Հարցազրույցներ

Մեր բանակը պետք է զորացնենք, չի բավեր միայն ունենալ հերոս տղաք. Արամ Ա

Մեկ տարի է անցել ապրիլյան պատերազմից, մեկ տարին բավական ժամանակ է` խորհելու, սխալները վերհանելու համար: Ի՞նչ սովորեցրեց նոր պատերազմը մեզ, ի՞նչ դասեր պետք է քաղել դրանից։ Այս և այլ հարցերի շուրջ Yerkir.am-ի լրագրողն Անթիլիասում զրուցել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինի հետ:

– Վեհափառ Տեր, նախորդ տարի Դուք Արցախում էիք, ինչպիսի՞ն տեսաք նոր պատերազմի բովով անցած երկիրը:

– Ես Արցախի ապրիլյան պատերազմեն շաբաթ մը հետո հոն էի, տեսա մեր ժողովուրդը, մեր հերոս տղաքը: Ես իրապես կգնահատեմ մեր հերոսները, մեր զինվորները, որոնք իրենց արյան գնով պաշտպանեցին մեր հողը, մեր իրավունքը, Ղարաբաղի անկախությունը: Մենք պիտի գիտակցինք, որ Հայաստանը, Ղարաբաղը շրջապատված են ոչ բարեկամ երկիրներով: Այսպես եղած է Հայաստանը` որպես կռվախնձոր պատմության ընթացքին, հարավեն, հյուսիսեն, արևելքեն, արևմուտքեն միշտ հարվածած են մեզ, փորձած են ընկճել մեր ժողովուրդը: Սակայն պատմության պարտադրած փոթորիկներուն դիմաց մեր ժողովուրդը մնացած է կանգուն: Նույնիսկ Եղիշե պատմիչին բառերով` իմացյալ մահով մեր ժողովուրդն իր հայրենիքը, իր ինքնությունը պահած է:

Արդարորեն Ղարաբաղը կնկատվի թուրը Հայաստանին, Ղարաբաղի անկախության պահպանումը կնկատվի Հայաստանի ամրապնդման նախապայմանը, Հայաստանի գոյության առանցքը, հիմքը, հետևաբար` ամեն գնով մենք պետք է Ղարաբաղի ամբողջականությունը, անկախությունը, մեր ժողովրդի իրավունքները պահենք, պաշտպանենք և հզորացնենք:

– Ի՞նչ սովորեցրեց ապրիլյան պատերազմը մեզ:

Մեր մոտեցումը զգացական պետք չէ ըլլա: Ղարաբաղի չորսօրյա պատերազմը մեզի համար արթնության կոչ մըն էր` արթուն եղիր, ժողովո’ւրդ հայոց, գիտցիր` որոնք են քու բարեկամներդ, որոնք են քու թշնամիներդ: Այսօր քաղաքականության մեջ մենք պետք է իրատես ըլլանք: Քաղաքական հարաբերությունները բարեկամության վրա հիմնված չեն, այլ շահերու վրա հիմնված են: Մարդիկ Ղարաբաղին կամ Հայաստանին կամ մեր ժողովրդի իրավունքներուն կմոտենան` իրենց շահերեն մեկնած և ոչ թե մեր շահերեն, ոչ թե փոխադարձ բարեկամութենեն, հետևաբար` աշխարհաքաղաքական պայմանները պետք է ճիշտ կերպով տեսնենք, ուսումնասիրենք և կողմնորոշվինք, այլապես մենք տագնապալից կացությունններու դիմաց կրնանք գտնվիլ` թե’ որպես Հայաստան, թե’ որպես Ղարաբաղ:

Մեր դիվանագիտական հարաբերությունները պետք է ավելի զորացնենք, ընդարձակենք ու ծավալենք և քայլ պահենք նաև թե’ միջազգային մակարդակի վրա, թե’ մեծ պետություններուն հետ, թե’ նաև շրջանային գերուժերու հետ, հետևաբար` զինվորական երեսը շատ կարևոր է անկասկած: Մեր բանակը պետք է զորացնենք: Չի բավեր միայն ունենալ հերոս տղաք, որոնք պատրաստ են իրենց արյունը թափել Հայաստանին համար, Արցախին համար, սա կարևոր է, մեր մեծագույն զենքը սա է, սակայն այս զենքին առընթեր մեր բանակի հզորացումը շատ կարևոր է, և սա մեր առաջնահերթ պարտավորությունը պետք է ըլլա: Բանակի հզորացմանն առընթեր մեր միջազգային հարաբերությունները, դիվանագիտական, քաղաքական կապերը կնկատեմ շատ կարևոր, հետևաբար` այս երկուքին ամբողջացումը կարծեմ, թե մեծապես օգտակար կրնա ըլլալ թե’ Հայաստանի և թե’ Ղարաբաղի համար: Եվ այդ ծիրեն ներս Սփյուռքը կարևոր դեր ունի:

– Ապրիլյան դեպքերից հետո հայկական Սփյուռքն էապես մեծացրել է ուշադրությունն Արցախի նկատմամբ, միայն Սփյուռքի դերակատարումը բավարա՞ր է Արցախի միջազգային ճանաչման գործընթացում առաջընթաց արձանագրելու համար:

– Հաճախ ես շեշտած եմ, որ Սփյուռքն իր դերակատարությունը պետք է ավելիով կատարե՝ ամեն իմաստով, սակայն միաժամանակ չմոռնանք, թե Հայաստանին մեջ ալ մեծահարուստներ կան, Հայաստանին մեջ շատ ավելի մեծահարուստներ կան, քան Սփյուռքին մեջ, հետևաբար` Հայաստանի մեծահարուստներն առաջին հերթին իրենք բարի օրինակը պետք է ըլլան` Հայաստանի ու Ղարաբաղի հզորացման բերելով իրենց ամբողջական նպաստը: Կակնարկեմ նյութական նպաստը: Հայաստան, Սփյուռք և Ղարաբաղ, բնականաբար, ես կընդունիմ որպես մեկ ամբողջություն, և այդ մեկ ամբողջության ծիրեն ներս մենք պիտի գիտնանք` ինչպես աշխատանքի բաժանում կատարել, և մեկ հստակ նպատակ պետք է ունենանք՝ Հայաստանի և Ղարաբաղի հզորացումը:

– Ո՞րն է Արցախյան հարցի կարգավորման` Ձեր տեսլականը: Արդյո՞ք հնարավոր է ռազմատենչ հարևանի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ:

– Բանակցության մեջ բանակցող պետություններու կամ մարմիններու ետին կամ կողքին ուրիշ ուժեր ալ կրնան ըլլալ, և երբեմն այդ ուժերու տեսակետը կարևոր դեր կրնա ունենալ: Այս պարագային մեր դիմացը պետք չէ տեսնել միայն Ադրբեջան, ուրիշ ուժեր էլ կան Ադրբեջանի ետին, կողքին: Ճիշտ անոր համար կըսեմ ՝ Ղարաբաղի հարցի գծով մենք երկու մոտեցում պետք է ունենանք, երկու լեզվով պետք է խոսինք՝ բանակի հզորացումը և մեր դիվանագիտական, քաղաքական հարաբերություններու ավելի հզորացումը:

– Վեհափառ Տեր, ի՞նչ ակնկալիքներ ունի կաթողիկոսարանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանից, և ի՞նչ նշանակություն կարող է ունենալ այս գործը մեզ համար:

– Ինչպես ծանոթ է մեր ժողովուրդին, շուրջ երեք տարիներ առաջ մենք սկսանք այս դատական հայցի և ուսումնասիրության գործընթացը: Այդքան ալ հեշտ, դյուրին գործընթաց չէր: Կրնաք երևակայել, թե հարյուր տարիներ հետո մենք դատահայց պիտի ներկայացնեինք հարցի մը մասին, որ թեև մեզի համար հստակ հարց է, սակայն փաստաթուղթերու իմաստով, հայցերը դատական ատյան ներկայացնելու, դատավարական ընթացքի իմաստով դյուրին չէր: Այլ խոսքով` անհրաժեշտ փաստաթուղթերը չունեինք: Հստակ է, թե մեր դատը կտոր մը հող առնելու դատ մը չէ, այլ, ըստ էության, քաղաքական դատ է: Ցեղասպան թուրքը շատ լավ գիտե, թե վերջին հաշվով մեր նպատակը Սիսի պատմական կաթողիկոսարանի հողի վերադարձի պահանջը չէ, այլ անոր ետևն այլ պահանջ է՝ մեր ազգապատկան, եկեղեցապատկան հողերու, կալվածքներու, եկեղեցիներու պահանջքն է, տակավին մեր անհատական սեփականություններու պահանջքն է: Հսկա պահանջներու շարք մը գոյություն ունի, և սա առաջին վճռական քայլը պիտի ըլլար իրավական իմաստով: Այս բոլորը մենք նկատի ունեցանք և երեք տարիներու ընթացքում այս հարցերը բոլոր երեսներով ու կարելի հետևանքներով ուսումնասիրեցինք: Հանձնախումբը կբաղկանար թրքական, եվրոպական և միջազգային օրենքի մասնագետներեն: Ուսումնասիրություններ կատարվեցան Ցեղասպանության մասին, Ցեղասպանության հետևանքներու մասին, մեր իրավունքներու վերականգնման կարելիության մասին: Այլ խոսքով՝ բոլոր անկյուններեն հարցը դիտեցինք, հարցին բոլոր երեսները լրջորեն, միջազգային օրենքներու տվյալներու լույսին տակ քննեցինք: Ճիշտ անոր համար ըսի՝ հեշտ գործընթաց մը չէր: Երեք տարիներ շարունակ ուսումնասիրեցինք և դիմեցինք Թուրքիո Սահմանադրական դատարան:

– Թուրքիայի Սահմանադրական դատարանն ի՞նչ իրավական հիմնավորմամբ մերժեց հայցը:

– Բնականաբար, մենք չէինք սպասեր, որ թուրքն անմիջապես մեզի դրական պատասխան տա: Թուրքիո Սահմանադրական դատարանը մերժեց քննարկել այս դատը: Մեզի համար ոչ հիմնական՝ միջազգային օրենքին տեսանկյունեն դիտած անընդունելի հիմնավորումներով, փաստորեն, մերժեց քննարկը, և հոն մենք տեսանք պետության միջամտությունը դատական գործընթացքին: Այլ խոսքով՝ Թուրքիո Սահմանադրական դատարանն ուզեց ունենալ պետության կամ կառավարության Արդարության նախարարության տեսակետը, այլ խոսքով՝ իշխանության տեսակետը: Արդարության նախարարությունը թելադրեց, և Սահմանադրական դատարանը մերժեց: Այս բոլորին լույսին տակ մենք վերատեսության ենթարկեցինք մեր դատը՝ բնականաբար, պահելով այդ դատին շարունակականությունը, և դիմեցինք յոթը դեկտեմբերին՝ անցյալ տարի, Եվրոպայի մարդկային իրավանց դատարան (խմբ. ՄԻԵԴ)` նույն մոտեցումներով, նույն հիմնավորումներով, բայց փոքր-ինչ փոփոխություններով: Հիմա կսպասինք Եվրոպայի մարդկային իրավանց դատարանին որոշումը: Անցյալ շաբաթ մեր իրավական հանձնախումբը իմ առաջարկով նամակ մը հղեց Եվրոպայի մարդկային իրավանց դատարան ՝ ըսելով հետևյալը, որ` զգույշ, մեր դատը Թուրքիա չհղեք, որովհետև Թուրքիո վիճակը ծանոթ է ձեր բոլորին. փաստաբաններ, իրավագետներ, դատավորներ բանտարկված են, օրենքը չէ, որ կտիրե Թուրքիո մեջ, հետևաբար` այս կացության մեջ ճիշտ չէ, որ մենք մեր դատը տեսնենք Թուրքիո դատական ատյաններուն մոտ: Երկրորդ՝ մենք հիշեցուցինք իրենց, որ մեր դատը սովորական դատ մը չէ, մեր եկեղեցվո դատն է, մեր ժողովուրդին դատն է, մեզի համար կարևոր դատ մըն է, հետևաբար` խնդրեցինք, որ Եվրոպայի դատարանը արագացնե  դատի քննությունը:

– Մեր պահանջատիրության կարևոր հարցերից է Արևմտյան Հայաստանի կալվածքների վերադարձը: Միջազգային իրավական տեսանկյունից` ինչպե՞ս է հնարավոր այդ գործընթացն իրականացնել:

– Հազարավոր կալվածքներ, եկեղեցիներ, վանքեր, մենաստաններ ազգապատկան, եկեղեցապատկան կալվաքներ կան Արևմտյան Հայաստանի և Կիլիկիո մեջ: Կալվածքներ, որոնք բռնագրավված են: Կուզեմ բառը շեշտել՝ բռնագրավված են Թուրքիո պետության կողմեն, և սա միջազգային օրենքի տվյալներուն, սկզբունքներուն, որոշումներուն դեմ է, հետևաբար` մենք իրավունք ունինք միջազգային ատյաններուն դռները թակելու՝ մեր իրավունքը, մեր ազգի, մեր եկեղեցվո իրավունքը պահանջելու: Եվ մենք առաջին քայլն ըրինք, և ճիշտ անոր համար հաճախ ես կհիշեցնեմ մեր ժողովուրդի զավակներուն, թե այս դատը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի դատը չէ միայն, մեր եկեղեցվո դատը չէ միայն, մեր ազգի դատն է, հետևաբար` իմ սպասումն է, որ այս գիտակցությամբ, այս նախանձախնդրությամբ մոտենանք այդ դատին:

Այս վերջին տարիներուն իմ պատգամներուս, գրություններուս, խոսքերուս, հարցազրույցներուս մեջ կարևորությամբ շեշտեցի և հաճախակի առիթներով շեշտեցի, թե ժամանակը հասած է, որ մենք՝ որպես մեկ ազգ, Հայաստան և Սփյուռք, միասնաբար, առանց անտեսելու Ցեղասպանության ճանաչման գործընթացքը և այդ ուղղությամբ կատարված ու կատարվելիք աշխատանքները, նաև հատուկ կարևորություն պետք է տանք մեր պահանջատիրության իրավական մասին: Միջազգային օրենքներուն համաձայն՝ Ցեղասպանությունը կենթադրե ճանաչում և հատուցում: Հայաստանի մեջ կգործածվի «իրավունքներու վերականգնում» բացատրություն, ինչը ճիշտ է: Պահանջատիրությունը, իր ամբողջության մեջ առած, կենթադրե Ցեղասպանության ճանաչում և հատուցում: Մեր պահանջատիրության այս երկու տարածքները  իրարու հետ սերտորեն ընդելուզված են, և մենք պիտի գիտնանք՝ ո՞ւր, ե՞րբ և ինչպե՞ս: Շեշտը դնե՞լ Ցեղասպանության ճանաչման վրա և կամ իրավական մասի վրա: Սա դյուրին գործ չէ:

-Ի՞նչ է հարկավոր այդ երկուսի համատեղումն իրականացնելու համար:

-Սա կենթադրե լուրջ ուսումնասիրություն, մասնագետներե բաղկացած հանձնախումբ պետք է կազմել: Հանձնախումբ մը, որ լավապես ուսումնասիրե մեր դատը, մեր պահանջատիրությունը, հատկապես` մեր դատին իրավական երեսը և ամեն բանե առաջ՝ պետք է ցանկագրումը կատարվի մեր կալվածքներուն, ամբողջական ցանկագրումը չունինք: Հոս մեր արխիվներուն մեջ մենք ունինք ցանկեր, Հայաստանի արխիվներուն մեջ կան, Սուրբ Էջմիածինի արխիվներուն մեջ կան, Պոլսո, Երուսաղեմի և այսպես բուռ մը արխիվներ ունինք, մեր կալվածքներու ցանկերը կան: Պետք է որպես առաջին քայլ այդ կալվածքներու ցանկագրումը կատարվի, ուսումնասիրությունը կատարվի, հստակեցումը կատարվի, և այդ ցանկին համաձայն` մենք առավելագույն չափով փաստաթուղթեր, նկարներ պետք է մեկտեղենք, հավաքենք, ամբողջական ծրարը պատրաստենք մեր կալվածքներուն: Նման հարցին մենք չենք կրնար այլևս պատահական կերպով մոտենալ, զուտ զգացական կերպով, քարոզչական նպատակներ հետապնդելով չենք կրնար մոտենալ: Հեռու պետք է մնանք այս պարագայական մոտեցումներեն: Հանձախումբ մը, որուն մաս կկազմեն Հայաստանի պետության ներկայացուցիչները, երկու կաթողիկոսությանց ներկայացուցիչները, կաթողիկե, ավետարանական համայնքներու ներկայացուցիչները, Հայ Դատի, մեր կառույցներու մարմիններուն ներկայացուցիչները: Այս մասին ես խոսած եմ, նաև առաջարկած եմ Հայաստանի պետության և մեր բոլոր կառույցներուն: Ժամանակը հասած է, որ մենք այս լուրջ գործընթացքին սկսինք: Այլապես ամեն ապրիլ 24-ին հանդեսներ պիտի կազմակերպենք, ցույցեր պիտի կազմակերպենք, քայլարշավ պիտի կազմակերպենք, հրատարակություններ պիտի կատարենք, ցուցահանդեսներ պիտի կազմակերպենք: Այս բոլորը, անկասկած, կարևոր է, սակայն այդ բոլորեն անդին մենք կարևորությամբ պետք է շեշտենք միասնական աշխատանք կատարելը, հատկապես` իրավական մարզեն ներս: Այս է, որ մենք պետք է կատարենք: Եվ ես կկարծեմ, թե այս է մարտահրավերը ու պատգամը Հայոց ցեղասպանության 100-ամյակի համազգային նշման: Ահավասիկ հռչակագիրը մենք հայտարարեցինք Հայաստանում. Սա կարևոր քայլ մըն էր: Եվ ես վստահ եմ, որ Հայաստանի պետությունը իր արտաքին քաղաքականության մեջ հատուկ կարևորություն պիտի տա Ցեղասպանության ճանաչման և մեր իրավունքներու հետապնդման հարցին: Միաժամանակ, Սփյուռքը պիտի շարունակե: Հոս ևս ես հաճախ անդրադարձած եմ, որ աշխատանքի, դերերու բաժանում և հստակեցում պետք է ըլլա: Հայաստանը պետություն է, որպես պետություն պետք է մոտենա այս հարցերուն: Սփյուռքը որպես իրավազրկված ժողովուրդ պետք է մոտենա այս հարցին: Տարբեր մոտեցումներով, տարբեր շեշտավորումներով, տարբեր մեթոտներով պետք է մոտենանք, սակայն զիրար ամբողջացնելով, ներդաշնակ կերպով պետք է մենք աշխատինք: Այլապես` իմ մտավախությունս այդ է, որ կամաց-կամաց մեր պահանջատիրությունը կրնա նահանջի ճամփան բռնել: Երբեք մենք պիտի չընդունինք այդ երևույթը, նման կացություն մը:

Հաճախ ես կշեշտեմ՝ մենք պահանջատեր ենք: Այս բառը յուրաքանչյուր հայու կյանքին, ամենօրյա կյանքին մաս պետք է կազմե: Այդ տագնապը մենք պիտի ունենանք: Մենք պահանջատեր ենք: Հայաստանը կտոր մը հող է ամբողջական Հայաստանի, պատմական Հայաստանի: Մեր երազը ամբողջական Հայաստանի երազն է: Ղարաբաղի անկախությունը մեզի համար հիմնական հարց է: Երբ որ ես խոսիմ ազգային պահանջատիրության մասին, միայն Ցեղասպանության ճանաչումը չէ: Համապարփակ կերպով ես կմոտենամ այս բոլորին: Ներկա Հայաստանի հզորացումը, պետականության ամպրապնդումը շատ կարևոր է: Այս ընելու համար մեր ժողովուրդը պետք է հայրենի հողին վրա մնա և ոչ թե հեռանա Հայաստանեն: Ղարաբաղի անկախացումը հիմնական է, Ցեղասպանության ճանաչումը, իրավունքներու վերահաստատումը: Ասոնք զգացական, տեսական, պարագայական հարցեր չեն, մեր ազգի երազն է, տեսիլքն է, մեր ազգային գաղափարախոսությունն է, մեր պահանջատիրությունն է: Սակայն, ինչպես ըսի, այս բոլորը միայն քարոզչական կերպով, զանազան նախաձեռնություններով չի կատարվիր: Մենք պետք է ավելի գործնական, կոնկրետ արտահայտություն տանք այս բոլորին: Վերադառնալով Ցեղասպանության հարցին՝ ինչպես ըսի, Ցեղասպանության ճանաչման գործընթացքը մենք պետք է շարունակենք՝ միաժամանակ հատուկ կարևորության տալով իրավական մարզին, և ահավասիկ, այս ձևով մենք մուտք գործած կըլլանք մեր ժողովուրդի իրավունքներու վերարդիացման իրավական մարզը:

Զրուցեց Թագուհի Մելքոնյանը

Place for supporters
& advertisement