Բարեպաշտական սովորություններ

Մոմավառություն

Եկեղեցի մտնելիս գրեթե միշտ մոմ ենք վառում

սրբապատկերների առջև:

Այս գեղեցիկ սովորությունը մեզանում լայն տարածում ունի

և ձգվում է մինչև դարերի խորքը:

Աստծու տանը ճրագ կամ մոմ վառելու ավանդությունը գալիս է դեռևս Հին Ուխտի ժամանակներից: Աստված Ինքը Մովսեսի միջոցով ժողովրդին պատվիրեց, որ ձիթենու զուլալ, անարատ ձեթ բերեն լույսի համար, որպեսզի մշտավառ ճրագ լինի վկայության խորանում (Ելք ԺԷ 20-21): Սուրբ  Գիրքն ասում է նաև. «Սողոմոն արքան պատրաստել տվեց Տիրոջ տան ամբողջ սպասքը, ոսկե մոմակալները, ճրագակալները, մոմ կտրելու մկրատները»:  Գ Թագ. Է 49

Հետագայում, երբ քրիստոնեությունը հաստատվեց աշխարհում, մոմը պահպանեց իր կիրառական և ծիսական նշանակությունը նաև նորահաստատ քրիստոնեական Եկեղեցում: Պետք է ասել, որ մոմն ու ճրագն ի սկզբանե նույն նշանակությամբ են օգտագործվել և ունեցել են միևնույն հոգևոր ու նվիրական իմաստը. ինչի շնորհիվ Եկեղեցին առ այսօր պահպանել է ճրագ վառելու ավանդությունը:

Վաղ շրջանում հեթանոսների գործադրած հալածանքների պատճառով, որոնք տևեցին երեք դարից ավելի, քրիստոնեական պաշտամունքները կատարվում էին գիշերով, ստորգետնյա և վերգետնյա գաղտնի աղոթատեղիներում ու մատուռներում, որտեղ բնականաբար մոմեր ու կանթեղներ էին վառում՝ շինության տարածքը լուսավորելու համար: Այդպես էլ հետագայում եկեղեցու ներսը լուսավորելու և կատարվող արարողություններին շքեղություն ու տոնականություն հաղորդելու համար մոմավառությունը մնաց որպես ծեսի կարևոր բաղադրիչ մասը: Սակայն պատճառը միայն լույս տալու պարագան չէր: Մոմավառության սովորությունը և՛ Հին Ուխտում, և՛ Նորում, բացի կիրառական նշանակությունից ուներ և ունի նաև խորհրդաբանական ներքին իմաստ:

 

Մոմի և մոմավառության խորհուրդները ըստ Ս. Գրքի և Եկեղեցու հայրերի

 

Վառվող մոմն առաջին հերթին խորհրդանշում է Քրիստոսին և ապա՝ քրիստոնյաներին.

«Ես եմ աշխարհի լույսը. ով Իմ ետևից է գալիս, խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կենաց լույսը» (Հովհ. Ը 12):

«Դուք եք աշխարհի լույսը… Եվ ճրագը վառելով կաթսայի տակ չեն դնում, այլ աշտանակի վրա, և նա լույս է տալիս բոլոր նրանց, որ տան մեջ են:

Թող այդպես փայլի ձեր լույսը մարդկանց առաջ, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերը ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթ. Ե 14-16):

Հիսուսի բերած աստվածային լույսը Սուրբ Հոգու ներգործությամբ փոխանցվեց առաքյալներին, ովքեր էլ նույն Հոգու զորությամբ և գործակցությամբ տարածեցին այն աշխարհով մեկ՝ լուսավորելով մեր խավար հոգիները: Այդպիսով վառվող մեկ Մոմը՝ Հիսուս, Սուրբ Հոգու զորությամբ վառեց բազում այլ մոմեր՝ քրիստոնյաներին, և այդ մոմերի հուրը չհանգավ, այլ  «վառվելով» տարածվեց ու տարածվում է աշխարհում:

Ուրեմն մեր ձեռքին վառվող մոմը խորհրդանշում է հավատքի լույսը, Քրիստոսի պատվիրաններն աչքի առաջ ունենալը և դրանց կատարումը:

Ինչպես մոմն է մեռած և խավար առանց հրի, նույնպես

«Հավատքն առանց գործերի մեռած է» (Հակ. Բ 26):

Ինչպես մոմը և հուրն առանց պատրույգի չեն վառվում, նույնպես էլ հավատքն ու գործն առանց սուրբ նպատակի անպիտան են: Նա, ով ունենա հավատք և Աստծու սիրո համար բարի գործ անի, նա՛ է արժանի Աստծու արքայության և մեղքերի թողության:

Վառվող մոմը խորհրդանշում է մեր աղոթքն ու ողորմությունը, որը մեր իսկ ձեռքով ընծայում ենք Քրիստոսին: Այն նաև մեր անձի փրկության խորհրդանիշն է, որովհետև մոմը ինքնին հուր է, մոմանյութ և պատրույգ. նույնպես և մեզ երեք բան է հարկավոր փրկության համար:

Նախ ՝ ճշմարիտ հավատք, որ խորհրդանշում է մոմանյութը:

Երկրորդ՝ բարի գործեր, որ խորհրդանշում է հուրը:

Երրորդ՝ ճշմարիտ և սուրբ նպատակ, որ խորհրդանշում է պատրույգը. և այն, որ ամեն բարի գործ Աստծու սիրո համար ենք անում և ոչ թե ի ցույց մարդկանց: Եվ ինչպես վառվող մոմը տարբերվում է հանգած մոմից, այդպես էլ կենդանի հավատը մեռած հավատից: Որովհետև վառվող մոմից լույս է ելնում, իսկ հանգածից՝ դառն ծուխ: Այսպես էլ կենդանի հավատքից ելնում է ճշմարտության լույս՝ լուսավորելով մարդկանց ճանապարհը:

Արդ, ինչպես մոմի նյութը և յուղը միշտ վառ են պահում լույսը, այսպես էլ առաքինության գործերն օգնում են և միշտ վառ են պահում աղոթքների լույսը, իսկ անիրավության և մեղքերի գործերը միշտ մարմնին հակառակ են և հանգցնում են աղոթքների լույսը:

Եվ ամենից գլխավորը. մոմը նշանակն է մեր երկյուղած սիրո առ Աստված և Իր սուրբերը: Մոմը, որ վառում ենք, խորհրդանշում է այն մեծագույն և կատարյալ զոհաբերությունը, որ մարդը պետք է մատուցի իր Արարչին: Այսինքն՝ Աստծուն նվիրաբերի սեփական անձը՝ իր ինքնիշխան կամքը հոժարակամ ստորադասելով ու ենթարկելով Աստծու կամքին:

Եկեղեցին իր բոլոր պաշտամունքները կատարում է խնկարկումով և մոմավառությամբ: Բերենք մի քանի օրինակ.

Ծիսական արարողությունների ժամանակ քահանայի կամ Ավետարան ընթերցող սարկավագի երկու կողմում կանգնում են երկու մոմակիր. նրանք խորհրդանշում են Հիսուսի Հարությունը ավետող երկու լուսավոր հրեշտակներին, «Որոնք նստել էին, մեկը՝ սնարին, և մյուսը՝ ոտքերի մոտ, այնտեղ, ուր Հիսուսի մարմինն է եղել»:  Հովհ. Ի 12

Սուրբ Ծննդյան և Զատկական Ճրագալույցներին, Տյառնընդառաջի երեկոյան հավատացյալներն իրենց ձեռքում մոմ են ունենում, որը հետևյալ խորհուրդներն ունի.

Ճրագալույցի գիշերային ժամի տոնը բազում վառվող լույսերով և մոմերով ենք կատարում, որովհետև այս տոնի Տերը Քրիստոսն է՝ երկնավոր լույսը, և հարկ է լույսով կատարել Լույսի տոնը:

Մոմի լույսը խորհրդանշում է  այն աստղը, որն առաջնորդեց մոգերին և կանգնեց այնտեղ, ուր Մանուկն էր: Այդ պատճառով այս օրը՝ երեկոյան, վառվող մոմերով ենք եկեղեցի մտնում:

Տյառնընդառաջին մեր ձեռքին մոմ ենք ունենում, որովհետև ինչպես սուրբ Կույսը, Հովսեփը, Աննա մարգարեուհին և Սիմեոն Ծերունին իրենց ձեռքում Քրիստոսին ունեին, այնպես էլ մենք՝ մոմ: Քանի որ մոմը ինքնին հուր է, մոմանյութ և պատրույգ, բայց և մի մոմ է, այնպես էլ Քրիստոս՝ երեք իրողություն.

Աստվածությունը՝  իբրև հուր,

անապական մարմինը՝  որպես հստակ մոմ,

բանական հոգին՝  որպես պատրույգ:

Որով լուսավորվեցին բոլոր արարածները:

Ծերունի Սիմեոնն ասում է. «Լույս, որ հայտնություն կլինի հեթանոսների համար» (Ղուկ. Բ 25-32):

Ուշագրավ փաստ է, որ ժամանակին մեր Եկեղեցում եղել է մոմի և հրի օրհնության կարգ, այդ կարգը կատարվել է Տյառնընդառաջին և Զատկական ճրագալույցի երեկոյան:

Ավագ շաբաթվա Ավագ երեքշաբթի օրը մեր ձեռքերի վառվող մոմը խորհրդանշում է տասը կույսերին (Մատթ. ԻԵ 1-13): Կույսերը օրինակն են քրիստոնյաների: Նրանցից հինգը իմաստուն են, հինգը՝ հիմար:

 

Իմաստուն են նրանք, ովքեր այս աշխարհում հարատևում են հավատի գործերի մեջ. այսինքն՝ աղոթքով, պահքով և ողորմությամբ, և սպասում են Հիսուսի Երկրորդ Գալուստին:

Ինչպես Ավետարանն ասում է. «Կեսգիշերին ձայն լսվեց. ահա փեսան գալիս է», հիմար կույսերը, ովքեր իրենց լապտերները հանգցրել էին (այսինքն՝ չունեին հավատի գործեր), պիտի մնային խավարում, իսկ իմաստուն կույսերը, ովքեր իրենց լապտերները վառ էին պահել, Փեսայի հետ պիտի մտնեին Լույսի սրահը՝ Երկնքի Արքայություն:

Այսպիսով, Եկեղեցում մոմ վառելով՝ հավատացյալն արտահայտում է իր հավատքը, հույսն ու սերը առ Աստված: Խնդրում է, որ ինչպես այս մոմը՝ փոքրիկ լույսը, հալածեց տաճարի ներսի խավարը, այնպես էլ Լույս Քրիստոս հալածի մեր՝ հավատացյալներիս մեղքերի խավարը: Եվ խիստ կարևոր է, որ երբ եկեղեցում մոմ ենք վառում, չվերածենք այն ինքնանպատակ ու մեքենայական գործողության, այլ մշտապես մտաբերենք, որ մոմը և մոմավառությունը ունեն ներքին իմաստ և խորհրդաբանորեն հիշեցնում են մեզ աստվածպաշտական ու փրկագործական կենսապարգև իրողությունների մասին:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Քարոզչական կենտրոն

Place for supporters
& advertisement