Հարցազրույցներ

«Սփյուռքում լեզվի հետ միասին կարևոր է նաև հայկական ոգին պահելը». Տ. Նարեկ եպս. Բերբերյան

Armchurch.info-ն Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդի հետ զրուցել է թեմական կյանքի, դրա խնդիրների մասին:

-Սրբազան, պատմեք, խնդրում եմ, ի՞նչ ծրագրեր են իրականացվում` համայնք-եկեղեցի կապը զորացնելու համար:

-Կազմակերպում ենք Սուրբ Գրքի սերտողություններ, տարվա ընթացքում  10-15 դասախոսություն անձամբ ես եմ կարդում: Քրիստոնեական-դաստիարակչական տարաբնույթ այլ ծրագրեր ևս կան: Օրինակ, վերջերս  անդրադարձանք Սուրբ խորհուրդներին, նաև 6-շաբաթյա ծրագիր էինք կազմակերպել Հայ եկեղեցու տոների մասին:

Ունենք նաև հայոց լեզվի դասընթացներ: Դժբախտաբար, մասնակիցների թիվն այդքան էլ մեծ չէ. առայժմ 25 հոգի են, բայց սպասելիքներ ունենք, որ ժամանակի ընթացքում նրանց թիվը կշատանա:

Դասախոսություններն ու ծրագրերն իրականացվում են և՛ Առաջնորդարանում, և՛ հայկական ակումբում, և՛ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) սրահում: Թեմը սերտորեն համագործակցում է նաև Մարաշի կազմակերպության հետ: Բրազիլահայ համայնքի մեծամասնությունը Մարաշից եկած հայերն են, որոնք էլ ժամանակին հիմնել են այս կազմակերպությունը: Իրենք ևս նյութական տեսակետից միշտ աջակցում են թեմին և մասնակցում կազմակերպվող ձեռնարկներին:

-Սրբազան, հարցազրույցներում նշել եք, որ Ձեզ համար առաջնային խնդիրներից է երիտասարդությանը հոգևոր-եկեղեցական կյանքում ներգրավելը: Ի՞նչ քայլեր են կատարվում այս ուղղությամբ:

-Նշեմ, որ եկեղեցին այսօր սփյուռքի մեջ հայապահպանության գործում ամենաուժեղ դերակատարությունն ունեցող հաստատությունն է: Եվ մեզ համար շատ կարևոր է, որ երիտասարդությունն ավելի մոտ լինի եկեղեցուն. եթե երիտասարդը եկեղեցու հովանու տակ չի մեծանում, մեծ է  ինքնությունը կորցնելու վտանգը: Կարևոր է նաև, որ երիտասարդությունը կապվի իր թեմակալ առաջնորդի և հովիվների հետ: Հոգևորականի մտերիմ վերաբերմունքի շնորհիվ երիտասարդն աստիճանաբար սկսում է ընդգրկվել հոգևոր-եկեղեցական կյանքում:

Այս երկու տարիների ընթացքում մեր ձեռնարկներում ներառել ենք մոտ 100 երիտասարդների, որոնք բնավ չէին գալիս եկեղեցի և այնքան էլ կապ չունեին հայ համայնքի հետ: Ունենք նաև երիտասարդների երգչախումբ, որը մասնակցում է Պատարագներին:

Եթե առաջնորդը շրջապատված է երիտասարդներով, նշանակում է՝գաղութն արդեն փայլուն ապագա ունի, հակառակ դեպքում այն կսկսի մահանալ: Այս պատճառով է, որ մենք հիմա փորձում ենք մեծ աշխատանք իրականացնել հենց երիտասարդության հետ, որովհետև ապագան նրանցն է:  Մեր ծրագիրն է, որ թեմական պատգամավորները ևս ավելի երիտասարդներ ընտրվեն, ովքեր ներկա դարի պայմաններում իրենց արդի մտածելակերպով կօգնեն իրականացնել մեր ծրագրերը:

-Սրբազան, Սան Պաուլոյում գործում են նաև Հայ կաթոլիկ և Հայ ավետարանական (բողոքական) եկեղեցիները: Նրանց հետ հարաբերություններն ինչպիսի՞ն են:

-Նախ պետք է նշել, որ Բրազիլիայի թեմի 100 անդամներից 75-ը Առաքելական եկեղեցու հետևորդներ են: Իսկ Կաթոլիկ եկեղեցին շատ մոտ է մեր եկեղեցուն, և սերտ հարաբերություն ունենք տեղի հայ եպիսկոպոսի հետ: Իր ծխականներից շատերը նաև ֆինանսական առումով օգտակարություն են բերում մեր հայկական դպրոցին, քանի որ աշակերտների թվում հայ կաթոլիկներ ևս կան:

Բողոքականների թիվը շատ փոքր է: Իրենք ևս ունեն եկեղեցի, իրենց հետ ևս բարեկամական հարաբերություններ ունենք և մեծ միջոցառումների ժամանակ  մասնակցում են ծրագրերին:

-Սրբազան, ինչպես այլ գաղթօջախներում, Բրազիլիայում ևս հայապահպանության խնդիր ունենք: Այս ուղղությամբ ի՞նչ ծրագրեր կան: Ըստ Ձեզ`ի՞նչն է կարևոր հայապահպանության գործում:

-Դժբախտաբար, այսօր Բրազիլիայի հայության մեծամասնությունն արդեն հայախոս չէ: Թեմն Առաջնորդարանին կից ունի ամենօրյա հայկական դպրոց, որտեղ ոչ միայն ուսուցանվում է հայոց լեզուն, այլև աշակերտները հաղորդ են դառնում հայ մշակույթին: Օրինակ, դպրոցն ունի հայկական պարի դասընթացներ: Եվ մեզ համար կարևոր է, որ դպրոցն ավելի զորանա, տեղի հայերն իրենց երեխաներին այնտեղ բերեն, և այդ ուղղությամբ արդեն բավական աշխատանք է տարվում:

Նշեմ նաև, որ հոկտեմբերին, որը մեզ մոտ մշակութային ամիս է, դպրոցի աշակերտությունը պատրաստում է հատուկ հայկական՝ ազգային երգով ու պարով համեմված ծրագիր, որը գրեթե երեք-չորս հարյուր հայ հանդիսատես է ունենում:

Մինչ այսօր թեմը կիրակնօրյա դպրոց չուներ, բայց արդեն ծրագիր ունենք օգոստոսին բացելու այն: Դպրոցը նաև կնպաստի, որ երեխաները կիրակի օրերը մասնակցեն Պատարագներին:

Այստեղ համայնքը մեծ չէ (բրազիլահայության մոտավոր թիվը 35 հազար է), և այս պայմաններում շատ դժվար է հայերենը պահելը: Պետք է առավել ջանքեր գործադրել այս ուղղութամբ: Բայց դրա հետ միասին մեզ համար կարևոր է հայկական ոգին զորացնելը: Օրինակ, մեկը կարող է շատ լավ հայերեն խոսել, բայց հայ համայնքի մեջ ակտիվ չլինի: Մյուս կողմից տեսնում ես, որ մեկ ուրիշը, ով հայերեն չգիտի, հայախոսից ավելի ակտիվ է և իր օգտակարությունն է բերում համայնքին ու եկեղեցուն: Եվ ինձ համար իր կատարած աշխատանքը շատ արժեքավոր է: Ընդհանուր առմամբ, պետք է նշել, որ բրազիլահայերը, եթե անգամ հայերեն չգիտեն, հոգով շատ զորեղ ու հայրենասեր են, և իրենց համար առաջնային խնդիրներից մեկը Հայոց ցեղասպանության ընդունման հարցն է:

-Որպես վերջաբան:

-Փափագս է, որ իմ մտքի մեջ եղած բոլոր ծրագրերը`կրոնական, մշակութային, իրականանան և առավել զորանա համայնքը:  Իսկ այս ամենը հնարավոր է միայն բրազիլահայոց աջակցությամբ, քանի որ առաջնորդը մենակ ոչինչ չի կարող անել, եթե իր կողքին չունի նվիրյալներ:

Հարցազրույցը՝ Մարիամ Ավետիսյանի

Place for supporters
& advertisement