Մամուլի տեսություն

Մի թեմի մեջ 2 առաջնորդների գոյության հանգամանքի մասին խոսելն անհասկանալի և անբացատրելի երեւույթ է. Աբգար եպս. Հովակիմյան

http://haydzayn.am/ – «Արդեն 30 տարի է` կանադահայոց թեմը հայ առաքելական եկեղեցու քարտեզի վրա առանձին միավոր է և ունի 11 գործող եկեղեցի ու զանազան հարակից մարմիններ»,-«Հայ ձայնի» հետ զրույցում նշեց Կանադայի հայոց թեմի առաջնորդ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը:

Սրբազանը հայրը, անդրադառնալով կանադահայ թեմի ձևավորման շուրջ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կողմից առաջացած որոշ խոսակցություններին, նշեց, որ իրավական հարթության վրա պետք է ճշտվի թեմական կարգավիճակը և ընդունելի չէ «էջմիածնական թեմ» արտահայտությունը: Ըստ սրբազան հոր՝ այսօր, երբ իրավիճակները ապրում են պատմական զարգացում, պետք չէ վատը տեսնել եկեղեցիների ներկա կյանքում, պետք է դրանից լավը քաղել և առաջ ընթանալ: Այլ եկեղեցիների մոտ ևս եղել են և կան նույնատիպ խնդիրներ ու իրավիճակներ, օրինակ՝ ռուս, բուլղար եկեղեցիների մոտ, որոնք հարթվել են:

«Հարցը աթոռները բացառելը չէ, քանի որ մեր պատմական աթոռներն են Կիլիկիո Երուսաղեմի, Պոլսի աթոռները, հարցը իրավասությանն է վերաբերում, որ յուրաքանչյուրն իր իրավասության շրջանակներում գործունեություն ծավալի: Այդ ժամանակ ներդաշնակություն կլինի: Մի թեմի մեջ 2 առաջնորդների գոյության հանգամանքի մասին խոսելը իրավասության հակասություն է, անհասկանալի ու անբացատրելի երևույթ է: Այնուամենայնիվ, դրական մթնոլորտ կա, որին մեծապես նպաստեցին նաև Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: Ես հավատում եմ , որ քայլեր ձեռնարկվելու են դեպի դրականը»,- նշեց սրբազան հայրը՝ հավելելով, որ Էջմիածնի և Անթիլիասի միջև կրոնական և եկեղեցական մակարդակի վրա մշտապես շփումներ կան:

Աբգար սրբազանի խոսքով, այս ամենի հետևանքով համայնքում նախկինում որոշ լարվածություն եղել է, որն այսօր նվազել է՝ կրկին 100-րդ տարելիցի միջոցառումների ընթացքում միջհամայնքային միջոցառումները տանում են հարցերի ավելի նուրբ լուծումների, սակայն որոշակի անորոշություն կա՝ թե ինչ կարգավիճակով է թեմը ներկայանում միջոցառումներին, բայց սա լարումներ չի ստեղծում, անորոշություն է բերում: «Ես երկու առաջնորդ չեմ տեսնում, մրցակցություն չեմ տեսնում: Ես տեսնում եմ մեկ եկեղեցի, այն, ինչն օրինական է ու ճշմարիտ է: Հոգևորականի առաքելությունը ժողովրդի կողքին լինելուց ավելի ճշմարտության կողքին լինելն է: Եթե այսօր տարվենք այն մեկնաբանություններով, որոնք տրվում են որոշ քաղաքական շրջանակների կողմից, գուցե շեղվենք մեր ուղուց: Եթե կամեցողություն լինի, կհարթվի ամեն ինչ»:

Մեր զրուցակիցը նաև նշեց, որ կանադահայ թեմը բավական աշխույժ գործունեություն է ծավալում, ինտեգրված է նաև Հայաստանի հոգևոր կյանքում: Աշխուժացել են Հայաստանում գործող թեմական մարմինները, որոնցից մեկն, օրինակ, կամավորական աշխատանքներ է իրականացնում: Առաջնորդարանը երկար տարիներ՝ շուրջ 20 տարի օգնել է սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին:

Place for supporters
& advertisement