Սոցիալական ծառայություն

Գուգարաց թեմի «Ծիծեռնակ» ճամբարը լցվեց մանուկների խինդ ու ծիծաղով

Ընդ հովանեավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, արդեն 17 տարի է Գուգարաց թեմում գործում է «Ծիծեռնակ» ամառային մանկապատանեկան ճամբարը, որն ամեն տարի իր գիրկն է ընդունում թվով 1500 կարոտյալ մանուկների:

«Ծիծեռնակ» ճամբարը այս տարի հուլիսից իր դռները բացեց հայ մանուկների առջև: Առաջին հերթափոխին ճամբարում հանգստացան 140 երեխաներ՝ մայրաքաղաք Երևանից և Ալավերդի, Մեծամոր, Նոյեմբերյան, Իջևան քաղաքներից:

Հուլիսի 19-ին հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի` մեծ շուքով տեղի ունեցավ ճամբարի երկրորդ հերթափոխի բացման արարողությունը: Ճամբարի երկրորդ հերթափոխի ճամբարականներին՝    թվով 200 երեխաներ և 22 ջոկատավարներ, հավաքագրել էր «Վորլդ Վիժն Հայաստան»-ը Լոռու մարզի Ստեփանավանի, Թումանյանի, Գուգարքի տարածաշրջանների տասնյակ գյուղական համայնքներից:

Բացման արարողությանը ներկա էին Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Ստեփանավանի, Գուգարքի, Թումանյանի տարածաշրջանների քահանա հայրեր, «Վորլդ Վիժն Հայաստան»-ի ներկայացուցիչներ, ջոկատավարներ, ճամբարականներ և հյուրեր:

Թեմակալ առաջնորդը իր օրհնության խոսքը բերեց ներկաներին` ի մասնավորի երախտագիտության և շնորհակալական խոսք ուղղելով ճամբարի այս հերթափոխի հովանավոր Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության ղեկավարներին:

Տարիներ շարունակ ճամբարի գլխավոր գործընկեր Վորլդ Վիժն Հայաստանը մեծ թվով մանուկներ է բերում ճամբար, որտեղ և վերջիններիս կազդուրման և հոգևոր դաստիարակության համար կազմվում է ճամբարային առօրյան… Եվ այս ամենն ի նպաստ հայ մատաղ սերնդի:

Ճամբարականները հանդիսավոր տողանով` «Վարդանանց հետնորդներ» փողային նվագախմբի նվագակցությամբ ազդարարեցին ճամբարային միջոցառման բացումը: Գեղարվեստական հայտագրերով, երգ-երաժշտությամբ, ասմունքով և տարբեր գեղարվեստական համարներով հանդես եկան ճամբարականներ, ովքեր ցուցադրեցին իրենց ունակություններն ու շնորհքը: «Ծիծեռնակ»-ի առօրյան գունավորվեց նաև Վանաձորի «Փայլող Աստղեր» համույթի կատարումներով:

Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ այս տարի ևս ճամբարում յոթօրյա ամառային հանգիստ կանցկացնեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գտնվող Էջմիածնի, Աշտարակի և Երևանի չորս հայորդյաց տների, ՔԴԿ-ի ենթակայությամբ գործող Էօրնեկեան հանրակրթական դպրոցի, Երևանի Գևորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցի և Գյումրու «Թռչունյան տուն» հաստատության թվով 160 սաներ:

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես ճամբարն իր գիրկը կառնի 1500 և ավելի երեխա, ովքեր կօգտվեն ճամբարի ընձեռած բարիքներից և հոգատար մանկավարժների խնամքից:  Ճամբարային ծրագիրը հագեցած է. տարբեր խաղեր և առաջնություններ` շաշկի, շախմատ, ֆուտբոլ, թենիս, լող մարզաձևերից, երեխաների հայեցի դաստիարակությանը միտված դասընթացներ` հայոց պատմության ու եկեղեցու պատմության թեմաներով, հայկական ֆիլմեր, մուլտֆիլմեր, հայկական ժողովրդական պարերի դասընթացներ. այս ամենը առավոտյան և երեկոյան տողանների, թեմապատկան «Վարդանանց հետնորդներ» փողային նվագախմբի կատարումների, իսկ վերջում` հրաժեշտի խարույկի ուղեկցմամբ: Ճամբարականները հոգևոր բարձր գիտակցությամբ և սիրով մասնակցում են նաև ճամբարի Սրբոց Մանկանց մատուռում մատուցվող Սուրբ Պատարագին, իսկ չմկրտվածները` ծնողների համաձայնությամբ մկրտությամբ որդեգրվում են Հայ Առաքելական եկեղեցուն:

Դիվան Գուգարաց թեմի

Place for supporters
& advertisement