Բարեպաշտական սովորություններ

Տնօրհնեք

Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին Հայ Եկեղեցու սպասավորներն այցելում են հավատացյալների տներն ու նրանց փոխանցում բարի ավետիսը՝ «Քրիստոս ծնավ և հայտնեցավ» կամ «Քրիստոս հարյավ ի մեռելոց», և կատարում են տնօրհնեքի կարգ: Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, որ տնօրհնեքի արարողությունը հաստատել է ինքը Քրիստոս: Ըստ Ավետարանի, Սուրբ Զատկի երեկոյան հարուցյալ Քրիստոս փակ դռների միջով մտնում է Վերնատուն, որտեղ հավաքված էին նրա աշակերտները և օրհնում է նրանց: Քրիստոսի օրինակով նրա աշակերտները, վերջիններիս նմանողությամբ էլ հոգևորականները տարին երկու անգամ օրհնում են քրիստոնյաների բնակարանները: Տնօրհնեք է կատարվում նաև նոր բնակարան գնելիս, ինչպես նաև, երբ տարբեր պատճառներով խախտվում է այդ տան խաղաղությունը:

Տնօրհնեքն աղոթքի կարգ է, որ կատարվում է ոչ թե եկեղեցում, այլ մեր տներում: Քահանան խաչով օրհնում է տվյալ բնակարանը, ընտանիքի անդամներին և տան բարիքները՝ հացը, աղը և ջուրը: Ապա քահանան օրհնված ջրով խաչաձև ցողում է տան պատերին, խնկարկում և Տիրոջից պահպանություն խնդրում ընտանիքի համար: Տնօրհնեքի խորհուրդն ու կարևորությունը երևում է ավետարանական այն հատվածից, որ ընթերցվում է արարողության ընթացքում. «Այսօր այս տան համար փրկություն եղավ… որովհետև Մարդու Որդին եկավ փնտրելու և փրկելու կորածին»:

Տերունի կարևոր այս երկու տոներից բացի, տնօրհնեք կատարում են նաև նոր կամ նորակառույց բնակարան տեղափոխվելիս: Մարդիկ, հավատալով տնօրհնեքի զորությանը, հոգևորականին են դիմում նաև այն  ժամանակ, երբ ընտանիքում չեն դադարում փորձություններն ու անհանգստությունները, և խնդրում են աղոթքով և օրհնությամբ  չարի ներգործությունը հեռացնել իրենց ընտանիքից:

Օրհնված ու սրբագործված բնակարանում հաստատվում է խաղաղություն ու սեր, ինչպես ասվում է նորակերտ տան տնօրհնեքի ընթացքում ընթերցվող սաղմոսում. «Օրհնի՛ր այս տունը և այն հեռու պահիր ամեն չարիքից ու փորձանքից: Քո ողորմության շնորհն առա՛տ արա այս տան վրա: Այն քո սիրո ու երկյուղի վրա հաստատիր, որովհետև ամեն տուն միայն քեզնով է շինվում և պահվում, բարգավաճում ու պայծառանում, իսկ առանց քեզ իզուր տեղը հոգնում են այն շինողները»:

Լուսինե Ղարիբյան

Place for supporters
& advertisement