Տեղեկանքներ

Տնօրհնեքի արարողություն

OLYMPUS DIGITAL CAMERAԸստ սուրբ Գրիգոր Տաթևացու՝ տնօրհնեքի արարողության հաստատողը Ինքը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսն է: Ավետարանի վկայությամբ Սուրբ Զատկի երեկոյան հարուցյալ Քրիստոս փակ դռների միջով մտավ Վերնատուն, ուր հավաքվել էին աշակերտները, և օրհնեց նրանց (Հովհ. Ի 19-20):

Տնօրհնեքի արարողությունը հայտնի է դեռևս առաքելական շրջանից: Առաքյալները, հետևելով Քրիստոսի օրինակին, Փրկչի Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին շրջում էին քրիստոնյաների տները և ավետում Աստվածհայտնության և Հարության բարի լուրերը: Այսպես էլ նրանց հետևորդները՝ քահանաները, քրիստոնեական այս երկու մեծագույն տոներին՝ Սուրբ Ծննդյան ութօրյակին և Սուրբ Հարությունից մինչև Հոգեգալուստ, այցելում են իրենց համայնքի հավատացյալ զավակների տները և Ավետիսը բերելով օջախից ներս՝ օրհնում նրանց և նրանց բնակարանները: Կատարելով տնօրհնեքի կարգը՝ Եկեղեցու սպասավորներն իրենց հայրական խոսքով մխիթարում, խրատում ու հոգևոր ուրախություն են պատճառում Եկեղեցու հավատացյալ զավակներին:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հաստատել է տնօրհնեքի արարողության երեք կարգ. Սուրբ Ծննդյան, Սուրբ Հարության և նորակառույց բնակարանի օրհնության:

ՏՆՕՐՀՆԵՔԻ ԿԱՐԳԸ

Սուրբ Ծննդյան տնօրհնեքի ժամանակ քահանան, տուն մտնելով, տալիս է ծննդյան ավետիսը, երգում սուրբ Մովսես Խորենացու՝ այդ օրվան նվիրված «Խորհուրդ մեծ և սքանչելի» շարականը և Ղուկասի Ավետարանից ընթերցում ծննդյան  հատվածը. «Այդ շրջանում բացօթյա բնակվող հովիվներ կային, որոնք իրենց հոտերի գիշերային պահպանությունն էին անում: Եվ  Տիրոջ հրեշտակը երևաց նրանց, Տիրոջ փառքը ծագեց նրանց շուրջը, ու նրանք սաստիկ վախեցան: Եվ հրեշտակը ասաց նրանց. «Մի՛ վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որը ամբողջ ժողովրդինը կլինի, որովհետև այսօր Դավթի քաղաքում ձեզ համար ծնվեց մի Փրկիչ, որ օծյալ Տերն է…» (Ղուկ. 2, 8-20):

Սուրբ Ծննդյան բարի լուրը բերելով՝ քահանան Սուրբ Ավետարանով և խաչով օրհնում է ընտանիքի անդամներին, տան բարիքները՝ հացը, աղը (որպես խաղաղության, մաքրության և բարեպաշտ կյանքի խորհրդանիշ) և ջուրը (որպես մկրտության խորհրդանիշ) այնպես, ինչպես Քրիստոս աշխարհ գալով օրհնեց ջուրը, երկիրը և նրա պտուղները, որոնք նախկինում անեծքի տակ էին Ադամի պատճառով: Ապա քահանան օրհնված ջուրը խաչաձև ցողում է տան պատերին, խնկարկում տունը և օջախի անդամների համար պահպանություն հայցում Ամենակալից:

Այս ամենով Նա, Ում երկինքն ու երկիրը չեն կարողանում պարփակել, սքանչելի խորհրդով մտնում է մեր տուն, ինչպես Բեթղեհեմի այր էր մտել: Ամենակալ Տերը, մտնելով մեր տուն, սրբում և օրհնում է այն, ինչպես Իր ծննդյամբ սրբեց այրը: Եվ ինչպես ծննդյան գիշերը հովիվները, հրեշտակից ավետիս ստանալով, մտան այն այրը, ուր ծնվեց Քրիստոս, այնպես էլ Եկեղեցու հովիվները մտնում են մեր տները՝ իրենց հետ բերելով Աստծու օրհնությունները:

Սուրբ Հարության տոնին քահանան տնօրհնեքի արարողության ժամանակ երգում է Ներսես Լամբրոնացու «Այսօր յարեաւ ի մեռելոց» զատկական շարականը, ապա Մատթեոսի Ավետարանից ընթերցում հետևյալ հատվածը. «Իսկ տասնմեկ աշակերտները գնացին Գալիլիա, այն լեռը, ուր Հիսուս իրենց հետ ժամադրվել էր: Երբ Նրան տեսան, երկրպագեցին Նրան, իսկ ոմանք երկմտեցին: Եվ Հիսուս մոտենալով խոսեց նրանց հետ և ասաց. «Ինձ է տրված ամեն իշխանություն երկնքում և երկրի վրա. ինչպես Հայրը Ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում: Գնացե՛ք, ուրեմն, աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՛ք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով: Ուսուցանեցե՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատվիրեցի: Եվ ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. 28, 16-20):

Այնուհետև քահանան օրհնում է աղը, ջուրը, հացը և օրհնված ջրով խաչաձև ցողում է տան պատերն ու դրանով օրհնում օջախը:

Նորակառույց բնակարանի տնօրհնեքի արարողությանը քահանան երգում է սուրբ Սահակ Պարթևի հոգեգալստյան «Այսօր երկնայինքն ուրախանան» շարականը, Ղուկասի Ավետարանից ընթերցում «Հիսուս և Զակքեոս մաքսապետը» հատվածը (19, 1-10), արտասանում «Տէ՛ր Աստուած ամենակալ» աղոթքը և ինչպես Սուրբ Ծննդյան և Հարության տնօրհնեքի ժամանակ էր կատարվում, խնկարկում է նորակերտ բնակարանը և օրհնված ջրով խաչաձև ցողում տան չորս կողմը:

Տնօրհնեք է կատարվում նաև, երբ ընտանիքի անդամներից մեկի անխոհեմ և քրիստոնյային անվայել կյանք վարելու և կամ այլ պատճառով խախտվում է տան խաղաղությունը:

Տնօրհնեքի կատարման նպատակն ու իմաստը լավագույնս երևում է բնակարանամուտի ժամանակ ընթերցվող ավետարանական հատվածից, ուր ասվում է. «Այսօր այս տան համար փրկություն եղավ …, որովհետև Մարդու Որդին եկավ փնտրելու և փրկելու կորածին» (Ղուկ. 19, 9-10):

Այսպիսով, Հիսուս Քրիստոսի փրկաբեր այցելությամբ մեր տունը Սուրբ Ծննդյան տնօրհնեքով խորհրդավոր կերպով վերածվում է Բեթղեհեմյան այրի, Սուրբ Հարության տնօրհնեքով՝ Վերնատան, և նորակառույց տան օրհնությամբ՝ փրկության արժանացած Զակքեոսի տան, ուր մտավ Տերը:

«Եթե Տերը տունը չշինի, իզուր են չարչարվում այն շինողները, եթե Տերը քաղաքը չպահպանի, իզուր են հսկում պահապանները նրա» (Սաղմոս 126, 1):

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի քարոզչական կենտրոն