Մամուլի տեսություն

Ադրբեջանն ու Թուրքիան չեն հրաժարվել իրենց վաղեմի նկրտումներից

Տավուշյան մարտերում հայ զինվորի ցուցաբերած արիության, թշնամու հեռահար նպատակների հետ կապված «Իրավունքը» զրուցել է Արցախի թեմի առաջնորդ ՊԱՐԳԵՎ արքեպիսկոպոս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ, ով նախ նկատեց.

– Ի ուրախություն մեզ` պետք է ասեմ, որ Հայոց բանակը մշտապես պատրաստ է իր խնդիրները լուծելու: Մենք մեկ անգամ եւս այս հերթական սադրանքի ժամանակ ապացուցեցինք, որ մեզ հետ զենքի, ուժի լեզվով խոսելը ապարդյուն է: Բայց մենք պետք է միշտ գիտակցենք, որ Ադրբեջանն էլ, Թուրքիան էլ չեն հրաժարվել իրենց վաղեմի նկրտումներից: Այն է՝ զավթել Հայաստանը Արցախի հետ միասին` պանթուրանիզմի նոր խալիֆայություն ստեղծելու համար: Նրանք այդ ծրագրերից հետ չեն կանգնելու, երբեք, իսկ մենք պարտավոր ենք աչալուրջ լինել ցանկացած վայրկյան: Մեր` հայ ազգի պարտականությունն է միավորվել մեր բանակի շուրջ, ցանկացած կերպ սատարել հայ զինվորին: Որովհետեւ, մեր խաղաղության, անվտանգության երաշխավորը միայն Հայոց փառապանց բանակն է, որին փառք եւ պատիվ:

Ամո՛ւր կացեք եւ շարունակեք Ձեր աստվածային առաքելությունը` ի պաշտպանություն մեր ժողովրդի ու մեր երկրի. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի պատգամը սահմանում կանգնած մեր զինվորին

– Սրբազան, այս համատեքստում ինչքանո՞վ եք ճիշտ համարում, որ ստեղծված իրավիճակում ԿԳՄՍ-ն օրակարգ է բերել «Հայ առաքելական եկեղեցու պատմությունը» դպրոցական ծրագրից դուրս մղելու թեման:

– Գիտեք, խոստացել էի` ինձ համար այդ ցավոտ թեմային չանդրադառնալ, բայց Ձեզ կպատասխանեմ հակիրճ: «Հայ առաքելական եկեղեցու պատմությունը» դպրոցներում դասավանդելու արտոնությունը Արցախում մտցվեց 1991 թվականին` Ռոբերտ Քոչարյանի աջակցությամբ, հետո մեզ ամեն ինչով սատարեց նախագահ Արկադի Ղուկասյանը: Ընդ որում, մենք «Հայ առաքելական եկեղեցու պատմությունը» դասավանդում ենք մինչեւ 10-րդ դասարան եւ շատ լավ արդյունքներ ունենք: Տարիների ընթացքում մեր աշակերտները էլ ավելի են արժեւորում իրենց հավատն առ Աստված: Մենք իրավունք չունենք մոռանալ, որ մենք պայքարում ենք ոչ միայն զենքով, այլ` մեր ինքնությամբ, մշակույթով եւ գիտելիքով: Մենք պետք է շատ լավ իմանանք մեր արմատները, իսկ մեր արմատները կապված են նաեւ երկուհազարամյա Հայ առաքելական եկեղեցու հետ: Այս առարկայի դասավանդումը դպրոցներում էլ ավելի է բարձրացնում մեր դիմադրողականությունը: Ես պարզապես ափսոսանք եմ հայտնում, որ փորձում են «Հայ առաքելական եկեղեցու պատմությունը» դպրոցական ծրագրերից դուրս մղել, դա ճիշտ չէ: Այսքանը կասեմ:

– Սրբազան, Ձեր պատգամը այսօր սահմանը պաշտպանող մեր զինվորներին, սպայական կազմին:

–  Նախ, ցանկանում եմ երախտիքս հայտնել մեր հայ զինվորին: Վստահ եմ, որ մեր տղաների մարտական ոգին շատ բարձր է: Հատկապես այսօրվա երիտասարդ զինվորների մոտ, որոնք ծնվել են անկախության, ազատ հայրենիքի պայմաններում: Վստահ եմ, որ մեր սերունդը, մեր քաջարի տղաները ամեն ինչ անելու են, որ ոչ մի ոտնձգություն չլինի: Աստված մեր զինվորներին պահապան, բոլորն էլ լինեն ողջ-առողջ եւ շարունակեն այդ սրբազան առաքելությունը՝ հանուն մեր անվտանգության եւ անկախության:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Place for supporters
& advertisement