Բարեպաշտական սովորություններ

Մատաղ

hqdefaultԵրբ մարդիկ ազատվում են որևէ փորձությունից, հաղթահարում են որևէ դժվարություն, ցանկանում են Աստծուն իրենց գոհությունն ու երախտագիտությունը հայտնել կամ ուզում են աղքատի ու կարիքավորի նկատմամբ իրենց հոգատարությունն արտահայտել, հաճախ դիմում են բարեպաշտական մի սովորության, որ  մատաղ է կոչվում:

Հայ պատմիչների` Ղազար Փարպեցու, Հովհան Մամիկոնյանի արժանահավատ վկայությունները փաստում են` այս գեղեցիկ սովորույթը Հայ Եկեղեցի ու հայկական կենցաղ է մտել դեռևս առաջին դարերից:

4-րդ դարում, երբ հայոց Տրդատ թագավորն ու ամբողջ ժողովուրդը դարձի եկան, մկրտվեցին և դարձան քրիստոնյա, սուրբ Գրիգոր Լուսավորիչն Աստծուն իր երախտագիտությունը հայտնելու համար Տարոնի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցում մատաղօրհնություն կատարեց և բաժանեց աղքատներին:

Սովորաբար, մատաղի կենդանի են համարվում ընտանի` ուտելու համար նախատեսված արու չորքոտանիները, հաճախ նաև՝ աքաղաղն ու աղավնին: Քանի որ մատաղն Աստծուն տրվող ընծա է, կարևոր է ընտրել կենդանիներից ամենալավը, անհրաժեշտ է, որ մատաղացու կենդանին ձեռք բերվի արդար վաստակով և ազնվությամբ:

Մատաղի համար կենդանու փոխարեն աղ են տանում եկեղեցի: Քահանան, սաղմոսներ և աղոթքներ կարդալով, խաչով օրհնում է աղը, ինչը մաքրության օրինակ է: Օրհնված աղը տալիս են կենդանուն, որպեսզի ուտելով մաքրվի և Տիրոջ համար արժանի նվեր դառնա: Հենց այս իմաստով է, որ Քրիստոս Մատթեոսի Ավետարանում իր աշակերտներին կոչում է «երկրի աղ»:

Մարդիկ ճոխ սեղանների շուրջ, հարազատների շրջապատում մատաղը հաճախ վերածում են խնջույքի: Իրականում մատաղը, որն Աստծուն ուղղված գոհություն և խնդրանք է, պետք է «կիսել» Տիրոջ հետ: Իսկ Աստծո «դեսպաններ» մենք մեր կողքին շատ ունենք: Աստվածաշնչում Քրիստոս Ինքն է ասում, որ քաղցած և ծարավ մեկին ուտելիք և ըմպելիք տալով, հիվանդին ու բանտում գտնվողին այցելելով, մերկ մարդուն հագցնելով՝ մենք այդ ամենն անում ենք հենց Իր՝ Աստծո համար: Պատահական չէ, որ մարդիկ նաև իրենց ննջեցյալների հիշատակի համար հոգեհաց են բաժանում կարիքավորներին:

Շատերը սխալմամբ մատաղը նույնացնում են հրեական զոհաբերության հետ, որը սահմանված էր նախքան Քրիստոսի գալուստը, իսկ նապատակն էր մարդուն մեղքերից ազատելը: Բայց Քրիստոսի աշխարհ գալով և խաչելությամբ, կենդանու արյունն այլևս անարժեք ու մերժելի է: Իսկ մատաղը մեղքերի թողություն չի կարող տալ. այն պարզապես ողորմության մի ձև է:

Մատաղի հետ կապված մեկ այլ սխալ սովորություն էլ կա: Մարդիկ հաճախ մատաղացու կենդանու արյունը քսում են իրենց ճակատին, մինչդեռ  սուրբ Ներսես Շնորհալին գրում է, որ դա արգելված է, քանի որ Մկրտության ժամանակ մարդու ճակատը դրոշմվել է սուրբ Մյուռոնով:

Մատաղ կարելի է անել մշտապես, բացի պահքի օրերից:

Մատաղը ճաշակողները մաղթում են՝ «ընդունելի լինի»:

Լուսինե Ղարիբյան

Place for supporters
& advertisement