Հարցազրույցներ

Ամեն մի եկեղեցական, ևս առավել գալիքի հոգևոր սպասավորները Հուշապատի առջև կագնելով՝ պետք է նորոգեն իրենց հավատարմության, նվիրումի, անձնազոհության ուխտը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ ապրիլի 6-ը հռչակվել է համայնավարական բռնապետության տարիներին հալածանքների ենթարկված և նահատակված հոգևորականների հիշատակի օր:

Այս առիթով ապրիլի 6-ին` ժամը 12:00-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում` Նահատակ հոգևորականաց հուշապատի առջև, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ Մայր Աթոռի միաբանության, պաշտոնեության և բարեպաշտ հավատացյալների կատարվելու է հոգեհանգստյան կարգ:

Այս մասին Armchurch.info-ի հարցերին պատասխանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և թանգարանների տնօրեն Արժանապատիվ Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը:

 

Տեր Հայր, ինչո՞ւ հենց ապրիլի 6-ն ընտրվեց, երբ մեր օրացույցում արդեն կար հունիսի 14-ը՝ որպես բռնադատվածների հիշատակի օր:

– 1937-1938 թթ. ողջ Խորհրդային Միությունում վայրագ բռնությունները հասնում են իրենց բարձրակետին: Բնականաբար, Խորհրդային Հայաստանում նույնպես պետք է գործադրվեին այն բոլոր հրահանգները, որոնք գալիս էին Կենտրոնից: Թեև Խորհրդային Հայաստանի ղեկավար կազմն ընդհանուր առմամբ գիտակցում էր, որ անարդարություն է գործվում, անմեղ մարդիկ են բռնադատվում, արդար արյուն է թափվում, սակայն անզոր էին որևէ կերպ կանխելու ոճրագործությունները, որոնք այդքան կրքոտ իրագործում էին նաև շատ հայ բոլշևիկներ:

Բռնությունները և սպանությունները, անտարակույս, չէին կարող շրջանցել Հայոց Եկեղեցին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Արդեն 1920-ական թվականներին ծանրագույն հարված հասցվեց Հայոց Եկեղեցուն Խորհրդային Հայաստանի բոլոր շրջաններում, ինչպես նաև Հանրապետությունից դուրս: Համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում բռնագրավվեցին բոլոր հաստատությունները, շինությունները, հոգևորականության համար գոյութենական նշանակություն ունեցող կալվածքները, եկեղեցաստեղծ պատմամշակութային արժեքները, այնպես որ Մայր Աթոռում միայն Մայր Տաճարը, Վեհարանն ու մի քանի միաբանական խցերն էին թողնվել Ամենայն Հայոց Հայրապետին և մի քանի միաբաններին: Անաստված բոլշևիկներն ամեն կերպ նկրտում էին ոչնչացնել Եկեղեցին, ուստիև իրենց սվիններին կեր դարձրին հոգևոր սպասավորներին… 1930-ական թվականներին ձերբակալվեցին և աքսորվեցին հարյուրավոր հոգևոր սպասավորներ: Մի քանի տասնյակ եկեղեցականներ էլ սպանվեցին և գնդակահարվեցին:

Այլևս հասել էր ժամը, որ Հայոց Եկեղեցին իսպառ գլխատվեր և դադարեր գոյություն ունենալ Խորհրդային Միությունում: Անհրաժեշտ էր կյանքից զրկել Ամեյան Հայոց Հայրապետին՝ Տ. Տ. Խորեն Ա. Մուրադբեկյանին: Վաղուց ևեթ Հայոց Հայրապետն անցանկալի անձ էր անաստված բոլշևիկների համար… Սկսված բռնություններն այլևս ստեղծել էին հարմարագույն պահը: Վստահ, Համամիութենական կոմունիստական բոլշևիկյան կուսակցության Անդրկովկասի մարզկոմի առաջին քարտուղար Լավրենտի Բերիայի անմիջական ղեկավարությամբ էր ծրագրվում Ամենայն Հայոց Կաթողիկոսի սպանության գործը: 1938 թ. ապրիլի 5-ի գիշեր ապրիլի 6-ի լույս առավոտյան Վեհարանում հայտնաբերվում է Խորեն Ա. Վեհափառ Հայրապետի անշնչացած մարմինը… Անասելի ողբերգական վիճակ էր առաջացել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:

Փառք Աստծո, դիվական այդ ծրագիրն ամբողջապես չի կատարվում, թերևս առավել Ստալինի շրջահայացության պատճառով Սուրբ Էջմիածինը թանգարանի չի վերածվում՝ արտոնվում է, որ այն գործի, թեպետև Խորեն Ա. Հայրապետի նահատակությունից հետո 7 տարի հնարավոր չի լինում Կաթողիկոսական ընտրությունների կազմակերպումը:

Ահավասիկ, քանի որ ապրիլի 6-ը համարվում է երանաշնորհ Տ. Տ. Խորեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի նահատակության օրը, ուստիև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը վճռեց հենց այդ օրը սահմանել՝ որպես աստվածամերժ համայնավար բռնապետության զոհ դարձած հոգևորականների հիշատակի օր:

Այլևս ամեն տարի՝ ապրիլի 6-ին, Նահատակ հոգևորականաց հուշապատի առջև կատարվելու է մասնավոր հոգեհանգստայն կարգ, ինչպես նաև ոգեկոչման հանդիսություն:

 

Իսկ ե՞րբ է կառուցվել հուշապատը:

– Նահատակ հոգևորականաց հուշապատը կառուցվել է 2012 թ. Նորին Սրբություն Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետի տեսիլքով: Հայոց Հայրապետի այդ երազը հնարավոր է եղել կյանքի կոչել մեր Սուրբ Եկեղեցու ազնիվ բարերարներից Ալեքսանդր Տեր-Ավանեսովի հովանավորությամբ:

Հուշապատը մի ուխտավայր է ամեն մի հայ հոգևորականի համար: Եվ բնավ պատահական չէ, այլ Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետի մասնավոր ցանկությամբ է, որ Հուշապատը կոթողվել է հենց Գևորգյան հոգևոր ճեմարանի մերձավորությամբ. ամեն մի եկեղեցական, ևս առավել գալիքի հոգևոր սպասավորները Հուշապատի առջև կագնելով՝ պետք է նորոգեն իրենց հավատարմության, նվիրումի, անձնազոհության ուխտը և սրբորեն հետևեն մեր քրիստոնյա Ազգի և Սուրբ Եկեղեցու նորագույն պատմության մարտիրոսներին: Իսկ Հուշապատի կիսախորաններում հաղթականորեն բազմած հինավուրց խաչքարերը՝ անբարբառ բարեխոսներ են վասն նահատակյալ ուխտապահ հոգևոր սպասավորների:

 

Հուշապատի վրա նաև կան քանդակված անուններ, ինչպե՞ս են դրանք պարզվել:

– Հուշապատին փորագրված է 104 հոգևորականի անուն: Գնդակահարված և սպանված եկեղեցականների անվանացանկը հնարավոր է եղել կազմել Հայաստանի ազգային արխիվի աջակցությամբ: Ուսումնասիրվել են բռնադատվածների անձնական գործերը, որոնք ժամանակին գաղտնազերծվել և Ազգային անվտանգության ծառայության կողմից հանձնվել են Ազգային արխիվին: Հարկավ, այդ թիվը կարող է փոփոխվել՝ ժամանակի ընթացքում նոր վավերագրերի ի հայտ գալով:

Մայր Աթոռի Արխիվը՝ համախորհուրդ Հայաստանի ազգային արխիվի հետ, շարունակում է այդ թվականների վերաբերյալ փաստաթղթերի և արխիվային նյութերի ուսումնասիրությունները: Մենք նաև նպատակ և ծրագիր ունենք այդ թեմայի վերաբերյալ հետազոտություններ կատարելու այլ արխիվներում:

Հարցազրույցը` Armchurch.info

Place for supporters
& advertisement