Հարցազրույցներ

Հայ առաքելական եկեղեցին իր ժողովրդով ու եկեղեցականներով իրականացնում է այն, ինչ Քրիստոս երազել է. Արտակ Սրբազան

Հոգեգալստյան երկրորդ շաբաթը կոչվում է «Արարատյան շաբաթ», որովհետև այս շաբաթ են տոնվում հայոց նվիրական տոներից մի քանիսը. երկուշաբթի տոնվում է Հռիփսիմյանց կույսերի տոնը, երեքշաբթի՝ Գայանյանց կույսերի, հինգշաբթի՝ Հովհաննես Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի տոնը, որոնց նշխարները սուրբ Գրիգոր Լուսավորիչը զետեղեց Տարոն գավառի Մուշ գյուղաքաղաքում իր կառուցած եկեղեցում: Շաբաթ օրը սուրբ Գրիգոր Լուսավորչի Վիրապից ելնելու տոնն է, իսկ կիրակի՝ Սուրբ Էջմիածնի տոնը: Սրանք այն սրբերն են, որոնց ճգնությամբ, հեղած արյամբ և սուրբ նշխարների վրա հաստատվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին: Այդ պատճառով նրանց տոները նախորդում են Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, որը կարգել է հոգեկիր և առաքելաշնորհ սուրբ Գրիգոր Լուսավորիչը՝ Վիրապից ելնելուց, մեզ կենարար Ավետարանի ճշմարտության խոսքով լուսավորելուց, բագինները կործանելուց, դիվական տոները խափանելուց և տաճարը շինելուց հետո: Այդ պատճառով այն միայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին է տոնում, Պենտեկոստեին հաջորդող երկրորդ կիրակի օրը:

«Էջմիածինը հաստատվում է Գրիգոր Լուսավորչի Վիրապից ելնելուց հետո իբրև պատմական իրադարձություն: Ագաթանգեղոսի փոխանցմամբ Լուսավորչին հանեցին գուբից և բերեցին Վաղարշապատ, որտեղ արքայական ընտանիքն էր: Այստեղ նրան խնամիեցին, բուժեցին, և օրեր հետո նա տեսիլք ունեցավ էջմիածնի հաստատման: Եթե քրիստոնյա աշխարհը նշում է Քրիստոսի ծննդավայրը Բեթխեհեմը,  քանի որ Քրիստոս այնտեղ ծնվեց, ապա մենք հայերս էլ Գարեգին Ա-ի ձևակերպմամբ «Էջմիածինը հայոց Բեթխեհեմն է»»,- Operativ.am-ի հետ զրույցում նշեց Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը:

Այս տոնը նաև Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքի համաձայն կառուցված Սուրբ Էջմիածնի տաճարի նավակատիքի տոնակատարությունն է և տեսիլքի հիշատակը: Ըստ այդ տեսիլքի՝ երկինքը բացվում է և Աստծու Միածին Որդին Իր հրաթև ու լուսեղեն զորքերի ուղեկցությամբ իջնում է Վաղարշապատ քաղաքի շեն տեղը, մուրճով հարվածում է սանդարամետի մեհյանին և այն ջախջախելով խորտակում: Ապա Սուրբը տեսնում է նախկին մեհյանի տեղում կանգնած ամպեղեն ու լուսեղեն մի տաճար՝ սյուներով ու կամարներով կառուցված:

«Եթե Հարության տոնը Քրիստոսի հարությունն է, ապա այս շաբաթը մեր ազգի Հարության տոնն է: եթե ազգը հարություն չառներ, ուրեմը Քրիստոսի հարությունը չէր քարոզի: Հակառակ դեպքում Քրիստոսի հարությունը կմնար լուսանցքում: Քիրստոսը հարություն է տալիս ազգերին, որ իր հարությունը իմաստավորվի, և մենք, իբրև ժողովուրդ, կոչված ենք Քրիստոսի ներկայությունը մեր կյանքում իմաստավորելու»,- նշեց Արտակ Սրբազանը:

Արդյունքում՝ հայոց մեջ վերջնականապես ջնջվում է կռապաշտությունը և փոխարենը կանգնեցվում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և Եկեղեցու հայրապետական իշխանությունը, որով մարմնավորվում է Հայաստանում երեք դար շարունակ առաքելական քարոզությամբ ձևավորված հավատը:

Արտակ Սրբազանի խոսքերով՝ «Մենք հայացրել ենք Քրիստոսին Լուսավորչի միջոցով, հայ ենք դարձրել Էջմիածնի հաստատմամբ և կառուցմամբ»:

Ըստ Սրբազանի ցանկացած զոհողություն իր արժեքն ունի. «Չկա մի բան, որ անես ու դա քեզ չփոխհատուցվի: Այսօր ամբողջ աշխարհը Գայանե և Հռիփսիմե կույսերին պաշտամունք ունի: Իհարկե, նաև Գրիգոր Լուսավորչին, որպես հայոց Լուսավորչի»:

«Հայ առաքելական եկեղեցին իր ժողովրդով ու եկեղեցականներով իրականացնում է այն, ինչ Քրիստոս երազել է»,- հավելեց Սրբազանը:

Place for supporters
& advertisement