Մամուլի տեսություն

Պետություն-եկեղեցի հարաբերութունների հստակեցումը դանդաղել է. կառավարությունում լռում են

2019 թվականի հունվարի 29-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվեց աշխատանքային խումբ` Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով, հաստատվեց դրա անհատական կազմը: Մայիսի 3-ին արդեն տեղի ունեցավ խմբի առաջին հանդիպումը:

Այդ նիստում ունեցած իր ելույթում`ընդգծելով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դերակատարումը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Ես ուզում եմ ասել, որ այսօր Հայաստանում իշխող քաղաքական ուժի՝ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի առանցքային դրույթներից մեկը մեր ազգային ինքնության պահպանման խնդիրներն են, և սա եղել է մեր քաղաքական ուժի հիմնադիր ծրագրում դեռևս 2013 թվականից: Իհարկե, սա կարևորագույն առաջնահերթություն է մեզ համար, և այս առումով Հայ Առաքելական Եկեղեցու դերն առանձնահատուկ է և միշտ եղել է առանձնահատուկ: Բայց նաև կա խնդիր՝ հասկանալու, թե ինչքանով են մեր պատկերացումները նույնական ինքնության պահպանման առումով, և ինչ հարցեր կան այս համատեքստում, որ պետք է քննարկենք»: Ապա նա քննարկման համար երկու հարց էր առանձնացրել`դպրոցներում Հայ Առաքելական եկեղեցու պատմության դասավանդման եւ պետություն-եկեղեցի հարկային հարաբերությունները: Իր այդ ելույթում իր`իբրեւ մարդու եւ քաղաքական գործչի հաջողության գրավականը եւ շրջադարձային կետը Նիկոլ Փաշինյանը համարել էր այն, երբ վերընթերցել էր Նոր Կտակարանը. «Կարծում եմ, որ այն վարդապետությունը, որ այդտեղ դրված է, իսկապես, բոլոր առումներով, այդ թվում՝ պետական առումով հեղափոխական է, և դա այն բանաձևն է, որ Հայաստանի Հանրապետությանը, նրա քաղաքացիներին և ընդհանրապես մարդկությանը կարող է հասցնել երջանկության: Ես սա ասում եմ՝ արձանագրելու համար իմ վերաբերմունքը եկեղեցուն, իմ վերաբերմունքը քրիստոնեությանը, իմ վերաբերմունքը քրիստոնեական արժեքներին: Եվ ես համոզված եմ, որ այդ քրիստոնեական արժեքները կարող են ծառայել և պիտի ծառայեն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի հզորացմանը»:

Երկու տարի անց ի՞նչ արդյունքներ է գրանցել աշխատանքային խումբը, փորձեցինք ճշտել կառավարությունից: Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հարցերին կպատասխանեն գրավոր`սահմանված ժամկետում: Զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենքը գրավոր հարցման պատասխանի համար սահմանում է հնգօրյա ժամկետ: Այդ ժամկետը լրացել է, կառավարությունից պատասխան չենք ստացել: Թե ի՞նչ պատճառով են կառավարությունում լռում`չփորձենք գուշակել: Միայն արձանագրենք, որ այս ընթացքում եկեղեցու նկատմամբ ինտրիգները բավական խորացան, երբ «Թրանսփարենսի ինթերնեշնլի» կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում իրականացված կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի հետազոտության արդյունքներով Հայ Առաքելական եկեղեցին հռչակվեց «ամենակոռումպացված կառույցներից» մեկը: Նույն հարցերն ուղղել էինք նաեւ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանին: Պատասխաններից երեւում է, որ երկու տարվա կտրվածքով`գրանցված արդյունքներ չկան, ավելին, աշխատանքները դանդաղել են: Ներկայացնում ենք ամբողջական հարցուպատասխանը.

– Երկու տարի առաջ ՀՀ վարչապետի կողմից ստեղծվեց աշխատանքային խումբ պետական գերատեսչությունների և եկեղեցու ներկայացուցիչների մասնակցությամբ՝ պետության և եկեղեցու հարաբերությունների շրջանակներում հարցեր քննարկելու նպատակով: Քննարկվող հարցերի շարքում էին հանրակրթական դպրոցներում Հայ եկեղեցու պատմության, որպես պարտադիր առարկայի կրթակարգից դուրս բերումը, եկեղեցու գործունեության հարկումը և այլ հարցեր: Ի՞նչ արդյունքներ է գրանցել աշխատանքային խումբը: Կա՞ն ձեռք բերված պայմանավորվածություններ` եկեղեցու հետ:

– Գիտեք, որ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվեց Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խումբ, որի առաջին նիստը տեղի ունեցավ 2019 թ․ մայիսի 3-ին՝ նախագահությամբ Ամենայն հայոց կաթողիկոսի և ՀՀ վարչապետի։ Նկատի ունենալով օրակարգում առկա բազմաբնույթ հարցերը (դրանց թվում են նաև Ձեր կողմից մատնանշվածները)՝ նպատակահարմար նկատվեց ձևավորել առանձին ենթահանձնախմբեր, որոնք, քննարկումներ կազմակերպելով ամենազանազան խնդիրների շուրջ, վերջնարդյունքը պետք է ներկայացնեն աշխատանքային խմբի ուշադրության և հետագա տնօրինման։ Սա մեծ գործընթաց է, որը կարոտ է շարունակական հետևողական աշխատանքի։

Տեղեկացնեմ, որ մի քանի հանդիպումներ ենթահանձնախմբերի եղել են, կան հանձնախմբեր, որ դեռ նիստեր չեն գումարել։ Համավարակի ներկա իրադրությամբ պայմանավորված, սակայն այդ գործընթացը, կարող եմ ասել, դանդաղել է։

Մայր Աթոռը կարևորում է խմբի առաքելությունը, որի աշխատանքի պտուղը պետք է իսկապես օրհնաբեր լինի մեր ժողովրդի համար՝ մեկ անգամ ևս հաստատելով ազգի կյանքում Հայոց Եկեղեցու կարևոր դերակատարության իրողությունը։

– Հայտարարություններ, նաեւ մամուլում հրապարակումներ եղան, որ եկեղեցու բարեգործական ծրագրերը չեն ազատվում հարկերից, մինչդեռ այլ կազմակերպություններ օգտվում են այդ իրավունքից: Համապատասխանու՞մ են այս տեղեկություններն իրականությանը:

– Աշխատանքային խմբի օրակարգային հարցերից մեկը նաև Եկեղեցու կողմից իրականացվող բազմաթիվ բարեգործական, սոցիալական, կրթական և ընդհանուր առմամբ՝ եկեղեցաշինական ծրագրերի ազատումն է համապատասխան հարկումից։ Այդ մասին առիթներ եղել են արտահայտվելու։ Այս կապակցությամբ ևս քննարկումները շարունակվում են առկա խնդիրներին լուծումներ գտնելու նպատակով։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. Քիչ առաջ վարչապետի աշխատակազմից ստացանք հետեւյալ նամակը. «Ի պատասխան Ձեր էլեկտրոնային գրության` տեղեկացնում ենք, որ Ձեր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք: Ուստի, համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի հոդված 9-ի 7-րդ մասի 3) կետի` հարցերի պատասխանները կտրամադրվեն 30-օրյա ժամկետում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/05/26/1113729/?fbclid=IwAR2BNhfVrRG_AOQDwT_UImj1dzMZyxuIgzLi7tA_7EQ5e58deQcBRI5HUXA

© 1998 – 2020 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Place for supporters
& advertisement