Տեղեկանքներ

Սրբալույս Մյուռոն

Մյուռոնի խորհուրդը

«Մյուռոն»-ը հունարեն բառ է, որ նշանակում է «հոտավետ յուղ» կամ «բույսից հոսող հյութ»: Այն լայնորեն գործածել են արևելյան ազգերը, գլխավորապես հին հրեաները տոնական օրերին: Ըստ Մովսես նախամարգարեի ստացած աստվածային պատգամի` Աստծո սպասավորները ձիթենու յուղն օգտագործում էին խնկեղենի, զանազան համեմունքների և ծաղիկների միախառնումով: Հրեաների համար ձիթենու յուղով օծումն ուներ սրբացնող, նվիրագործող նշանակություն: Նրանով սրբագործվում էին բոլոր այն առարկաները (Վկայության խորան, Սրբությունների սեղան, Ավազան և անոթներ), որոնք օգտագործվում էին Աստծուն սպասավորելիս: Ձիթենու յուղով օծվում էին նաև Աստծո սպասավորները և Իսրայելի վրա կարգված թագավորները: Օծման այս խորհուրդն էականորեն փոխվեց Աստծո Որդու գալստյամբ: Եբրայեցերեն «Մեսիա» անվան հունարեն համարժեքը «Քրիստոս»-ն է, որ նշանակում է Օծյալ:

Քրիստոնեության արշալույսին արդեն, ինչպես ակնարկվում են առաքելական թղթերում, մկրտության ժամանակ յուղերով օծելու սովորույթը որոշ համայնքներում սկսեց կենցաղավարել որպես Սուրբ Հոգին ընդունելու նվիրական նշան: Եթե ջրով մկրտությունը սրբում է հին մարդու ադամական տկարությունները, ապա սուրբ յուղով օծումը նրան դարձնում է Սուրբ Հոգու շնորհներով վահանավորված և քրիստոնեական օծումով բարեզարդված Աստծո զավակ: Հին եկեղեցու մեջ օծման համար սրբազան յուղի կիրարկման սովորույթը հաստատվել է իբրև մկրտության անհրաժեշտ բաղկացուցիչ` դրոշմի խորհրդի կանոնակարգումից հետո:

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցում  Սրբալույս Մյուռոնի կիրարկումը գալիս առաքելական ժամանակներից: Ըստ ազգային Ավանդության` Քրիստոսի օրհնած յուղը Հայաստան է բերել Հայոց աշխարհի առաջին լուսավորիչ Ս. Թադեոս առաքյալը: Նա իր հետ բերած այս յուղով օծում է հիվանդ Աբգար թագավորին և բժշկում նրան: Հետագայում, գնալով Տարոնի կողմերը, այն տեղում, ուր հետագայում Լուսավորիչը կառուցելու էր Ս. Հովհաննես վանքը, մշտադալար մի եղերդենու տակ առաքյալը թաղում է շշով բերված այս յուղը, որի համար Ս. Հովհաննեսը կոչվում է նաև «Եղրդուտի վանք», ինչպես և «Ս. Շիշ իւղոյ վանք»: Նույն վայրում իջած լույսով և Լուսավորչին երևացած տեսիլքով հայոց քահանայապետը գտնում է այն և խառնում իր օրհնած Մյուռոնին: Հետևելով այդ Ավանդությանը` դարեր շարունակ Հայոց Հայրապետները, նոր Մյուռոն օրհնելիս, նրան են միախառնել լուսավորչավանդ հին Մյուռոնը, որպեսզի հնի մեջ պահպանվող առաքելավանդ սրբազան Շնորհը փոխանցվի նորին:

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցում Սրբալույս Մյուռոնի օրհնությունը վերապահված է Ամենայն Հայոց Կաթողիկոսին` 12 բարձրաստիճան հոգևորականների մասնակցությամբ:

 

Պատրաստման կերպը

Սրբալույս Մյուռոնի հիմնական բաղադրիչը ձիթենու անարատ յուղն է, որին խառնվում է բալասան, ինչպես նաև քառասուն կամ ավելի  տեսակ տարբեր հոտավետ խունկերի, ծաղիկների, անուշահոտ բույսերի արմատների, ծաղկաջրերի, յուղային հյութերի և տերևների միաշաղախված հեղուկը:

Բալասանը փշատենու նման մշտադալար ծառի կեղևից ծորող անուշահոտ խեժ է: Այն նախ փափկեցվում է կտավատի յուղով, որպեսզի միախառնվի ձիթենու յուղին, որովհետև եթե չփափկի, կնստի Մյուռոնի կաթսայի հատակին և ընդհանուր բաղադրությանը չի հաղորդի իր զորությունը և Մյուռոնում բալասանի պակասություն կլինի: Այս պատճառով էլ առանձին կաթսաների մեջ եռացնում են բալասանը կտավատի ձեթով, իսկ մյուսում` ձիթենու յուղը, և առանձին պահում մինչև Մյուռոնի օրհնության օրը:

Իսկ մնացյալ քառասուն կամ ավելի նյութերի դեպքում կոշտերը ծեծում են, մանրացնում, մաղում, հետո լցնում մի կաթսայի մեջ` ավելացնելով ծաղկայուղեր, գինի և վարդաջուր: Ապա կաթսան դնում են ջրով լցված մեկ այլ կաթսայի մեջ և դնում կրակին: Երեք օր շարունակ շարականների և սաղմոսների երգեցողության ներքո այն եփվում է, որից հետո թողնում են ևս երկու օր, որպեսզի չլուծված ողջ նստվածքը իջնի: Այնուհետև, ստացված ծաղկանյութերը քամում են մաքուր կտավով և

Օրհնությունից քառասուն օր առաջ ձիթենու մաքուր յուղով լի կաթսան դրվում է Մայր Տաճարի Ավագ Ս. Խորանին և ծածկվում է նրբահյուս շղարշով: Քառասուն օր շարունակ, երեկոյան ժամերգությունից հետո, հոգևոր պաշտոն է կատարվում` շարականներով, աղոթքներով և սուրբգրային ընթերցվածներով:

Մյուռոնօրհնեքի նախատոնակին` գիշերը, եկեղեցում հսկում է կատարվում, իսկ հաջորդ օրը հանդիսավորապես տեղի է ունենում Մյուռոնօրհնությունը:

 

Սրբալույս Մյուռոնի օրհնությունը

Մինչ օրհնությունը Վեհափառ Հայրապետը Վեհարանում զգեստավորվում է հայրապետական շուքով: Նույն կերպ զգեստավորվում են նաև 12 եպիսկոպոսներ: Այնուհետև Վեհափառին շրջպատած հոգևոր դասը Վեհարանից ուղղվում է դեպի Մայր Տաճար: Երկշարք` Վեհափառի աջ և ձախ կողմից, ընթանում են վեցական եպիսկոպոսներ` տանելով Մյուռոնի օրհնության համար անհրաժեշտ Հայ Եկեղեցու ավանդական սրբությունները:

Վեհափառի աջ կողմից ընթացող եպիսկոպոսները տանում են Ս. Ավետարանը, Ծաղկանց նյութերի անոթը, Ս. Արիստակես Հայրապետի Աջը, Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի Աջը, Ս. Գրիգոր Լուսավորչի Աջը և Կենաց Փայտը: Ձախակողմյան եպիսկոպոսները տանում են բալասանի անոթը, հին Մյուռոնը` Մեռոնաթափ աղավնիով, Ս. Հակոբի Աջը, Ս. Թովմաս առաքյալի Աջը, Ս. Թադեոս առաքյալի Աջը և աստվածամուխ Ս. Գեղարդը:

Վեհափառ Հայրապետը Սրբալույս Մյուռոնի օրհնությունը կատարում է Կենաց Փայտի մասունքը կրող Ս. Խաչով, Ս. Գեղարդով, և Ս. Գրիգոր Լուսավորչի Աջով:

Ս. Մյուռոնի կաթսան, շղարշով ծածկված, 7օր շարունակ մնում է Մայր Տաճարի Ավագի Ս. Խորանին` ի համբույր հավատացյալների և Մայր Աթոռ եկող ուխտավորների:

 

Սրբալույս Մյուռոնի գործածությունը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում Մյուռոնն օգտագործվում է հետևյալ արարողությունների ժամանակ.

  1. Դրոշմի խորհուրդը – Մկրտության խորհրդին հաջորդող Դրոշմի ժամանակ քահանայական աստիճան ունեցող հոգևորականը Մյուռոնով օծում է մկրտվածի մարմնի մասերը:
  2. Քահանայական, եպիսկոպոսական և կաթողիկոսական օծումը – Հայոց Եկեղեցում միայն քահանայից ցածր աստիճաններն են տրվում պարզ ձեռնադրությամբ: Սրբալույս Մյուռոնով օծվում են քահանայի ձեռքերը և ճակատը: Մյուռոնով օծվում են նաև եպիսկոպոսները: Մեր եկեղեցին Մյուռոնով օծում է նաև Կաթողիկոսին, որը միաձույլ արտահայտումն է Հայոց Հայրապետի և Սրբալույս Մյուռոնի հանդեպ հայ ժողովրդի տածած առանձնակի հարգանքի և մեծ սիրո ու նվիրումի:
  3. Եկեղեցու օծում – Սրբալույս Մյուռոնը Հայոց Եկեղեցում օգտագործվում է եկեղեցու հիմնարկեքի, Ս. Սեղանի վեմքարի, սյուների, Մկրտության Ս. Ավազանի, գմբեթի խաչի, պատկերների և եկեղեցական սպասքի օծման ժամանակ:

4. Ջրօրհնեք – Հունվարի 6-ին Ս. Ծննդյան պատարագից հետո կատարվող Աստվածահայտնության արարողության ժամանակ Մյուռոնը կաթեցվում է Հորդանան գետը խորհրդանշող ավազանի մեջ` ի հիշատակ մկրտություն ժամանակ Հորդանանում Հիսուսի վրա Ս. Հոգու էջքի: