«Ալեք և Մարի Մանուկյան» Գանձատուն
Գանձատունը կառուցվել է Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետության օրոք` 1982 թ. բարերարությամբ ամերիկահայ ազգային բարերարներ Ալեք և Մարի Մանուկյանների: Գանձատուն-թանգարանի ճարտարապետը Բաղդասար Արզումանյանն է:
Այստեղ են պահվում և երկու ընդարձակ սրահներում ցուցադրվում դարերով հայորդիների կողմից ստեղծված հոգևոր և մշակութային արժեքներ` եկեղեցական սրբություններ ու մասունքներ, կիրառական արվեստի նմուշներ, խորանի վարագույրներ, հին հայկական գորգեր, որոնք հավաքվել են Մայր Աթոռում աշխարհի տարբեր կողմերից:
Առանձին մի սրահում ցուցադրվում են նաև տարբեր շրջաններում Հայոց Հայրապետներին ընծայված արժեքավոր նվերներ:
2013 թ. Գանձատանը սկսեց գործել նաև Մայր Աթոռի ձեռագիր մատյանների արժեքավոր հավաքածուի «Կառլ և Էմմա Սողոյաններ» ցուցասրահը: