Մամուլի տեսություն

«Ուզո՞ւմ ես Աստծուն տեսնել, գնա առաջնագիծ»

Սեւ կապայի վրայից՝ զրահաբաճկոն ու խաչ, կամ փորուրար՝ զինվորական համազգեստի կտորից. պատերազմի օրերին սա էր հոգեւորականի «համազգեստը»։ Նա զինվորի կողքին էր՝ վիրավորի, հուսացողի, մկրտության ու հաղորդության կարիք ունեցողի։ Զինվորի կողքին էր նաեւ զենքով։

Հոգեւորականները բանակում են արդեն 23 տարի։ Հայաստանի ու Արցախի զորամասերում 60-ից ավելի գնդերեցներ՝ բանակում սպասավորող հոգեւորականներ կան։ Ինչպես խաղաղ օրերին, պատերազմի ժամանակ էլ նրանք իրենց զորքի հետ էին։ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի որոշմամբ՝ պատերազմի ընթացքում գնդերեցներին միացել էին նաեւ Հայաստանի ու արտերկրի թեմերի հոգեւորականները։

Զոհեր ու վիրավորներ ունեցավ նաեւ հոգեւոր դասը։

Մեդիամաքսը զրուցել է Տեր Վարազդատ քահանա Նաջարյանի հետ: Նա 9 տարի սպասավորում է Զինված ուժերի հոգեւոր առաջնորդությունում եւ պատերազմի ընթացքում եղել է Արցախի տարբեր հատվածներում։

«Եթե Աստված մեր կյանքում չլիներ, 3 րոպեից ավելի որեւէ մեկն էնտեղ չէր կարող մնալ»։

 

Եղել ենք գրեթե բոլոր ճակատներում։ Անընդհատ շրջում էինք: Ուզում էինք գնալ  հատկապես այնտեղ, որտեղ հոգեւոր ներկայության պակաս կար։ Մեր բոլոր գնդերեցները չէ, որ օծյալ հոգեւորականներ են, կան նաեւ սարկավագներ, որոնք մկրտելու իրավունք չունեն։ Այդ պատճառով որտեղ կար օծյալ հոգեւորականի կարիք, մենք անմիջապես հասնում էինք՝ լինի Մատաղիս, Ֆիզուլի, Հադրութ, որտեղ մեր զինվորները ցանկություն էին հայտնում մկրտվելու։

Գնդերեցներն այդ օրերին անհնարը հնարավոր են դարձրել։ Պատահել է՝  մարտական հենակետում զինվորը դժվարացել է մոտենալ զոհվածին կամ վիրավորին՝ առաջին բուժօգնություն ցույց տալու, ու դա արել է Հադրութի գնդերեցը՝ Կարո սարկավագ Ղարիբյանը։ Այդ մասին զինվորականներն իրենք են պատմում։ Բնականաբար, իր համար էլ ծանր է եղել, բայց արել է, որպեսզի հոգեվիճակ փոխվի։

 

Կամ, երբ զինվորները պետք է լքեին Ջաբրայիլի զորամասը, զորքին դուրս բերելու գործը զորամասի սարկավագն է կազմակերպել. տասնյակ կիլոմետրեր քայլել, անվտանգ տեղ են դուրս եկել։

Շատերն են վկայում, թե Աստծո ներկայությամբ եւ իրենց աղոթքների զորությամբ ինչպիսի հրաշքներ են եղել զինվորների կյանքում։ Հոգեւորականներից մեկը հետաքրքիր մի բան ասաց՝ եթե Աստված մեր կյանքում չլիներ, եթե հավատք չունենայինք, 3 րոպեից ավելի որեւէ մեկն էնտեղ չէր կարող մնալ։ Այս պատերազմը մեր պատկերացրած պատերազմների նման չէր։ Աստծուն խարսխված հավատքն է պահել մեր զինվորներին, կամավորներին, սպաներին, գնդերեցներին։ Աստծո անմիջական ներկայությունն ամեն րոպե զգացել ենք։

 

«Զինվորը մոտեցավ, ասաց՝ չգիտեմ, թե ինչ կլինի հաջորդ վայրկյանին եւ ուզում եմ մեղքերիս թողություն տաք»

 

Խաղաղ օրերին, երբ զինվորներին պատրաստում էինք մկրտության, ոմանք հրաժարվում էին։ Ասում էին՝ որոշել ենք ծառայությունից հետո մկրտվել, ընտանիքի հետ նշել։ Իսկ պատերազմի օրերին զինվորներն իրենք էին ուզում մկրտվել, որովհետեւ հասկանում էին, որ հաջորդ վայրկյանը կարող է շրջադարձային լինել: Գիտակցում էին, թե որքան կարեւոր է մկրտությունը։ Տեսնել էր պետք զինվորների ուրախությունը մկրտության պահին։

Երբ Մատաղիսի զորքից 40 հոգու մկրտեցինք, ավարտին մի զինվոր մոտեցավ, ասաց՝ տեր հայր, ես չգիտեմ, թե ինչ կլինի հաջորդ վայրկյանին եւ ուզում եմ խոստովանվել, ուզում եմ մեղքերիս թողություն տաք։ Այսչափ կարեւորություն ու գիտակցություն կար, իրենք անսահման զգում էին մեղքերի թողության, խոստովանության, մկրտության անհրաժեշտությունը։

 

Երբ խոստովանության պահին արված լուսանկարը տարածվեց համացանցում, զինվորի ծնողներն ինձ գտան, հետո նաեւ տեղեկացրեցին, որ, փառք Աստծո, տղան զորացրվել է։

«Լավագույնները գնացին, Աստված էլ երբեմն այդ լավագույնների կարիքն ունի»

 

Երբ թվում է, թե Աստված մեզ հետ չէ, պետք է հասկանանք, որ այդ պահին Աստված մեզ գրկած է տանում։ Երբ տրամաբանական, վերլուծական բոլոր հնարավորություններով փորձում ենք այս ամենը բնութագրել, հասկանում ենք, որ աներեւակայելի էր Ադրբեջանի, Թուրքիայի, Իսրայելի դեմ պայքարելը:  Այն, ինչ հիմա ունենք, դա էլ է Աստծո հրաշքը։

 

Մեր գնդերեցներից մեկը՝ Հրայր սարկավագ Լալայանը, վիրավորվել էր: Հիվանդանոցում գիտակցության գալուց հետո ընկերոջն ասել էր. «Ուզո՞ւմ ես Աստծուն տեսնել, գնա առաջնագիծ»։ Աստված ուղղակի ներկա է այնտեղ, չի եղել մի րոպե առանց Աստծո ներկայության։

Կհարցնեք՝ այդ դեպքում ինչո՞ւ այսքան զոհեր եղան: Մեզ համար սարսափ է, բայց իրենք փրկվեցին: Ես եւ դո՞ւք ենք ավելի լավ վիճակում, թե՞ իրենք, որ երկնքում են եւ մեր նահատակ բարեխոսներն են։ Մենք՝ երկրի վրա ապրողներս, ավելի ողբալի ու սարսափելի վիճակում ենք, բայց իրենք, որ կյանքը դրեցին հանուն մեր հայրենիքի ու հավատքի, երանելի են, որովհետեւ Աստծո մոտ են։ Ես միշտ ասել եմ՝ Տե՛ր Աստված, եթե Քո կամքով կյանքս պիտի ավարտեմ, երանի արժանանամ մեր նահատակների պես իմ կյանքը դնելուն։ Տարիքի մեջ չէ մարդու կյանքի իմաստը: Այսքան երիտասարդներ գիտակցված մահվան գնացին, եւ այդ մահն իրենց անմահություն պիտի բերի։ Իրենք չմահացան, ապրեցին, մենք ենք, որ երկրի վրա ենք ու մահացել ենք։

Խաչիկ Մանուկյանի հայտնի բանաստեղծությունը կա՝ «Բարձունքը մերն է, տղերքը չկան, տղերքն ավելի բարձրում մնացին»։ Բագրատ սրբազանն այս տողերը փոխել էր՝ «Բարձունքը մերը չէ, բայց տղերքը կան, տղերքն ավելի հեռվում մնացին, բայց ավելի մոտ են մեզ»։ Լավագույնները գնացին, Աստված էլ երբեմն այդ լավագույնների կարիքն ունի։

 

«Նարեկ սարկավագին կորցնելուց հետո հասկացա, որ պատերազմի պես չարիք աշխարհում չկա»

 

Պատերազմի արհավիրքը եւ դաժանությունն այդչափ չէի զգացել, մինչեւ չկորցրեցի իմ ամենամտերիմ ընկերոջը՝ Նարեկ սարկավագին։ Իրեն կորցնելուց հետո հասկացա, որ պատերազմի պես չարիք աշխարհում չկա։ Հենց այդ ժամանակ պատերազմը զգացի իմ մաշկի, իմ մարմնի վրա։ Ես նույնիսկ իմ մահվանն էի համակերպվել, որ, հնարավոր է, հետ չգամ, զոհվեմ, բայց Նարեկ սարկավագի առումով շատ հանգիստ էի, չէի մտածում, որ մի օր իրեն պիտի այս պատուհասը հասնի։

Եթե ժամանակին աղոթելուց  խնդրում էի իմաստություն, առողջություն եւ շատ այլ բաներ, հիմա միայն խաղաղություն եմ խնդրում, որ պատերազմի արհավիրքով մանուկներ չզոհվեն, որ պատերազմի արհավիրքը մարդկանց օջախներ չմտնի, մարդիկ իրենց օջախը հանձնելու ցավն ու ցասումը չզգան: Որքան էլ մենք փորձում ենք իրենց կողքին լինել, մխիթարել, միեւնույն է, իրենք այդ ցավը տանելու են ամբողջ կյանքում։ Մեր խնդրանքը պիտի լինի, որ Աստված օր առաջ եւ հաստատուն խաղաղություն պարգեւի։

«Մեր ազգն անցավ խաչելության ճանապարհով, բայց կա հարության լույսը»

 

Մեր զինվորները չեն պարտվել, նրանք ամուր կանգնած էին առաջնագծում: Խնդիրը թիկունքային ապահովումն էր, որի պատճառով պարտվեցինք։ Մենք պիտի այս ամենից դասեր քաղենք, հասկանանք, որ պատերազմը պարտվեցինք ոչ թե 44 օրում, այլ՝ 30 տարի ամեն օր՝ ոչինչ չանելով, հպարտանալով։ Պետք է հասկանանք, որ Արցախը կորցրեցինք այն ժամանակ, երբ համակերպվեցինք, որ Արցախը մերն է այլեւս։

Պատերազմը չի ավարտվել, աղետը նոր է գալիս։ Եթե մենք շարունակենք իրար փնովել, մեղքն իրար վրա բարդել, փնտրել մեղավորների՝ չտեսնելով մեղքի մեր բաժինը, շատ ավելի վատ է լինելու, քան՝ մինչ այս էր։ Ես հույս ունեմ ու աղոթում եմ, որ Աստված մեր ժողովրդին իմաստություն տա, որ կարողանանք այս ամենը գիտակցել եւ ոտքի կանգնել, մեր եսը ստորադասենք ազգային ու պետական շահին:

 

Երբ Աստված որեւէ ազգի կամ անձի ժառանգություն է տալիս, ասում է՝ այս ժառանգությունը վերցրու, փայփայիր եւ արա ամեն ինչ, որ քոնը դառնա։ Աստված շնորհեց մեզ Արցախը՝ որպես ժառանգություն, բայց մենք չփայփայեցինք, չպահեցինք, մերը չդարձրինք, դրա համար էլ վերցվեց մեզնից։ Աստվածաշունչն ասում է՝ եթե փոքրի մեջ հավատարիմ չլինեք, մեծը ձեզ չեմ տա։ Հիմա մենք ունենք այս փոքրիկ, իսկապես մի բուռ Հայաստանը։ Եթե սա էլ չփայփայենք, եթե սրան էլ հավատարիմ չլինենք, սա էլ է վերցվելու։

Դժվարությունների ժամանակ ասում ենք, որ խաչելությանը միշտ հաջորդում է հարությունը։ Մեր ազգն անցավ խաչելության ճանապարհով, բայց կա հարության լույսը։ Լույսը մեր Տերն է՝ Հիսուս Քրիստոսը՝ ճանապարհը, դուռն ու ճշմարտությունը: Մենք պետք է քայլենք դեպի այդ լույսը եւ մեր երկիրը կառուցելու ճանապարհը։

 

Լուսինե Ղարիբյան

Place for supporters
& advertisement