Մամուլի տեսություն

«Ոչ ոք չի կարող ասել, թե ուր է գնում Իրաքն այժմ». Տ.Ավագ արք. Ասատուրյան

Haydzayn.am – «Արևմուտքի ախորժակն անհագ է ոչ միայն արաբական աշխարհի, այլև Միջին Արևելքի պարագայում. քանդում են Միջին Արևելքը, որպեսզի չզարգանա, առաջընթաց չապրի, մնա հպատակ եւ ոչ ոք չի կարող ասել, թե ուր է գնում Իրաքն այժմ»,-«Հայ ձայնի» հետ զրույցում նշեց Իրաքի հայոց թեմի առաջնորդ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը՝ խոսելով Իրաքի հայ համայնքի և երկրում տիրող իրավիճակի մասին:

Սրբազան հոր խոսքով, Սադամ Հուսեյնի ժամանակ հակասություններ կային քրդերի հետ, ինչը կապված էր այդ օրվա քաղաքականության հետ: Իսկ քրիստոնյաների, հայերի նկատմամբ բարյացակամ վերաբերմունք էր ցուցաբերվում, և այդպես է եղել բոլոր առաջնորդների, կառավարությունների օրոք՝ սկսած Իրաքի նոր պետականության ժամանակաշրջանից: Ըստ սրբազան հոր՝ այժմյան կառավարությունը ևս նույնքան դրական է տրամադրված հայության հանդեպ, քանի որ քրիստոնյաները երկրում խանգարողներ չեն, նրանք արարող են, խաղաղասեր:

Սրբազան հայրը նշեց, որ 2003թ-ից հետո, երբ ամերիկացիները մուտք գործեցին Իրաք և սկիզբ առավ չարաբաստիկ պատերազմը, այդ ժամանակ մեջտեղ եկան շիա մահմեդականները. նրանք քանակությամբ ավելի շատ են, քան սունի մահմեդականները: Մեր զրուցակիցը նշեց, որ սունիները տնօրինել են ռազմական ոլորտը և զբաղվել են քաղաքականությամբ, իսկ շիաները տնտեսությամբ ու դրամական հարցերով, և այսպիսով 2-ի միջև պահպանվել է բալանսը, որն այսօր այլևս չկա: Շիա մահմեդականները կառավարության մեջ չեն եղել, նրանք կառավարման փորձ ու հմտություն չունեն, սակայն 2003թ-ից հետո պաշտոնավարած բոլոր վարչապետերը շիա մահմեդական են եղել:

«Իրաքի հայությունը, այնուամենայնիվ, հեռանում է, և մենք կորցնում ենք համայնքը: Հայերը հեռանում են, և դրա առաջին պատճառը տարածաշրջանի անկայունությունն է, ինչի հետևանքով ահաբեկչություններ են առաջանում: Ինձ համար մութ է՝ ինչպես առաջացավ ԻՊ-ը: Մի առավոտ արթնացանք, լսեցինք, որ այս անունը կա, որն էլ գրավել է Մոսուլը: Չգիտենք՝ նրանց ետևում ինչ ուժեր են կանգնած, ինչն է այս ամենի պատճառը: Իրաքում ոչ ոք ապահով վիճակում չէ…»,- նշեց Ավագ սրբազանը:

Սրբազան հայրը ընդգծեց նաև, որ Իրաքի հայության շրջանում 2 տեսակի արտագաղթ կա՝ ներքին և արտաքին: 2003-ից հետո արտաքին արտագաղթ է եղել՝ հայությունը գնացել է մոտակա երկրներ՝ Հորդանան, Սիրիա, Լիբանան, ոմանք՝ Եգիպտոս: Իսկ ներքին արտագաղթը հետևյալն է՝ Բաղդադից հեռանում էին դեպի հյուսիսային շրջաններ, որոնք համեմատաբար ավելի խաղաղ են: Մոսուլից հեռացած հայերը, սրբազան հոր խոսքով (մինչև հեռանալը 89 ընտանիք էր հաշվվում), այժմ շփոթի մեջ են, չեն կարող կողմնորոշվել՝ ինչ անել. եթե Մոսուլում վիճակը լավանա, կվերադառնան, իսկ նրանք, որոնց զավակներն արդեն իրենց ապաստանած տարածքում դպրոց են գնում, հաստատվել են այդտեղ, այլևս չեն վերադառնա:

«Մոսուլը նաև քրիստոնեության կենտրոն է եղել շուրջ 2000 տարի , և 2000 տարիների ընթացքում առաջին անգամն է, որ Մոսուլում ոչ մի քրիստոնյա չկա»,- ցավոց նշեց սրբազան հայրը:

Իրաքի թեմի առաջնորդը, որ նաև Իրաքում գործող Եկեղեցապետերի խորհրդի քարտուղարն է, մեզ հետ զրույցում խոսեց այդ խորհրդի ծավալած գործունեության մասին: «Եկեղեցապետերի խորհրդի շրջանակներում եկեղեցապետերը հավաքվում են, կիսում են իրենց համայնքներում ունեցած դժվարությունները, իսկ դրանք բոլոր համայնքներում գրեթե նույնն են: Անհրաժեշտության դեպքում դիմում ենք պետությանը, իսկ պետությունը միշտ բարյացակամ է, բայց հարց է՝ արդյո՞ք բարյացակամությունը գործի վերածվում է, թե՞ ոչ»:

Ավագ սրբազանը ասաց նաև, որ Բաղդադում կա 4 հայկական եկեղեցի, որոնք բոլորն էլ գործում են, սակայն արարողությունները մեկ եկեղեցում են լինում՝ քաղաքի կենտրոնում գտնվող սբ. Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցում, քանի որ ժողովրդի թիվը շատ նվազ է, համայնքը նոսրացել է: Սրբազան հայրը նաև ուրախությամբ նշեց, որ հայկական Աղաջանյան գյուղը, որը նախկինում ԻՊ-ի տիրապետության տակ էր և ուներ 20 տուն, այժմ ազատագրվել է գրոհայիններից: Սակայն գյուղը բարվոք վիճակում չի գտնվում, արվերածություններ կան, և այն վերականգնման կարիք ունի:

«Աստիճանաբար զարգանում են Իրաք-Հայաստան հարաբերությունները: Նպատակ կա Իրաքում Հայաստանի հյուպատոսություն հիմնել: Քուրդիստանում էլ հայություն, առհասարակ քրիստոնյա ժողովրդի հետ հարաբերությունները լավ են, առհասարակ պետք է լավատես լինել…»,- իր խոսքը եզրափակեց սրբազան հայրը:

Place for supporters
& advertisement