Մամուլի տեսություն

«Որևէ խոսք չի գնում Հայ Եկեղեցու կառավարումը որևէ այլ կառույցի հանձնելու մասին». Պարզաբանում է Վահրամ քահանա Մելիքյանը

«Իրավունքն» անդրադարձել  էր , որ Հայ Առաքելական եկեղեցու բարձրագույն հոգեւոր խորհրդի որոշմամբ, Հայ Առաքելական եկեղեցու կառավարումը կտրվի ամերիկյան «Մըք Քենզի» ընկերությանը: Տվյալ տեղեկատվությունը Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ յուրաքանչյուր հայի անհանգստության առիթ տվեց, քանի որ վերոնշյալ ամերիկյան կազմակերպությունն ունի կասկածելի կենսագրություն եւ գործունեություն: «Իրավունքի» եւ Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդների մի շարք մտահոգիչ հարցերի շուրջ էլ զրուցեցինք Ամենայն Հայոց Կաթողիկոսի մամլո խոսնակ ՎԱՀՐԱՄ քահանա ՄԵԼԻՔՅԱՆԻ  հետ:

– Ինչո՞վ է պայմանավորված, որ որոշում է կայացվել Հայ Առաքելական եկեղեցու կառավարումը տալ օտար կազմակերպությանը։

– Ձեր հարցադրումը հուշում է, որ ակնհայտ շփոթ կա այս հարցում: Որևէ խոսք չի գնում Հայ Եկեղեցու կառավարումը որևէ այլ կառույցի հանձնելու մասին: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կողմից 2016 թ. նախաձեռնվել է Հայոց Եկեղեցու գործառնությունների բարելավման ծրագիրը, որի նպատակն է բարձրացնել Մայր Աթոռի և Հայ Եկեղեցու եկեղեցական կառույցների գործունեության արդյունավետությունը: Ծրագրի իրականացման համար ստեղծվել է Խորհրդատվական հանձնաժողով՝ բաղկացած 20 անձանցից` հոգևորականներից ու աշխարհականներից և´ Հայաստանից, և´ Սփյուռքից: Որպեսզի ավելի ընկալելի լինի գործընթացը, տեղեկացնեմ, որ այս հանձնաժողովը կազմում է առաջադրանքը, սահմանում այն հարցերը, որոնց շրջանակներում պիտի անցկացվի ուսումնասիրությունն ու կատարվի համապատասխան խորհրդատվությունը: Բերվելիք առաջարկները այնուհետև նախ պիտի քննարկվեն համապատասխան եկեղեցական կառույցներում և ապա կյանքի կոչվեն: Այս նպատակով որոշում է կայացվել օգտվել «Մըքքինզի ընդ Քոմփանի» գլոբալ խորհրդատվական ընկերության ծառայություններից:

– Ինչո՞ւ հենց այս կազմակերպությունը։
– Արդեն նշեցի, որ ներգրավվելու է «Մըքքինզի» ընկերությունը: Անհրաժեշտ ուսումնասիրություններից եւ քննարկումներից հետո նպատակահարմար է նկատվել ներգրավվել հենց այս կազմակերպությանը` նկատի ունենալով տարբեր այլ եկեղեցիներին, այդ թվում և Կաթոլիկ Եկեղեցուն, տվյալ ոլորտում խորհրդատվություն տրամադրելու իրենց հարուստ փորձառությունը:

– Պրակտիկայում կա՞ որևէ այլ եկեղեցի, որն օգտվում է այդ ընկերության խորհրդատվական ծառայությունից և արդյունքը որքանո՞վ է դրական։
– Այո՛, այդպիսի կառույցներ կան, որոնք օգտվել են «Մըքքինզի ընդ Քոմփանի» ընկերության մատուցած մասնագիտական ծառայություններից: Օրինակ` ներկայիս` Վատիկանը, ժամանակ առ ժամանակ եվրոպական մի շարք Եկեղեցիներ և եկեղեցական կառույցներ: Ինչ վերաբերում է արդյունքներին, ապա դրանք պայմանավորված են ոչ թե այդ ծառայությունները մատուցողներով, այլ դրանցից օգտվող կառույցներով: Ի վերջո, ընկերության կողմից բերված առաջարկները Եկեղեցին է քննարկելու և վճռի` դրանք ընդունելի է, թե` ո՛չ:

– Մտահոգիչ չէ՞, որ այդ կազմակերպությունը, որին ընտրել եք, ունի այսպիսի ծրագիրhttp://www.mckinsey.com/careers/meet-our-people/glam-colleagues-at-mckinsey, որը հակաքրիստոնեկան է։

– Մայր Աթոռն օգվելու է կազմակերպության մասնագիտական փորձառությունից և հմտություններից: Ավելին` Մայր Աթոռին օգտակար ծառայություն մատուցելու հանձնառությունն ու պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել ընկերության բարձրաստճան պաշտոնյա հայորդիները, ովքեր քաջատեղյակ են մեր Եկեղեցու կարգերին ու կանոններին, կրողն են մեր ազգային և հոգևոր արժեքների: Նաև ներգրավվելու են տեղից մասնագետներ: Այս ուղղությամբ արդեն նախնական հանդիպումներ տեղի են ունեցել:
– Մտահոգիչ չէ՞, որ տվյալ կամակերպությունը խորհրդատվությունը կիրականացնի միայն եկեղեցու ներքին խոհանոցին տիրապետելուց հետո։
– Այդպիսի մտահոգություն Մայր Աթոռը չունի, որովհետև Եկեղեցին է կազմում առաջադրանքը, նրա կողմից են բանաձևվում հարցերը, Մայր Աթոռի կողմից են սահմանվում ընկերության աշխատանքի համար անհրաժեշտ պայմանները: Ներքին խոհանոցին տիրապետելու վտանգ չենք տեսնում. Եկեղեցին բաց է և անհանգստանալու ոչինչ չունի:

–  Համաշխարհային մամուլի հրապարակումները վկայում են այդ կազմակերպության և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների ենթադրվող սերտ կապի մասին։ Ի՞նչ կասեք սրա վերաբերյալ:
– Ենթադրություններ անել չենք կարող, դրանց տրվել էլ չենք կարող: Ամենքի համար պետք է հստակ լինի, որ չի կարող որևէ բան ձեռնարկվել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կողմից ի վնաս Հայոց Եկեղեցու և ազգի:  Նշեմ նաև, որ այս որոշման կայացմանը քննարկումների երկար ժամանակ է նախորդել, որին մասնակից են դարձել հոգևորականներ և մասնագետ աշխարհականներ:

– Հայ Առաքելական եկեղեցին տարեկան որքա՞ն է վճարելու այդ կազմակերպությանը, որովհետև հայտնի է, որ այն խորհրդատվության համար թանկ վճարվող կազմակերպություն է։
– Նախ` սրբագրեմ, որ խոսքը մշտական խորհրդատվության մասին չէ, այլ` խորհրդատվական մեկանգամյա ծառայության: Նշյալ խորհրդատվությունը ժամանակավոր բնույթ է կրում: Ծրագիրը դեռ առաջադրանքի կազմության փուլում է: Ընդգծեմ, որ ինչպես այլ հարցերում, այնպես էլ այս ծրագրի հետ կապված Մայր Աթոռը պատշաճ կարգով և ժամանակին տեղեկատվություն կտրամադրի:

– Նախադեպ կա՞, որ այդ կազմակերպության խորհրդատվությունից որևէ եկեղեցի օգտվի ընդամենը ժամանակավոր, այլ ոչ թե ընդմիշտ։
– Հարցին արդեն պատասխանեցինք: Այս հարցը շարադրելուց առաջ թերևս անհրաժեշտ է մի փոքր ժամանակ հատկացնել և ուսումնասիրել, թե ինչո՛վ են զբաղվում ու ինչպե՛ս են գործում նման խորհրդատվական ընկերությունները: Այդ ուսումնասիրությունից հետո Ձեզ պարզ կդառնա նման բովանդակությամբ հարց մեզ ուղղելու աննպատակահարմարությունը:

– Մտավախություն չկա՞ , որ այդ ծրագրի հետևանքով Հայ Առաքելական եկեղեցին էլ Հայաստանում գործող 60 այլ կրոնական եկեղեցիների նման կվերածվի հերթական բիզնես ծրագրի։

– Մայր Աթոռը նման մտավախություն բնավ չունի: Բիզնես ծրագիր չէ, որ իրականացվում է, կամ բիզնեսի խթանման խնդիր չէ, որ դրված է, այլ` մեր Եկեղեցու հավատացելոց պահանջների և եկեղեցուց ակնկալությունների ուսումնասիրության հիման վրա` դրանց ընդառաջ ավելի արդյունավետ գործելու վերաբերյալ խորհրդատվություն ունենալու խնդիրն է մեզ առաջնորդում: Մնացյալը Մայր Աթոռն է որոշում, թե ընդունի ներկայացված առաջարկներն ու գործադրի, թե` ոչ կամ ի՛նչ չափով:

Բարձրագույն հոգևոր առաջնորդներից հատկապես ո՞ւմ մտահղացումն էր, ո՞վ առաջարկեցհամագործակցել այս կազմակերպության հետ։

– Նախաձեռնությունը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսինն է: Այն մի շարք անգամներ քննության է առնվել Գերագույն հոգևոր խորհրդի կողմից և աջակցություն ստացել: Ծրագրի իրականացման աշխատանքները Վեհափառ Հայրապետի օրհնությամբ համակարգում է «Դավիդյան» հիմնադրամի նախագահ և բարեգործ Ասո Դավիդյանը, ինչպես նաև ծրագրի շրջանակներում ստեղծված Խորհրդատվական 20 անձանցից բաղկացած հանձնաժողովը, որի մասին վերն արդեն նշել եմ:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Place for supporters
& advertisement