Մամուլի տեսություն

Ովքեր դժգոհում են հոգևորականից, թող մի օր հոգևորական դառնան, տեսնեմ կարող են մեկ օր հոգևորականի սքեմով մնալ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն  Armdaily.am-ի հետ զրույցում անդրադարձավ «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժմանը, նշելով, որ որոշակի դժգոհություն կա անշուշտ օրվա եկեղեցական իշխանությունից։ «Դժգոհ տարր միշտ կա։ Այն փոփոխությունները, որ տեղի ունեցան քաղաքական ասպարեզում, սխալ հուշում տվեցին որոշակի շրջանակներին, որ իրենք կարող են նաև եկեղեցական մակարդակի վրա դժգոհությունը մեծացնել և որոշակի փոփոխություն իրականացնել , այդ թվում կադրային իմաստով։ Կարծում եմ արդեն հասկացել են, որ հնարավոր չէ, որովհետև եկեղեցին 1700 և ավելի տարիների ընթացքում ստեղծել  է այնպիսի մեխանիզմներ, որ կարող է  իրեն պաշտպանել, եթե եկեղեցին կարողացել է գոյություն ունենալ բազմապիսի իշխանությունների օրոք, ապա այս փոքրիկ ցնցումն էլ կարող էր հաղթահարել։  Ամեն դեպքում շարժումը գնաց դեպի մարում»,-նշեց նա։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խոսքերով, դժգոհ մարդիկ միշտ կլինեն կաթողիկոսից,  ծխական քահանայից, ընդ որում՝ շատ դեպքերում բացարձակապես անհիմն։ «Էդ մեր ժողովուրդը սովոր է անհիմն դժգոհելու։ Ընդ որում՝ դժգոհ լինում են հիմնականում նրանք, ովքեր իրենց պարտականությունները չեն կատարում նույն այդ եկեղեցու նկատմամբ,  իսկ եթե պարտականությունդ չես կատարում, իրավունք ճոճելն անհիմն է։ Նույնը վերաբերում է քաղաքական իշխանություններից դժգոհելուն, եթե պատուհանից աղբը դուրս ես թափում , ինչ իրավունք ունենս դժգոհելու իշխանություններից, նույնը եկեղեցական մակարդակում է։ Եթե հայ առաքելական եկեղեցու հետևորդ ես քեզ հռչակում, ուրեմն պարտականություն ունես այդ եկեղեցու նկատմամբ։ Հո մենակ դժգոհելով չէ՝ թե այս քահանային չեմ ուզում այն քահանային չեմ ուզում։ Ովքեր դժգոհում են թող մի օր հոգևորական դառնան, տեսնեմ կարող են մեկ  օր հոգևորականի սքեմով մնալ  և կրել այն բոլոր զրկանքները, որ հոգևորակաը կրում է։ Ի վերջո, զրկանք է հոգևորական լինելը, բայց մարդիկ մտածում են, թե երանություն է։ Ինչ են անում, որ ինչ խնդիր ունեն,  ոչ  ուտելու խնդիր ունեն, ոչ խմելու, դե եկեք դարձեք, մենք էլ մեր տեղը ձեզ զիջենք։

Անդրադառնալով Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հետ մտերմությանը, նա նշեց ,որ մտերիմ են եղել 1986 թ-ից։ Պոլսո պատրիարք դառնալուց հետո հանդիպումները սակավաթիվ էին, իսկ հիվանդությունից հետո շփումները դադարել են։ «Նա իրոք մեծ ու լուրջ հոգևորական էր, այն ընթացքում, երբ ակտիվ գործունեություն էր ծավալում բավական կարևոր էր այդ գործունեությունը, թեև միշտ չէ, որ միանշանակ էր ընկալվում Հայաստանում։ Զգացմունքային ժողովուրդ լինելուց պետք է անցնել պրակտիկ ժողովուրդ լինելուն, միշտ էլ հեշտ է հոխորտալ։ Ցեղասպանությունը միակ խնդիրը չէր Թուրքիայում պատրիարքարանի գործունեության համար, դրա հետևանքով ստեղծված էին իրավիճակներ, որոնք հաղթահարելը կամ մեղմացնելը պատրիարքի խնդիրն էր, Ցեղասպանությունից հետո այս տարիների ընթացքում թուրքական հասարակությունում  հայի կերպարը թշնամում կերպար էր։ Իսկ պատիրաքը, որ այդ համայնքի ներկայացուցիչն է,  առաքելություն ունի ոչ միայն իր հոտի հոգևոր այլև ֆիզիկական անվտանգություն ապահովելու»,-նշեց նա։  Արքեպիսկոպոս Աջապահյանը տեղեկացրեց, որ 6 ամսվա ընթացքում պետք է լինի նոր պատրիարքի ընտրություն։ «Մայր Աթոռը կընդունի այն թեկնածուին,  ով կընտրվի, նախընտրություն պետք է ունենա պոլսահայ համայնքը և թուրքական իշխանությունը»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.armdaily.am/news/17226.html?lang=hy

Տեսանյութը` այստեղ

Place for supporters
& advertisement