Բարեպաշտական սովորություններ

Խաչակնքում

«Քո խաչը թող մեզ ապավեն լինի, Տեր Հիսուս…»: Աստծո պաշտպանությունը հայցող այս աղոթքում հատուկ շեշտվում է խաչի զորությունը: Խաչակնքվելով, մկրտության ընթացքում խաչանիշ դրոշմվելով, խաչը պարանոցին կրելով և խաչի գործածության այլ պարագաներում մենք հիշում ենք աստվածային փրկության մասին, խոստովանում խաչյալ Փրկչին, Նրա պահպանությունը խնդրում և Նրան ապավինում:

Քրիստոսի խաչելությամբ՝ քառաթև այս նշանը դարձավ քրիստոնեության խորհրդանիշը, քրիստոնյաների հպարտությունը, ինչպես Պողոս առաքյալն է ասում. «Քավ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով, որով աշխարհը խաչված է ինձ համար, ես էլ՝ աշխարհի համար» (Գաղ. 6. 14):

Խաչակնքվելիս, այսինքն՝ խաչի կնիքը մեզ վրա դնելիս, միացնում ենք աջ ձեռքի առաջին  երեք մատները, 1285578738_rukaիսկ մյուս երկուսը՝ ծալում: Իրար սեղմած երեք մատները խորհրդանշում են Ս. Երրորդությունը, իսկ ծալված երկու մատները Քրիստոսի կատարյալ Աստված և կատարյալ մարդ լինելու խորհուրդն ունեն: Մատները հպում ենք ճակատին՝ ասելով «Հանուն Հօր», իջեցնում ենք կրծքին՝ «և Որդւոյ», տանում ձախ  լանջին՝ «և Հոգւոյն»,   աջ լանջին՝ «Սրբոյ», և մատները բացելով՝ ափը դնում կրքծի վրա՝ ասելով՝ «Ամէն»: Մարդիկ խաչակնքվելուց հետո անգիտությամբ երբեմն համբուրում են մատները, ինչը ճիշտ չէ:

Խաչակնքվելիս դրոշում ենք մեր ճակատը՝ հիշելով, որ երկնքում էինք, և ապա ձեռքն իջեցնում ենք դեպքի սիրտը՝ մտաբերելով, որ երկիր ընկանք, երբ ձեռքը տանում ենք կրծքի ձախ կողմը, նշում ենք, որ ձախակողմյան՝ մեղավորների դասում եղանք, ապա տանում աջ՝ հաստատելով, որ արդարների դասում ենք ցանկանում լինել:

Ոմանք, հատկապես՝ տարբեր հարանվանությունների և կրոնական հոսանքների հետևորդները, մեղադրում են քրիստոնյաներին խաչը պաշտելու համար՝ նշելով, թե Քրիստոսի մահվան գործիքը պաշտելը մեղք է: Ս. Գրիգոր Տաթևացին ասում է, որ նման կարծիք արտահայտողները խաչի միայն նյութն ու ձևն են կարևորում, բայց չեն տեսնում նրա խորհուրդը: Մինչդեռ Քրիստոսի զորությունն անբաժանելի և անքակտելի է խաչից. որտեղ խաչն է, այնտեղ է Խաչյալը, ու այդ պատճառով Խաչվածին պաշտում և պատվում ենք Խաչի հետ մեկտեղ։

Խաչակնքումը մեր լուռ խնդրանքն ու աղոթքն է, այն ամուր վահան է ընդդեմ չարի, խաչակնքվելով մենք փաստում ենք մեր քրիստոնյա լինելը, վկայում մեր հավատքը, ապավինում Աստծո անսահմանափակ զորությանը, որը բնակվում է խաչի մեջ:

Հայ Առաքելական Եկեղեցու խաչերն անվանում են «ծաղկած», որովհետև խաչի 4 թևերն  ավարտվում են ոչ թե ուղիղ եզրով, այլ՝ բողբոջանման վերջավորությամբ: Սա ևս մեկ անգամ փաստում է, որ խաչը նոր կյանքի, հավերժության խորհրդանիշ է:

Լուսինե Ղարիբյան

Place for supporters
& advertisement