայց ես չէի ցանկանա առանձնացնել միայն սփյուռքահայությանը, որովհետև ՀԵՀԵՄ-ը նաև Հայաստանի և Արցախի մեր թեմերի երիտասարդական կառույցներին միավորող կառույցն է: Մեր գաղափարը միասնականությունն  է: Աշխարհի տարբեր ծագերում ապրող հայերը պետք է լինեն իրար կողքի՝ լծված նույն աղոթքն ասելուն, միասնաբար ծրագրեր քննարկելուն:

Ամենամեծ խնդիրը, իմ կարծիքով, այն է, որ երբ ծրագիրն ավարտվում է և երիտասարդները վերադառնում են իրենց տուն, հարց է առաջանում՝ հետո ի՞նչ է լինելու: Այդ «հետոն» շատ է հնչում ՀԵՀԵՄ-ի երիտասարդների շրջանում: Երբ Եվրոպայի ՀԵՀԵՄ ժողովներն էինք կազմակերպում, փորձեցինք անդրադառնալ «հետոյի» հարցին, և միասնաբար պարզեցինք, որ «հետոն» հենց այն հավաքն է, որ անում ենք: Այսինքն` արդեն արդյունք է, որ մենք կարողացել ենք հավաքվել, մեկս մյուսին պատմել մեր մասին, ծանոթանալ, փոխանցել մեր փորձառությունը:

Սփյուռքում, օրինակ, համայնքներ կան, որտեղ երիտասարդները համախմբված են ազգային պարի ուսուցման շուրջ, մեկ այլ տեղ՝ լեզվի ուսուցման, համայքներ կան, որտեղ հավաքված են մարմնակրթական ծրագրերի շուրջ և այլն: Եվ մեկը մյուսին փորձառություն փոխանցելու այս պրակտիկան շատ օգտակար է:

-Այս տարի արդյո՞ք ընդլայնվել է ծրագիրը՝ մասնակցության և աշխարհագրական առումներով:

-Աշխարհագրական առումով գրեթե նույնն է, բայց մասնակիցների թիվն ավելի քիչ է, որովհետև նախորդ տարի մեծ ուխտագնացություն էր կազմակերպված: Պետք է հասկանանք, որ յուրաքանչյուր տարի մեծ ուխտագնացություն անել և համախմբել սփյուռքի մեր եկեղեցասեր երիտասարդական կառույցների կազմն այդքան էլ հեշտ չէ: Կարող եմ ասել՝ սա միջանկյալ ծրագիր է, որը, սակայն, կարևորելու է Արցախը՝ որպես երևույթ, հայ երիտասարդի մտքի, սրտի մեջ, որպեսզի նա առիթ ունենա շփվելու, կապեր հաստատելու Արցախում: Որքան էլ հաճախ դժվար է լինում, սակայն այս ամենը նստավածք է տալիս: Երբ ծրագիրն ավարտվում է, մնում են քաղցր հիշողություններ, և նրանք մտովի վերադառնում են այնտեղ, որտեղ եղել են ուխտագնացության օրերին: Սա արդեն իսկ գաղափար է՝ վերադարձի իմաստով: Հայրենիք ուխտագնացությունն ինձ համար լավագույն կամուրջներից է իրենց վերադարձն ապահովելու համար:

Գոհար Ավետիսյան

Place for supporters
& advertisement