Մամուլի տեսություն

Մեր երկիրը տառապում է վատ վարքով, պետք է ունենանք վարքի հեղափոխություն. Շիրակի թեմի առաջնորդ

«Եթե Հայաստանի քաղաքացին ռեալ կերպով չձևավորվի, Քաղաքացու տոնը ինքնախաբեություն կլինի: Եթե պետությունը որոշել է ունենալ ՀՀ քաղաքացու օր, ես առարկություն չունեմ, բայց կուզենամ, որ դա լինի հիմանվոր, իրապես, ճշմարտապես: Եվ կուզենամ, որ մեր երկրում ցանկացած քաղաքացի զգա իրեն Հայաստանի Հանրապետության լիիրավ անդամ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

Սրբազանի դիտարկմամբ՝ դեռևս քաղաքացի դառնալու խնդիր կա: Դիտարկմանը, որ շատերի կարծիքով՝ քաղաքական հեղափոխությունից հետո պետք է տեղի ունենա նաև մտքի հեղափոխություն, Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը նշեց. «Ճիշտ է, բայց մտքի հեղափոխությունը պետք է տեղի ունենա վարքի հեղափոխությամբ: Մենք տառապում ենք վատ վարքից, մեր երկիրը տառապում է վատ վարքից: Ինչպե՞ս ենք ձերբազատվել վատ վարքից, այլևս ծխախոտը փողոցում չե՞նք գցում. վարչապետն ուր գնում է, աղբ է հավաքում»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ այլևս չունենք այնպիսի պաշտոնյաներ, որոնք ցոփ ու շվայտ կյանքով էին ապրում, արհամարհում էին քաղաքացուն՝ Աջապահյանը նկատեց. «Ցոփ ու շվայտ կյանքով ապրողը հիմա էլ է շարունակում նույն կերպ ապրել, եթե բանտում չէ: Երբեմն բանտում էլ են ցոփ ու շվայտ կյանքով ապրում»:

«Վարքի փոփոխությունը, վարքի հեղափոխությունը վերաբերում է բոլորին, մեր ամբողջ հայրենիքը պետք է համարենք մեր սեփականը, հայրենիքի նկատմամբ պարտքի ու պատասխանատվության զգացում պետք է ունենալ, հոգատար լինել և դողալ հոգևոր ու նյութական արժեքների վրա: Եթե վարքի հեղափոխություն չի եղել՝ խուլիգանը նույն խուլիգանն է, անբարոյականը նույն անբարոյականն է. միայն կոռւպցիան վերացնելով՝ անբարոյականությունը չի վերանում, կոռուպցիան էլ անբարոյականություն է, բայց դա անբարոյականության ընդամենը մի հատվածն է»,- նշեց մեր զրուցակիցը: Նա նաև ընդգծեց, որ քաղաքացի կրթելը մանկապարտեզից պետք է սկսել. «Երբ մանակապարտեզում, դպրոցում, բուհում, ընտանիքում չես կրթում քաղաքացի, որտե՞ղ պետք է ձևավորվի»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Place for supporters
& advertisement