Հարցազրույցներ

Տեառնընդառաջը ժողովրդական ավանդույթի համաձայն վերաբերում է նորապսակներին, ոչ թե նշանվածներին

Տեառնընդառաջը Հայ Առաքելական եկեղեցու տերունի և  անշարժ տոներից է և  նշվում է փետրվարի 14-ին: Այն տոնվում է Սուրբ Ծննդից քառասուն օր հետո:

-Ո՞րն է տոնի հիմքը:

-Մովսիսական  օրենքի համաձայն՝  երբ ընտանիքում առաջնեկն արու զավակ էր ծնվում, նրան քառասուն օր հետո  տանում էին տաճար` Աստծուն նվիրաբերելու: Ավետարանը մեզ հայտնում է, որ երբ Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսին տարան տաճար` Տիրոջն ընծայելու, այստեղ էր Սիմեոն անունով արդար ու բարեպաշտ ծերունին, ում խոստացված էր մահ չճաշակել, մինչև տեսներ աշխարհի ու մարդկության Փրկչին: Նա ընդառաջ է ելնում Հիսուս Մանուկին. այստեղից էլ՝ «ելանել ընդ առաջ Տեառն» արտահայտությունը: Ահա Ավետարանական այս պատմությունն էլ քրիստոնեական այս գեղեցիկ տոնի հիմքն է, երբ Սիմեոն ծերունու օրինակով մենք դուրս ենք գալիս Տիրոջն ընդառաջ:

 

-Ե՞րբ է սկսվում տոնի եկեղեցական արարողակարգը:

-Տեառնընդառաջի ծիսական արարողություններն սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությամբ: Հավատացյալները տոնին մասնակցում են ձեռքերին  մոմեր պահած, որոնք արարողության ավարտին վառում են եկեղեցու կանթեղներից եւ տանում` լուսավորելու իրենց տները: Այս ամենը հիշեցնում է լույսի տոնախմբություն` խորհրդանշելով Սիմեոնի` Հիսուսին տված «Լույս» անունը:

Փետրվարի 14-ին մատուցվում է Ս. և անմահ Պատարագ: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ Տեառնընդառաջը նաև հռչակվել է նորապսակների օրհնության օր, և տոնական պատարագից հետո բոլոր եկեղեցիներում կատարվում է նորապսակների օրհնության կարգ՝ զորացնելու նրանց սիրո և հավատարմության դաշինքը:

 

-Տեառնընդառաջը նորապսակների  թե՞  նշանվածների համար է:

Ըստ ժողովրդական ավանդույթի` Տեառնընդառաջի օրը կատարվում էին նորապսակների ազգականների փոխայցելություններ: Տրնդեզի ծիսահամալիրի մաս է կազմել նաև բաժինքի կամ օժիտի ավանդույթը: Որպես կանոն` խարույկի դեզը պատրաստում էին նորափեսաները։ Այն վառելու իրավունքը քահանայից հետո դարձյալ նորապսակներինն էր: Իսկ Տրնդեզի կրակի վրայով ցատկելը վերացրել է արգելքը և երիտասարդները ծնողների տուն այցելելու իրավունք են ստացել: Եթե ամփոփ ներկայացնենք, ապա հայրական օջախ դարձ գնացած նորահարսներին այցելում էին փեսաները և տանում տուն: Այս է պատճառը, որ Տեառնընդառաջը ժողովրդական ավանդույթի համաձայն վերաբերում է նորապսակներին, ոչ թե նշանվածներին:

 

-Ո՞րն  է տոնի  խորհուրդը և ի՞նչ պատգամ ունի այն այսօր:

-Տեառնընդառաջի խորհուրդը Տիրոջն ընդառաջ գնալու հրավերն է. ինչպես Նա` Քրիստոսը, խոնարհվեց ու դեպի մեզ եկավ` մեր փրկության համար, այդպես էլ մենք պետք է գնանք Նրան ընդառաջ` աստվածահաճո գործեր կատարելով, մեր կյանքը Նրան նվիրելով, քայլելով Նրա ճանապարհով:

Վահրամ քահանա Մելիքյանի հետ զրուցեց Մարիամ Ավետիսյանը

Place for supporters
& advertisement