Սոցիալական ծառայություն

«Զինծառայողների հոգևոր և հոգեբանական կայունության ապահովումը» թեմայով երկօրյա սեմինար Ծաղկաձորում

Սույն թվականի մայիսի 3-5-ը Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, նախաձեռնությամբ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպս. Աբրահամյանի և ԵՀԽ Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական կլոր սեղան հիմնադրամի օժանդակությամբ Ծաղկաձորում ՀՀ ԶՈՒ գնդերեցների և սպա-հոգեբանների մասնակցությամբ տեղի ունեցավ եռօրյա համատեղ կոնֆերանս` նվիրված «Զինծառայողների հոգևոր և հոգեբանական կայունության ապահովմանը»: Կոնֆերանսը բացվել է ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպս. Աբրահամյանի օրհնության խոսքով և աղոթքով:

Ողջույնի խոսքով է հանդես եկել ԱՀՏԱ վարչության զորքերի հոգեբանական ապահովման բաժանմունքի պետ Սամվել Բարոյանը:
Ժողովականներին իր գնդերեցի փորձառությունն է փոխանցել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան, Եպիսկոպոսաց ժողովի գրասենյակի տնօրեն և երկար տարիներ ՀՀ Զինված ուժերում սպասավորություն իրականացրած Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը` «Հավատքի և աղոթքի նշանակությունը վախի հաղթահարման գործում» թեմայով բանախոսությամբ:

Իր թեմում հյուրընկալած Կոտայքի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի օրհնությամբ բացվեց միասնական Հանդիսավոր սիրո ճաշը, որին ներկա էր նար ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Այնուհետև կոնֆերանսին մասնակցել և հայ սպային ու գնդերեցին իր խոսքն է հղել ՀՀ Պաշտպանության նախարան Վիգեն Սարգսյանը` ընդգծելով, որ ՀՀ զինված ուժերը աշխարհի բազմաթիվ այլ բանակներից տարբերող, դրանց հանդեպ առավելություն հաղորդող գործոնը հայ ժողովրդի արժեհամակարգի, հավատքի և հաղթանակների վրա կառուցված ամուր գաղափարական հենքն է: Շնորհակալություն հայտնելով զինված ուժերի հոգևոր սպասավորներին, հոգեբաններին և հրամանատարների ԱՀՏԱ գծով տեղակալներին ամենօրյա անդուլ ծառայության համար՝ Վիգեն Սարգսյանը բարձր է գնահատել նրանց դերը զինծառայողների շրջանում աշխարհայացքի խեղումները կանխարգելելու, դրանք ժամանակին «ախտորոշելու» և «ապաքինելու» գործում:
Կոնֆերանսին բանախոսություններով հանդես եկան ինչպես վաստակաշատ հոգեբաններ Մարինե Սահակյանը («Զինծառայողների սթրեսի հոգեբանական առանձնահատկությունները»), Խաչատուր Գասպարյանը («Հոգետրավման. խնդիրները»), Հակոբ Թադևոսյանը («Մարտական հերթապահության և պահակային ծառայության մեջ ներգրավված անձնակազմի հոգեբանական ապահովման մեխանիզմները»), այնպես էլ ՀՀ ԶՈՒ սպա-հոգեբաններ Պավել Ճաղարյանը («Մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների վախի և տագնապայնության հաղթահարման ուղիները. գործնական կիրառման օրինակներ»), Կամո Վարդանյանը («Պատերազմական գործողությունների և մարտական հերթափոխի ընթացքում զինծառայողների հոգեբանական տրավմաների և նրանց հետևանքների առանձնահատկությունները»):

Ժողովականներին իր Խոսքն է ուղղել ՀՀ Պաշտպանության նախարարի խորհրդական Բաբկեն Վարդանյանը աներեր հավատքը համարելով հայ ազգի և հայ մարդու զորացման գլխավոր գրավական:

Բացի բանախոսություններից ժողվականներն ունեցան նաև գործնական աշխատանքով ստացած գիտելիքներն ամրապնդելու հնարավորություն:
Կոնֆերանսը միտված է միասնաբար տարբեր խնդիրներ հաղթահարելով առավել աննկուն բանակ կառուցելու, հայ սպային ու զինվորին նոր գիտելիքներ ու փորձառություն փոխանցելով ավելի հավատավոր և ամուր ասպետ դարձնելու, ինչպես նաև ազտ ժամանցի ու հանգստի միջոցով նրանց նույն գաղափարի ու հավատի շուրջ համախմբելով դարձնելու միասնական և ուժեղ:

Եռօրյա հանդիպումն ավարտվեց Կեչառիսի վանական համալիրում:

Թեմի առաջնորդ Առաքել Սրբազանն իր հորդորն ու մաղթանքը հղեց Հայ սպային ու գնդերեցին առավել նվիրյալ ու ջանադրորեն կատարելու յուրաքանչյուրն իր առաքելությունը ի փառս Աստծո և ի հզորություն հայրենի երկրի:

Առաջնորդ Սրբազան Հոր հանդիսապետությամբ միասնական աղոթքից ու ժամերությունից հետո յուրաքանչյուրը վերադարձավ իր զորամաս առավել իմաստնացած ու նվիրվածորեն շարունակելու իր սրբազան առաքելությունը հայրենի երկրի և հայ զինվորի հանդեպ:

ՀՀ ԶՈՒ ԳՆԴԵՐԵՑ
Նարեկ սարկավագ Պետրոսյան

 

 

 

 

 

 

Place for supporters
& advertisement